Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
«Էներգոիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն
Կառավարության որոշմամբ լուծարվում է «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիվ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայացքից:
«Էներգոիմպեքսը» պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016 թ.-ին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական «Էլեկտարէներգիա գազի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:
Իրականում «Էներգոիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝
1.Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ «էներգետիկ երկխոսության» զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:
Կարդացեք նաև
2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Էներգոիմպեքսի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ 1997 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում) Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:
3. «Էներգոիմպեքսի» լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևավորմանը զուգահեռ: Ընկերությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:
4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանության մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարությունը ցույց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը: