Լրահոս
Օրվա լրահոսը

Ժխտողականությունը քրեորեն պատժելի արարք է և շարունակությունը ցեղասպանության. դատախազության պարտականությունն է նման մարդկանց պատասխանատվության ենթարկելը, անկախ նրանց պաշտոնից. «Ազգ»

Ապրիլ 19,2024 11:39

Դեռեւս 1919 թ.ից, երբ Կ. Պոլսում թուրքական ռազմական դատարանը (տրիբունալ) արդեն պաշտոնապես համապատասխան վճիռներով մահապատիժ, երկարատեւ բանտարկություն եւ այլ պատիժներ սահմանեց երիտթուրքերի պարագլուխների դեմ, մինչ այդ Հայոց եղեռնի մասին միայն աղոտ տեղեկություն ունեցող շրջանակներն անգամ իմացան, որ արեւմտահայությանը ցեղասպանելու, հայրենազրկելու, ունեզրկելու, իսլամացնելու քաղաքականությունը պետականորեն նախածրագրված ու գործադրված է եղել Թուրքիայի իշխանությունների կողմից: Դատական վճիռ, որը, ուշադրություն, ցարդ որեւէ դատարանի կողմից չի՛ բողոքարկվել, չի բեկանվել…

Եվ եթե այն ժամանակ, շուրջ մեկ դար առաջ, նաեւ Մ. Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերից, այնուհետեւ Յոհաննես Լեփսիուսի տեղեկագրից, եվրոպական եւ ամերիկյան մամուլից շատ շատերը հասկացան ողջ իրականությունը, ապա այսօր, շուրջ 105 տարի անց, այն էլ Հայաստանում, նույնիսկ պետական տարբեր մարմիններում եւ անգամ Ազգային ժողովում բուսնել են մարդիկ, որոնք Ցեղասպանության փաստը վավերական համարելու համար ապացույց են ուզում, զոհերի անուն-ազգանուններ, վիճարկում են ցեղասպանվածների թիվն ու քանակը:

Աներեւակայելի է պարզապես: Նույնիսկ թուրք ամենաթունդ ժխտողականը պիտի չհամարձակվեր նման «ապացույցներ» պահանջել: Պիտի չպահանջեր բնորոշել՝ տեղի ունեցածը կոտորա՞ծ էր, եղե՞ռն, թե՞ ցեղասպանություն, երբ դրա բնորոշումը, որպես «տիպական ցեղասպանություն», տվել է Ռաֆայել Լեմկինը 1944 թ.ին հրատարակած Axis Rule in Occupied Europe գրքում եւ 1948-ին՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված իր հայտնի օրինագծում:

Հայոց ցեղասպանության պատմությունը, ճանաչումը եւ, նույնիսկ, ժխտման, մերժման եւ ուրացումի ակտերը ոչ թե եւ ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային պատմության ուսումնասիրման խնդիր են անկախ մեր կամքից: Բայց քանի որ ժխտողականությունը (negationism), լեմկինյան բացատրությամբ, քրեորեն պատժելի արարք է եւ ուղիղ շարունակությունը ցեղասպանության արարքի, այն ոչ միայն պարսավանքի, այլեւ դատական հետապնդումի պետք է ենթարկվի առաջին հերթին մեր կողմից, հայանուն «մեր» մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվում են հակադրվել միաժամանակ ե՛ւ միջազգային օրենքին, ե՛ւ մեր Անկախության հռչակագրին ու Սահմանադրությանը:

ՀՀ դատախազության պարտականությունն է նման մարդկանց պատասխանատվության ենթարկելը, անկախ նրանց հանգամանքից, զբաղեցրած պաշտոնից եւ աթոռից:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930