Հնարավորությունները բաց թողնել չի կարելի, քանի որ դրանք չեն վերադառնում: Նոր հնարավորություն ստանալու համար ժամանակ է պետք, սպասել է պետք: Վերջիվերջո, եկել ենք մի հանգրվանի, որ կրկին Հարավային Կովկասում, որպես ժողովրդավարության միակ կղզի, դիրքավորվել է Հայաստանը:
Անկախ Հայաստանի կամքից է դա այսպես ստացվել. Վրաստանն իր վերջին ներքին խմորումներով, երբ կրկին դարակից հանել է պուտինյան սիրելի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, մեծ հնարավորություն է ընձեռում մեզ տարածաշրջանում դիրքավորվել եւ ընկալվել որպես միակ ժողովրդավարը: Եվ այս հանգամանքի վրա պետք է կապիտալիզացիա կատարել եւ ձեռնարկել քայլեր՝ առաջ տանելու համար մեր օրակարգը, որը պետք է լինի երկարաժամկետ մակարդակում թուրքական գործոնի չեզոքացումը` Ադրբեջանի եւ Թուրքիայի բզկտումներով:
Իսկ ավելի կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունենում փոքր եւ մեծ տարածաշրջանում եւ ինչպիսի պատուհան են բացում մեզ համար այդ իրադարձությունները: Վրաստանի ներկայիս իշխանությունները մսխում են Սահակաշվիլու կողմից կերտված ժողովրդավարական, Եվրոպային միտված Վրաստանի պատկերից մնացած վերջին գույները, Ադրբեջանն էլ ավելի է մխրճվում ռուսական սապոգի տակ, ԵՄ-ն էլ ավելի է դառնում էներգետիկ անկախ: Մեծ տարածաշրջանում Իրանը ցուցաբերում է բացառիկ կոմպետենտություն, Իսրայելը սկսում է դիրքավորվել, որպես «Վատ տղաների» ակումբի անդամ եւ գտնվում է ցեղասպանված եղածից ցեղասպան դառնալու ռեալ վտանգի առաջ, Ֆրանսիան երկխոսում է Իրանի հետ՝ մեղմելով Արեւմուտք-Իրան հակադրությունը եւ ստեղծելով ռեալ հնարավորություն՝ Ռուսաստանին Կովկասից քշելու դեպքում Իրանի չեզոքության պահպանում, որով իսկ Ֆրանսիան էլ ավելի է ամրացնում իր դիրքերը որպես տարածաշրջանի նորեկ, որն ունի երկարաժամկետ պլաններ: Ֆրանսիայի տարածաշրջանում հայտնվելն ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, որ Արեւմուտքն այլեւս երկարաժամկետ պլաններ եւ նպատակներ չունի Թուրքիայի հետ եւ եկել է թուրքական գործոնի չեզոքացման ժամանակը: Իսկ Իրանը կդրսեւորի այդ չեզոքությունը, քանի որ մահմեդական աշխարհում իր երկու գլխավոր թշնամիներից մեկին, որը նաեւ իր գոյաբանական թշնամին է, կունենա սկուտեղի վրա իրեն մատուցված, իսկ Ռուսաստանի հետ Կասպից ծովով կարող է դեռեւս կապերը պահպանել:
Պատուհանների առումով, պետք է հասկանալ, որ նույն սխալները չպետք է կրկնել: Ցավոք սրտի, առանց Վրաստանի՝ Հայաստանի մուտքը Արեւմուտք անհնար է: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով ներկայիս վրացական տրամադրությունները եւ ներքաղաքական վիճակը, պետք է եվրոպացիների միջոցով սկսել շրջանառել Հայաստան-Վրաստան ժամանակավոր կոնֆեդերացիայի գաղափարը, որը մեզ հնարավորություն կտա շղթայել ներկայիս վրացական իշխանությունների ձեռքերը դեպի Ռուսաստան մերձեցման, ինչպես նաեւ շեղում եվրոպական ուղուց: Վրացիների համար գենետիկ մակարդակում անընդունելի է հայերի հետ ընդհանուր պետություն ունենալը, եւ այդ իսկ պատճառով, եթե վրացիները երկընտրանքի առջեւ կանգնեն, միանշանակ կընտրեն այն, ինչ կապված չէ Հայաստանի հետ ընդհանուր պետություն ունենալու հետ:
Կարդացեք նաև
Երկրորդը, Հայաստանն արդեն իսկ երրորդ մարդասիրական քայլն է արել տարածաշրջանում Թուրքիայի երկրաշարժից հետո ուղարկված մարդասիրական օգնությունից անց, Ուկրաինային մարդասիրական օգնություն ուղարկելով, եւ Եգիպտոսի միջոցով Գազայի տառապյալ ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելով: Հայաստանի այս մարդասիրական դիրքավորումը պետք է շարունակել եւ պետք է Հայաստանի համար ստեղծել մարդասիրական իմիջը:
Իսրայելը լինելով Ադրբեջանի դաշնակից՝ մեր արտաքին քաղաքականության մշտական թիրախներից մեկը պետք է լինի: Իսկ գործելու ժամանակը հիմա է, հենց հիմա, քանի դեռ անգամ ԱՄՆ-ն երես է թեքել Իսրայելից:
Որպես առաջին ցեղասպանված ժողովրդի իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հստակ եւ հրապարակային ուղերձ հղի Իսրայելի վարչապետին, հիշեցնելով, որ ինքը հանդիսանում է հենց այն ժողովրդի վարչապետը, որն առաջինն է ցեղասպանվել, եւ որի մասին հրեաները լավ գիտեն, երբ հիշեցնում են Թուրքիայի նախագահին, որպեսզի վերջինս իրենց դասեր չտա, եւ հիմա այդ նույն վարչապետը դեռեւս խնդրում է եւ չի տալիս որակումներ Գազայում տեղի ունեցող իրադարձություններին, եւ խնդրում է, որպեսզի թույլատրվի Գազայից դեպի Հայաստան էվակուացնել քաղաքացիական բնակչությանը կամ նվազագույնը երեխաներին, կանանց եւ ծերերին, իսկ հակառակ պարագայում առաջին ցեղասպանված ժողովուրդը կմիանա Հարավային Աֆրիկայի Հանրապետության դիմումին ընդդեմ Իսրայելի` ցեղասպանություն կատարելու մեղադրանքի շուրջ:
Անկախ այն հանգամանքից, թե այդ ամենին Նեթանյահուն կհամաձայնվի, թե ոչ, իսկ ամենայն հավանականությամբ՝ չի համաձայնվի, մենք շահեկան դիրքում կգտնվենք: Եթե չհամաձայնվի, ապա Իսրայելի վարկին մենք շոշափելի հարված կհասցնենք, եւ էլ ավելի կմղենք Ադրբեջանի եւ Թուրքիայի գիրկն, ինչը բնականաբար հօգուտ մեզ է, քանի որ այդ դեպքում Արեւմուտքի աջակցությունը շարունակաբար կորցնելու է Իսրայելը, հետեւաբար՝ Ադրբեջանն իր ազդեցությունը: Դրան գումարած, Հայաստանը իր վրա կսկսի չափել միջազգային մակարդակում արդարության մարտիկի դերը` եւ փոքրերի, եւ նվաստացվածների պաշտպանի դերը, ինչն այդքան հաճելի է քաղաքակիրթ աշխարհի համար: Պետք չէ մոռանալ Թեհլերյանի հանճարեղ կոմբինացիան Վիեննայի կոնֆերանսում, որտեղ հենց այն պատճառով, որ Ֆրանսիան դիրքավորվելով, որպես փոքր պետությունների ներկայացուցիչ եւ խոսափող, չնայած պարտված լինելուն, կարողացավ որպես հավասար մասնակցել իրեն հաղթած պետությունների հետ` նստելով նույն սեղանի շուրջը եւ պահպանելով բուն ֆրանսիական տարածքները:
Բացի այդ, այս քայլով Հայաստանն էլ ավելի կուժեղացնի արաբական, ինչպես նաեւ մահմեդական երկրների համակրանքը` էլ ավելի թուլացնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ: Հայաստանը սրանով նաեւ իր վրա կփորձի թարգմանի եւ միջնորդի դերը քրիստոնյա եւ իսլամական աշխարհի միջեւ: Սա բացի այդ, նաեւ ռեվերանս է Իրանի կողմ:
Այս ամենին գումարած, օր առաջ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պաղեստինի հետ` ճանաչելով այն որպես ինքնիշխան պետություն: Գործել է պետք պարոնայք, պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են խիզախները եւ ռիսկի դիմողները:
Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.04.2024