«Մի հատ ստուգենք, տեսնենք՝ պուլսն աշխատո՞ւմ է, եթե աշխատում է՝ պիտի սպանենք, մորթենք»,- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողների խոսքերն են, որոնք այսօր դատարանում ներկայացրեց հարցաքննվող, դեպքի վկա Հարություն Մնացականյանը։
Հարություն Մնացականյանը պետական պահպանության ծառայության աշխատակից է, այժմ ԱԺ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալն է։ Միրզոյանի նկատմամբ բռնության օրը Մնացականյանն աշխատել է ԱԺ նախագահի անվտանգության ապահովման բաժնում։
Այսօր դատարանում Մնացականյանը պատմեց, որ դեպքի օրը, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, իրենք այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կառավարությունից ուղեկցում էին դեպի ԱԺ, գիշերը ժամը 2-ի կողմերը օպերատիվ տվյալներ են ստացել, որ ցուցարարները կառավարության շենքից շարժվում են դեպի ԱԺ եւ կառավարական ամառանոցներ։
Կարդացեք նաև
«Մենք ԱԺ նախագահին տեղեկացրինք, որ այդտեղից պետք է շտապ հեռանալ։ Հեռանալու ժամանակ Միրզոյանը չէր կարողանում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, որոնք գտնվում էին ամառանոցում։ Հանձնարարություն ստացանք շարժվել դեպի ամառանոց, որպեսզի վերցնենք ընտանիքի անդամներին կամ հասնենք, տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մենք շարժվեցինք դեպի ամառանոց, Պռոշյան-Դեմիրճյան հատվածը չորս կողմից փակ էր լիքը մեքենաների պատճառով։ Փորձեցինք հետադարձ կատարել, դուրս գալ այդտեղից, այլ ճանապարհ գտնել։ Չհաջողվեց։ Հանձնարարություն ստացանք, մեքենաներից իջանք, ապահովեցինք դրսից ԱԺ նախագահի մեքենայի անվտանգությունը, ցուցարարները գնում-գալիս էին, ժողովրդի կողմից հնչեց՝ Արարատ Միրզոյանի մեքենան է, բոլորը կենտրոնացան մեր վրա։ Գնում-գալիս էին, ասում՝ բացեք մեքենան, համոզվենք՝ մեջն է, թե ոչ։ Մենք ասում էինք՝ նման բան չկա, փորձում էինք համոզել, բայց ցուցարարները պնդում էին, ասում էին՝ բացեք, եթե մեջը չի՝ կթողնենք, կգնաք։ Հետո իրենք հասկացան, որ մեջն է, մենք էլ փորձում էինք համոզել, որ մեջը չէ, ասում էինք՝ երեխա կա մեջը, կվախենա։ Արդյունք չտվեց, բոլորը սկսեցին հարձակվել մեքենայի վրա, մեքենան քարերով կոտրեցին, հետեւի ապակին, ձախ կողմի ապակիները կոտրեցին ու սկսեցին ներխուժել մեքենայի ներսը»,-պատմեց վկան։
Շարունակելով վկայությունը, Մնացականյանն ասաց, որ այդ ժամանակ հրահանգ ստացան, որ Միրզոյանին պետք է հանել մեքենայից․ «Փորձենք Միրզոյանին էվակուացնել դեպքի վայրից։ Երբ Միրզոյանին իջեցրեցինք, այդ ժամանակ արդեն խառնաշփոթ ստեղծվեց մի ահավոր ձեւի։ Մենք նրան չորս կողմից փակել էինք, որովհետեւ տարբեր կողմերից տարբեր հարվածներ էին հասցնում։ Դեմիրճյան փողոցի մի հատվածը, բոլորի կողմից ծեծ ուտելով հասանք․․․Միրզոյանը մի պահ կտրվեց, որովհետեւ մեզ առանձնացրին Միրզոյանից, այդ ժամանակ իրեն հարվածներ հասցրեցին, որի ժամանակ իր մոտ աչքը վնասվել էր, ձեռքը կոտրվել, հետո նորից գրկեցինք՝ մի ձեւ փակելով։ Փողոցի վերջնամասում «Լեքսուս» մեքենա կար կանգնած, մենք անմիջապես մտցրեցինք նրան այդ մեքենան, բայց վառելիքը վերջացել էր, տեղյակ չէինք, փորձեցինք քշել, դուրս բերել։ «Խոդ» տվեցինք, մեր խմբի ղեկավար Արմեն Վարդանյանը նստեց մեքենան, մենք նորից դրսից փորձում էինք մեքենան պահել, որ չմտնեն, մեքենան «խոդ» չէր ընկնում։ Ժողովրդի մեջ մարդիկ կային, մեզ օգնում էին, մեքենան բրդելով բարձրացրեցինք դեպի ԱԺ, ավտոտնտեսության կողմի դարպասից մտցրեցինք ներս, հուսով, որ էդտեղ չեն մտնի, բայց մտավ ժողովուրդը, այնտեղ էլ էլի խփում էին։ Փորձում էինք ամեն ձեւ պահել, մեզ էլ էին հարվածներ հասցնում»։
Հետո, ինչպես պատմեց վկան, մեքենան հրելով ԱԺ-ից դուրս են հանել դեպի Բաղրամյան փողոց, ու դեպի աջ մեքենան, ինքնահոսի, վկայի խոսքով՝ «խալաստոյ» սլացավ ներքեւ։ Ապա Արարատ Միրզոյանին մեքենայից հանել են, նստեցրել պետավտոտեսչության մեքենան ու տեղափոխել հիվանդանոց։
Վկան ասաց, որ Միրզոյանի՝ ծառայողական մեքենայից իջնելն ու «Լեքսուս» տեղափոխվելը տեւել է մոտ քսան րոպե։ Դատախազը հարց ուղղեց՝ ովքեր պահանջում էին, որ Միրզոյանն իջնի մեքենայից, ովքեր բռնություն են գործադրել, հավաքվածների գործողությունների նպատակը ո՞րն էր։
Ի պատասխան հարցի վկան ասաց․ «Մոտիկ գտնվող բոլորն էլ ասում էին՝ ստուգենք, տեսնենք՝ «պուլսն» աշխատո՞ւմ է, եթե աշխատում է պիտի սպանենք, մորթենք։ Դա մենք թույլ չէինք տալիս։ Մենք համոզված էինք, որ Միրզոյանը ողջ է, ասում էինք՝ չէ, ողջ չի, ուղղակի թողեք՝ տանենք հիվանդանոց։ Մեկը համոզվում էր, մյուսը՝ չէ, փորձում էր նորից ներխուժել մեքենա, որ ստուգի՝ շնչո՞ւմ է, թե՝ ոչ»։
Դատախազի ճշտող հարցին՝ ձեր պատասխանից ընկալեցի, որ Միրզոյանին բռնության ենթարկած անձանց նպատակը սպանելն էր, վկա Մնացականյանը պատասխանեց՝ կոչերն այդպես էին։
Վկան ասաց, որ բռնություն գործադրած, դեպքի մասնակից անձինք դիմակներով էին, քանի որ քովիդի ժամանակաշրջանն էր․ «Թրաշով էին, «կապիշոնով», դիմակով, մութ էր, նման բաներն են տպավորվել»։ Նա ասաց, որ որեւէ մեկի դեմքը չի տպավորվել այնպես, որ եթե տեսնի՝ կճանաչի։
Վկան, դատախազի հարցին՝ Միրզոյանը բռնության ժամանակ միշտ կանգնա՞ծ է եղել, պատասխանեց՝ չեմ կարող ասել, կարող է՝ սկզբի մասում գիտակից էր, բայց երբ գետնի վրա էր, հագուստը պատռված, աչքի տակ արդեն հետքերն երեւում էին, մենք էլի փակել էինք իրեն, գրկած՝ մեկը գլուխը, մեկը՝ ոտքի մասից, տարել ենք մյուս մեքենայի մեջ, Միրզոյանի մոտ շարժումներ չկային։
Վկան ասաց, որ հարվածում էին ե՛ւ ձեռքով, ե՛ւ ոտքով։
Մնացականյանն ասաց, որ հարվածներն ուժգին էին․ «Արմեն Մխիթարյանին նույնիսկ բիտայով են խփել, ուշքը գնացել էր»։
Մեղադրյալի պաշտպանը մեկ այլ հարց ուղղեց՝ ասում եք, որ Միրզոյանի կյանքին իրական վտանգ է սպառնացել, դուք ի՞նչ եք փորձել անել, բացի այն, որ ասել եք՝ մի հարվածեք, փորձել եք մարմնով փակել, ի՞նչ գործողություններ եք կատարել կանխելու համար։
«Երբ այդքան մարդ կար, հազարից ավելի, շատ-շատ էին, մենք ի՞նչ կարող էինք անել, երբ այդքան ժողովուրդ հարձակվում է, տարբեր կողմերից քաշում է, հանում է․․․»,-պատասխանեց վկան։
Պաշտպանը շարունակեց՝ ասացիք, որ ձեր ուղղակի պարտականությունն է ապահովել անվտանգությունն, ընդհուպ՝ ձեր կյանքի գնով, հիմա լրիվ ուրիշ բան եք ասում։ Դատախազը առարկեց, պնդեց, որ պաշտպանի հարցը բռնության վերաբերյալ քրեական գործին չի վերաբերում, եւ այս քրգործը վկայի պարտականությունները պատշաճ կատարելու կամ չկատարելուն չի վերաբերում։
Դատավորը հարցը վերաձեւակերպեց՝ բացի այն, որ փորձել եք ձեռքերով հեռացնել, պաշտպանել, օրենքով նախատեսված ունեի՞ք պարտականություն հատուկ միջոցներ կիրառելու նման դեպքերի համար, եթե ունեիք, ինչո՞ւ չեք կիրառել։
Վկան պատասխանեց, որ զենք ունեին, սակայն հրահանգ էինք ստացել այն չկիրառել․ «Մենք ունեինք հրահանգ, որ եթե այդ պահին ակնհայտ տեսնենք զենք, այդ դեպքում նոր պիտի մենք էլ զենք կիրառեինք»։
Հարցին՝ կարո՞ղ էիք օդ կրակել, վկան ասաց, որ եթե կար հրահանգ զենք չկիրառել, ապա օդ էլ կրակել չէր կարելի․ «Կարող էր զենք օգտագործելն ավելի վատ բանի բերեր»։
Ապա պաշտպանը հարցրեց՝ այս գործի հետ կապված որեւէ մեկը երբեւէ ձեզ կամ ձեր գործընկերներին դիմե՞լ է, որ ինչ-որ ձեւով ցուցմունքը փոխի։
Վկան ասաց, որ նման բան չի եղել․«Եթե ինձ է վերաբերում, ոչ, չի եղել, չեմ կարող ասել կոլեգաներիս մասով, բայց համոզված եմ, որ նման բան չի կարող լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ