Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ, երբ Հայաստանը ներկայացրեց իր դիմումը, բանակցություններն ակնհայտորեն անօգուտ էին դարձել»․ Կոնստանտինոս Սալոնիդիսը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ապրիլ 19,2024 15:38

Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ ՀՀ շահերի պաշտպան Կոնստանտինոս Սալոնիդիսը կենտրոնացավ ադրբեջանական կողմի այն առարկությունների վրա, որոնք կապված են բանակցային նախապայմանը չկատարելու հետ։ Ադրբեջանը 3 փաստարկ է ներկայացնում՝ հիմնավորելու, որ կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել, երկրորդ, թե իբրև Հայաստանը երբեք իրական և անկեղծ փորձ չի արել բանակցելու, և երրորդ, որպես այլընտրանք՝ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հնարավորինս ջանքեր չի գործադրել այդ բանակցություններում:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը (Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ) հայտարարել էր․ ««Հայաստանի գանգատը պետք է մերժվի ամբողջությամբ՝ Հայաստանի կողմից 3-րդ հոդվածի 22-րդ կետով նախատեսված բանակցային նախապայմանը չկատարելու հիմքով»։

Կոնստանտինոս Սալոնիդիսը, հիշեցնելով, որ Ադրբեջանը հղում է կատարում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործին, թե իբր ըստ այդ նախադեպի՝ բանակցությունների առարկան, թեման պետք է վերաբերի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) շրջանակներում երկու կողմերի ստանձնած պարտավորություններին, պնդեց, որ սա այն չէ, ինչ նշել է դատարանը։ Տեսասահիկով ցույց տալով սղագրությունների տարբերությունը, Կոնստանտինոս Սալոնիդիսը վստահեցրեց՝ դա դատարանի որոշման՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունն է, քանի որ դատարանի որոշման մեջ նշված չէ, որ CERD-ի շրջանակում պարտավորությունները կարող են լինել բանակցությունների առաջին տեղում և վստահեցրեց՝ ադրբեջանական կողմի առարկությունները հեռու են փաստերից։

Հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբանը վստահեցրեց՝ բանակցություններն ընթացել են՝ նպատակ ունենալով լուծել վեճը Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների շրջանակում։ Անդրադառնալով համատեքստին՝ Կոնստանտինոս Սալոնիդիսն ասաց՝ երկու կողմերի՝ միմյանց նկատմամբ անվստահությունը թույլ չէր տալիս ուղիղ բանակցություններ վարել և իրավիճակը ցույց տվեց, որ չկա բանակցված լուծման տարբերակ։ Սա նաև հիմնավորվում էր նրանով, որ Ադրբեջանը վեճը փորձում էր սրել և դուրս գալ բանակցությունների շրջանակից։

Եզրափակելով՝ փաստաբանն ասաց․ «Այն ժամանակ, երբ Հայաստանը ներկայացրեց իր դիմումը, բանակցություններն ակնհայտորեն անօգուտ էին դարձել»։ Նա պնդեց՝ բանակցությունների նախապայմանը բավարարված է եղել, ուստի Ադրբեջանի առարկությունը պետք է մերժվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930