Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով

Ապրիլ 19,2024 13:16

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։ Այն ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում:

Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարուխանյանը, տաղավարի հովանավորներ «Գաֆէսճեան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և «Ֆաստեքս» կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Տաղավարի հանձնակատարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը  կարևորել է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը. «Այս հարթակը Եվրոպայի մշակութային զարկերակներից մեկն է, որտեղ մշտապես ներկայացվում են հետաքրքիր նախագծեր։ Արվեստագետ Նինա Խեմչյանի աշխատանքը ոչ միայն հոգևորի, այլև տիեզերականի, մարդկային էության և աշխարհի ընկալման մասին է։ Նինա Խեմչյանը մեզ հրավիրում է մտածելու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ»։

Դանիել Դանիելյանը նաև ընդգծել է, որ այս հեղինակավոր հարթակում պետությանը ներկայացնելը յուրաքանչյուր արվեստագետի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։

«Հաջողությունը կարող է խթանել մեր բազմաթիվ երիտասարդների՝ հետագայում մշակութային բարձր հարթակներում ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից է նաև բիենալեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու արվեստագետների նորարար գաղափարներին։

Հայաստանի տաղավարի բացմանը հնչել են Մեսրոպ Մաշտոցի շարականները՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։

Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում՝ կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։

Բազմամարդ տաղավարում նախագծի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել են նախագծի համադրող Արմեն Եսայանցը և արվեստագետ Նինա Խեմչյանը։

Հայաստանի տաղավարի գործունեության ընթացքում անցկացվելու են նաև կրթական ծրագրեր ու տարաբնույթ հանդիպումներ։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930