«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։
Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը», – հայտնում է ՄԻՊ-ը:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆբ-էջում տեսանյութ է հրապարակել, նշելով «Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները: Մանրամասները հաջորդիվ»:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։
Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»։