Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ խնդիրներ, հնարավոր լուծումներ եւ Արվեստի հարցերով խորհրդի ստեղծման անհրաժեշտություն

Ապրիլ 19,2024 13:30

Հայաստանի մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության տնտեսական զարգացման խոչընդոտների վերաբերյալ հետազոտության արդյունքները հասանելի են գրքույկով

ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը օրերս գրքույկում ամփոփված ներկայացրեց Հայաստանի մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության տնտեսական զարգացման խոչընդոտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները: «Կատապուլտ» ծրագրի թիմը նախ անդրադարձավ «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով կարիքների գնահատման եւ տնտեսագիտական վերլուծության զեկույցին, ապա քննարկումը կայացավ հարց-պատասխան ձեւաչափով: Զեկույցը Հայաստանի մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտ» ծրագրի առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման եւ միջոցառումների պատասխանատու Շողակաթ Մլքե-Գալստյանը նախ հիշեցրեց, թե  որն է «Կատապուլտի» առաքելությունը, ապա ներկայացրեց թիմի անդամներին: «Այստեղ նստած է այն թիմը, որը շարժում է «Կատապուլտը»: Ուզում եմ նշել, թե յուրաքանչյուրիս համար որքան կարեւոր էր այս հետազոտությունը, քանի որ ստեղծել ենք մի հեշտ ընթեռնելի գործիք, որն այսօրվանից կլինի ձեր աշխատաքային սեղանի գիրքը»,-ասաց նա:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանի խոսքով, հետազոտությունը  հետապնդում է երկու նպատակ՝  1-ին. իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի հաստատվեն եւ/կամ ժխտվեն ծրագրի ենթադրությունները մշակութային եւ ստեղծարար ոլորտների էկոհամակարգի վերաբերյալ,  եւ 2-րդ՝ կատարել տնտեսագիտական վերլուծություններ, որպեսզի քարտեզագրվի Հայաստանի ստեղծարար տնտեսությունն  ու գնահատվի դրա զարգացման ներուժը:

Գրքի առաջին մասը վերաբերում է կարիքների գնահատմանը, երկրորդը՝ ոլորտի տնտեսական իրավիճակին: Նա հավելեց, որ  ի թիվս այլնի՝ գրքում անդրադարձ կա ՀՀ մշակութային քաղաքականությանը, մշակութային արտադրանքի եւ ծառայությունների հավելյալ արժեքին ՀՆԱ-ում, մշակութային ոլորտի զբաղվածությանը, մշակութային սպառման միտումներին եւ այլն: Աննա Գարգարյանը հայտնեց, որ այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար մեծածավալ աշխատանք է կատարվել՝  19 ֆոկուս խմբային քննարկումներ, 13 առերես հարցազրույցներ, քննարկումներ՝ մասնագետների հետ եւ այլն:

«Կատապուլտի»  շահերի պաշտպանության ղեկավար Նարեկ Թովմասյանը խոսեց հետազոտության բազմաշերտությունից եւ առանձնահատկություններից, անդրադարձավ այն խնդրին, թե որքան սուղ է մշակույթի ֆինանսավորումը, ինչպես է իրականացվում դրամահայթայթումը Հայաստանի արվեստի ոլորտը զարգացնելու համար: Նրա խոսքով, այժմ տվյալների վրա խարսխված այս արժեքավոր հետազոտությունը հնարավորություն կընձեռի շատ գործընթացներ ավելի գրագետ կազմակերպելու, իրավիճակը ճիշտ գնահատելու եւ ռազմավարական պլանավորում իրականացնելու առումով:

Հետազոտության ստեղծման մեջ ներդրում ունեցած սոցիոլոգ Արսեն Ասլանյանը, որ տարբեր ոլորտներում աշխատանքի մեծ փորձ ունի, նշեց, որ մշակույթն այն ոլորտներից է, որով զբաղվել է մեծ հետաքրքրությամբ ու նաեւ զուգահեռ հարստացրել գիտելիքները: «Սա կարիքների գնահատում էր, որի ժամանակ ինձ համար մեծ բացահայտումների շարք եղավ, թե ինչ մեծ թվով խնդիրների են այսօր բախվում մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ներկայացուցիչները»,-փաստեց նա՝ ընդգծելով, որ երկու տասնյակ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացրել թիմի անդամների աջակցությամբ՝ մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների հետ, փորձել վեր հանել բոլոր այն մտահոգությունները, որոնք առկա էին լոգիստիկայի, սեփականության իրավունքի, էլեկտրոնային առեւտրի, մասնագետների պակասի  եւ այլնի հետ կապված:

Սոցիոլոգն ասաց, որ ոչ միայն խնդիրներն են մանրամասն շարադրված հետազոտության մեջ, այլեւ առաջարկվել են լուծումներ. «Քանի որ Հայաստանում նման մեծ մասշտաբի հետազոտություն առաջին անգամ էր արվում, որը եւ քանակական, եւ որակական կոմպոնենտներ ունի, նպատակ ունեինք հետագայի համար հիմք ապահովել՝ քաղաքականություն մշակողների, հետազոտողների համար, որպեսզի կարողանան այս տվյալների հիման վրա մշակույթի ոլորտում իրականացնելու նոր ծրագրեր նախագծել, վերանայել նույնիսկ մշակույթի ռազմավարությունը, որտեղ շատ բացեր ենք գտել…Կարծում եմ՝ այս հետազոտությունը բոլոր կողմերի՝ եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, եւ օրենսդիրների, եւ գործադիր մարմնի, եւ  ՀԿ-ների համար կարող է հետաքրքիր լինել»:

Զեկույցի խմբագիր եւ համահեղինակ Տատյանա Վահանը եւս կարեւորեց ուսումնասիրությունը, ասաց, որ այն բոլոր կողմերին երկխոսելու հնարավորություն է ընձեռում: Նաեւ ափսոսանք հայտնեց, որ 10-11 սեկտորների մարդիկ անգամ միմյանցից տեղյակ չեն, ուստի կարիք կա հարթակի, որտեղից  մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ներկայացուցիչները կկարողանան տեղեկանալ՝ դիցուք, ինչով է Հայաստանն ուժեղ, ինչ անել, ուր գնալ, ինչով դուրս գալ միջազգային շուկա եւ այլն: «Կատապուլտի»  թիմի անդամ Լին Պառավյանը նշեց, որ մեծ բավականություն էր՝ այս թիմով աշխատել կարեւոր հետազոտության վրա, որը ներկայացնում է Հայաստանի մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը: Նա եւս անդրադարձավ այն խնդիրներին, որոնք ծառացած են մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության առաջ:

Շողակաթ Մլքե-Գալստյանի ձեւակերպմամբ, հետազոտության արդյունքում տեսել են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է շատ հեշտ լուծել: Դրանց բախվելու անձնական փորձառություն են ունեցել, երբ   «Կատապուլտի» շրջանակում  փորձել են արվեստի գործեր տանել Հայաստանից դուրս. «Առաջին իսկ վայրկյանից պարզ դարձավ, որ ընթացակարգը, որ ինչ-որ մի տեղ կա, հասանելի չէ, որ պետք է զանգես, գտնես մարդկանց,  օղակն իմանաս, հեռախոսահամարը փնտրես…Այս ամենի արդյունքում այդ գիտելիքն ու շղթան դարձան մի գրքույկ, որը շուտով  հասանելի կլինի արվեստագետների համար… Մեր հետազոտությունը փորձում ենք կենդանի պահել, կարեւորում ենք հանրամատչելի լինելը, Տատյանա Վահանն ու Աննան  այդ առումով արել են ահռելի աշխատանք, որ նյութը լինի ընթեռնելի, իսկ Սեդրակ Մկրտչյանն այնպես է  աշխատել, որ վիզուալ առումով  հեշտ լինի գոնե առաջին 50 էջերի վրայով գնալը»: Շողակաթը նշեց, որ հետազոտությունը հասանելի կլինի բոլորին եւ կտեղադրվի AGBU կայքում:

Աննա Գարգարյանը փաստեց, որ շփվել են 11 ոլորտների ներկայացուցիչների հետ՝ սկսած վիզուալ արվեստից մինչեւ կինոոլորտ ու երաժշտություն, ու ամեն ֆոկուս խմբի  քննարկման ժամանակ լսել նույն միտքը՝  մեր ոլորտը յուրահատուկ է: Նա համաձայն է, որ թեեւ կան յուրահատուկ խնդիրներ, բայց ընդհանուր հարցեր էլ կան, որոնք խաչվում են: Ըստ Աննա Գարգարյանի, այժմ կարիք կա մի կոորդինացիոն հարթակ ստեղծելու, որպեսզի լիարժեք օգտագործվի բոլորի պոտենցիալը եւ համընդհանուր համագործակցությունը կայանա: Նա այս համատեքստում անդրադարձավ «Տվյալներից անդին» ցուցահանդեսին, որն արվեստը որպես միջոց կիրառելով՝ ձգտում է ընդլայնել տվյալների հետազոտության ավանդական սահմանները, որպեսզի անդրադարձ արվի նաեւ տարբերություններին, նրբերանգներին, հակասություններին եւ այն իրականությանը, որը փորձում է նկարագրել հետազոտությունը։

Արսեն Ասլանյանի խոսքով, երբ մշակույթը համեմատում ես կրթության, առողջապահության կամ այլ ոլորտի հետ, տեսնում ես, որ ընդհանուր առմամբ մեծ չեն տարբերությունները. «Կարճ ասած՝ անմխիթար վիճակ է, մշակութային հաստատությունները կարիք ունեն նորմալ ֆինանսավորման, աշխատակիցները՝ նորմալ աշխատավարձերի եւ մոտիվացիայի, նույն վիճակն է մնացած բոլոր ոլորտներում»: Բացի  հարկային ոլորտի, լոգիստիկայի, արտահանումների եւ այլնի հետ կապված խնդիրներից, նա փաստեց, որ ժամանակակից հմտություններով օժտված մասնագետների պակաս կա:

Ի դեպ, ըստ հետազոտության, թեեւ ՀՀ մշակույթի ազգային ռազմավարությունը նախանշում է մի շարք կարեւոր ուղղություններ, սակայն դրանից բխող գործողությունների ծրագիրը մասամբ հեռու է իրատեսական լինելուց, քանի որ չունի կատարողականի ցուցիչներ, ինչպես նաեւ արդյունավետ մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ: ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարությունների՝ մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ հաշվետվողականության եւ պատասխանատվության շրջանակները հստակեցված չեն, բացակայում է վերջիններիս միջեւ մշակույթի եւ ստեղծարար ոլորտների շուրջ արդյունավետ հաղորդակցումը: Այս նկատառումներն անհրաժեշտություն են դարձնում նոր արտաքին մարմնի, օրինակ, Արվեստի հարցերով խորհրդի ստեղծումը, որը մշակույթի եւ ստեղծարար ոլորտների անունից քարոզչական եւ լոբբիստական գործունեություն կծավալի, հանդես կգա որպես կամուրջ համապատասխան պետական մարմինների եւ մշակութային միությունների միջեւ, ինչպես նաեւ շարունակական հետազոտություններ կիրականացնի՝ մշակույթի եւ ստեղծարար ոլորտներում կառավարությանը փաստերի վրա հիմնված առաջարկություններ ներկայացնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
19.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930