Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներից տրանզիտի մասով եկամուտ ստանալը եկեք մոռանանք, եկամուտները չեն գերազանցում վնասը, որն ունենում ենք». Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»

Ապրիլ 19,2024 10:59

Հիմա Փաշինյանը վերահաս պատերազմով ուղիղ չի վախեցնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նա ահաբեկելու փոխարեն ընտրել է Ադրբեջանի հետ «քիրվայության» խոստումներով ու նյութական շահագրգռությամբ գյուղացիներին մոլորեցնելու ճանապարհը։

Կիրանցում փորձում էր Ադրբեջանի հետ առեւտրի հեռանկարով գայթակղել իր ծրագրի դեմ ըմբոստացածներին։

Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք մեկնաբանել՝ իսկապե՞ս տավուշցիներն Ադրբեջանի հետ հնարավոր առեւտրի տնտեսական էֆեկտն զգալու են, եթե մի պահ պայմանական ընդունենք, որ Ադրբեջանն իսկապես կանգնելու է մի կետում ու դրանից այն կողմ համարելու է Հայաստանի անձեռնմխելի սահմանը։ Նախկին վարչապետը նախ շեշտեց՝ ՀՀ բյուջեում մեքենաների տրանզիտից ստացվող լուրջ ելումուտ գոյություն չունի։ «Հայաստանի Հանրապետությունը մեքենաների տրանզիտի համար հատուկ լուրջ գումար չի վերցնում։ Այլ հարց է, որ եթե վրացական, իրանական կամ եվրոպական մեքենան մտնում է Հայաստան, մեր տարածքում վարորդը քնում է, սնվում է, վառելիք է գնում։ Դա այլ հարց է, բայց մենք այնքան փոքր պետություն ենք, որ դա մեզ եկամուտ չի բերի։ Ադրբեջանցիներից տրանզիտի մասով եկամուտ ստանալը եկեք մոռանանք, բայց չմոռանանք, որ ցանկացած մեքենա, որը երկրի տարածք է մտնում, ճանապարհ է մաշեցնում, ասֆալտն է փչացնում, այսինքն՝ այդ եկամուտները չեն գերազանցում այն վնասը, որը մենք ունենում ենք»,- «Հրապարակ»-ին ասում է Բագրատյանը։ Ինչ վերաբերում է առեւտրին, նախկին վարչապետի խոսքով, գուցե որոշ ծավալով առեւտուր լինի, բայց Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ բացի էներգակիրներից, միմյանց հետ առեւտուր անելու բան էլ չկա։

Իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե առաջնագիծը սահմանով փոխարինելն անվտանգություն է բերելու սահմանամերձ գյուղերի համար, նախկին վարչապետն ուղղակի անհեթեթություն է համարում։ Նախ, այն պատճառով, որ շարունակական զիջումների գնով մենք սահման չենք ստանալու։ «Հիմա զինվորներն են կանգնած, նրանց կոնտինգենտն ավելի մեծ է, քան սահմանապահներինը կարող է լինել։ Սահմանապահ ուժերն ավելի թույլ են, քան առաջնագծում կանգնածները: Բացի այդ, ես չեմ հավատում, որ այդքան զիջումներից հետո մենք սահման ենք ստանալու։ Ի՞նչ սահման, եթե Ոսկեպարի թիկունքում՝ Վանաձորի սարի գլխին կանգնելու է ադրբեջանական թնդանոթներով զինվորը։ Ո՞վ է Հայաստանին թողնելու նորմալ սահման ունենալ»,-հարցնում է Բագրատյանը։

Մարիաննա Ղահրամանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930