Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Ալիեւի ռեժիմի հետ Արցախի «հանձնման-ընդունման» գործարքն ավարտեց

Ապրիլ 19,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մինչ Հայաստանը պաշտոնական Մոսկվայի կողմից քննադատվում է` «Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու» ծրագրի իրագործման մեջ, Ալիեւը լուծեց նաեւ ռուս խաղաղապահներին ԼՂ-ից հանելու հարցը

Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի եւ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ, մարտի 11-ին հայտարարեց Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Ղազախստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն այդ օրը առանձնազրույց էին ունեցել, որին հաջորդել էր երկու երկրների միջպետական խորհրդի նիստը: Ղազախստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Բաքուն ու Աստանան քննարկել էին առեւտրատնտեսական, էներգետիկ համագործակցությունը, «բեկումնային ներդրումային նախագծեր»։ «Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է», նշեց Իլհամ Ալիեւը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։

Հաջորդ օրն արդեն` մարտի 12-ին, Ղազախստանի նախագահն Ալիեւի ուղեկցությամբ այցելեց Շուշի, Ֆիզուլի, որտեղ Ղազախստանի պետբյուջեի միջոցներով եւ անձամբ Տոկաեւի նախաձեռնությամբ կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունն էր։

Շուշիում նրանք ծանոթացել էին քաղաքի գլխավոր հատակագծին, այցելել էին «Հեյդար Ալիեւը եւ Ղարաբաղը» ցուցահանդեսին։

Ի դեպ, պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը չայցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչը պրոտոկոլի պահանջ է:

Մինչդեռ Բաքվում նա մարտի 11-ին այցելել է «Շեհիդների ծառուղի», հարգանքի տուրք է մատուցել` «Հայրենիքի հերոս զավակների հիշատակին, ովքեր իրենց կյանքն են տվել Ադրբեջանի ազատության եւ ինքնիշխանության համար մղվող պայքարի» համար, ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» մոտ։

Անցյալ շաբաթ Հայաստանը մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի մակարդակով: Այս նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել էր հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։

ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել էր` «ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւորությունը, որը ենթադրում է տրանսպորտային եւ կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում եւ ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա», ասվում էր ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ։ Նաեւ տեղեկանում էինք. «Տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարեւորությունը, որոնցում ամրագրված են վեճերի խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ սահմանների անքակտելիության ու հարգման մասին կողմերի պարտավորությունները»։

Հիշեցնենք, որ վերջերս հայտարարվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Անցյալ տարի եւս, Միրզոյանը չմասնակցեց հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, դարձյալ Հայաստանը ներկայացված էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով:

Կամաց-կամաց, ինչպես ասում են, պաշտոնական Երեւանն էլ մոռացության է տալիս դաշնակիցների հասցրած երբեմնի «վիրավորանքները», չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն դաշնակցային հավաքներին պաշտոնյաների ինչ-որ մակարդակով չի մասնակցում, սակայն, այնուամենայնիվ, Երեւանը որեւէ մակարդակով այդ հավաքներին շարունակում է մասնակցություն ունենալ:

Իսկ Հայաստանի դաշնակից պետությունների ներկայացուցիչները որեւէ անգամ անդրադարձե՞լ են 2023թ. սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախի հայաթափմանը, կամ` դրանից առաջ արցախահայությանը շրջափակման ու սովի մեջ պահելու փաստերին:

Իսկ մենք, ըստ երեւույթին, արդեն պետք է սկսենք ընտելանալ իրավիճակին, երբ դաշնակիցները ոչ միայն «ուրախանում են Ադրբեջանի հաջողություններով», այլեւ, Հայաստանին անհարկի ձեւով Ադրբեջանի հետ դնում են նույն նժարի վրա ու «հավասարակշռված» կոչեր են հնչեցնում…

Անցյալ շաբաթ, օրինակ, պաշտոնական Մոսկվան Ադրբեջանին եւ Հայաստանին «կոչ արեց զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն հրահրելուց»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ առկա են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները Հարավային Կովկասում խաղաղության ու կայուն զարգացման ապահովման համար: «Առաջին հերթին խոսքը կողմերի եռակողմ պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-2022թթ. ընթացքում։ Հետեւողականորեն կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրեն արդարացրած ձեւաչափին։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ գործնական ազդեցություն Բաքվի ու Երեւանի կողմից փոխընդունելի որոշումների կայացման վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցում»,- ասել էր Զախարովան՝ կրկին պնդելով, որ հավաքական Արեւմուտքի դերակատարությունը Հարավային Կովկասում, ինչպես ցույց է տվել այլ տարածաշրջանների փորձը, կհանգեցնի աղետալի հետեւանքների: Ըստ Զախարովայի՝ ցանկացած վիճահարույց հարց պետք է լուծել կառուցողական մոտեցմամբ, փոխզիջմամբ, պատասխանատվության սկզբունքով, որոնք համաձայնեցվել են Թեհրանում 2023թ. հոկտեմբերի 23-ին «3+3» ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ։

Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա դաշնակիցները ոչ միայն չեն ընդունում ՀՀ իշխանությունների դժգոհությունները ու փորձում ուղղել իրենց սխալները, այլեւ` շարունակում են Հայաստան պետությանը նսեմացնելու քաղաքականություն տանել:

ՀԱՊԿ-ն ուզում է, որ Հայաստանը հստակություն մտցնի կազմակերպությունում իր հետագա աշխատանքի առումով, քանի որ դա օգտակար կլինի պլանավորման հարցերում, օրերս նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ աշխատանքը շարունակվում է, օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով, ասել է Իմանգալի Տասմագամբետովը news.ru-ին։ Կառույցում չեն օգտագործում «սառեցում» բառը, քանի որ այն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում։ Իսկ նախկին ծավալով աշխատանքի վերսկսումը կախված է բացառապես Երեւանից։ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելն այն արտոնությունն է, որի միջոցով խելամիտ մոտեցման դեպքում մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե մարտահրավերներն ու սպառնալիքները հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ։

Հայաստանը տեւական ժամանակ դժգոհեց Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունից: Այս դեպքում էլ ռուսական կողմն իր «բացատրություններն» ունի ու բազմիցս արտահայտել է այն: Օրերս արդեն հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները լքում են Արցախը:

Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից, նախ հայտնեց ադրբեջանական APA պետական լրատվական գործակալությունը, որի փոխանցմամբ՝ խաղաղապահ զորախումբը վանքի «տարածքը լքել է ընդամենը մի քանի օր առաջ»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։ «Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», – հայտնեց APA-ն:

Նկատենք, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի Ականազերծման պետական գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը հայտարարել էր, թե պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացի»։

Կրեմլը, Պեսկովի մակարդակով ապրիլի 17-ին հաստատեց, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից: Ու մինչ Հայաստանը պաշտոնական Մոսկվայի կողմից քննադատվում է` «Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու» ծրագրի իրագործման մեջ, Ալիեւը, գործնականում եւ փաստացի, լուծեց նաեւ ռուս խաղաղապահներին ԼՂ-ից հանելու հարցը:

Պարզապես Մոսկվան, վստահաբար, կշարունակի դրանում էլ մեղադրել Հայաստանին: Չէ՞ որ վերջին տարիներին Հարավային Կովկասի հետ կապված ռուսների բոլոր «դժբախտությունների» մեղավորը, ըստ ՌԴ իշխանությունների եւ նրանց քարոզիչների` դա Հայաստանն է:

Հիմա Մոսկվան կկենտրոնանա Հայաստանում դիրքերն ամրապնդելու վրա: Ադրբեջանում «հանձնում-ընդունում» գործընթացն ավարտվեց, հիմա կարելի է «հանգիստ խղճով» զբաղվել Հայաստանով:

Երեք շաբաթ առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուշագրավ հայտարարություն էր տարածել, որում արձանագրել էին` Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: «102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ դրանց դուրս բերումը ինչ-որ կերպ կամրապնդի ռազմական ուժը՝ վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ արդեն այսօր Արեւմուտքը փոխարենը կոնկրետ ոչինչ չի առաջարկում», – նշել էր ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել էր նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության հեռանկարներին ու եզրակացրել էր. «Հայաստանը կարող է կոտրած տաշտակի առաջ կանգնել, եթե հավատա ԵՄ-ի ընդհանուր շուկայի հասանելիության մասին դատարկ խոստումներին եւ որոշի հանուն դրա դուրս գալ ԵԱՏՄ-ից»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարել էր, թե «Զվարթնոց»-ից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, միաժամանակ նա նշել էր, որ չի քննարկվում այլ, օրինակ՝ նաեւ հայ-թուրքական սահմանից ռուսաստանցի սահմանապահների հեռացումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երեւանի որոշման մասին։

Պաշտոնական Երեւանի այս դիրքորոշումից հետո, Մոսկվան, ըստ էության, նախազգուշական հայտարարությամբ հստակ ուղերձ հղեց Հայաստանին` «102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է»։

Մնում է հասկանալ, թե 102-րդ ռազմաբազան իր պարտավորություններով ինչ գործունեություն կարող է ծավալել ՀՀ ինքնիշխան տարածքում, եթե դրա անհրաժեշտությունը երբեւէ առաջանա: Արցախում Ալիեւի ռեժիմի հետ «հանձնման-ընդունման» դառը փորձը հաշվի առնելով` դրական որեւէ լույսի նշույլ դժվար է գտնել այս հարցի հնարավոր պատասխանի շուրջ մտորելիս:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930