Լրահոս
Օրվա լրահոսը

2000 եւ 2024 թվականների անհեթեթությունները

Ապրիլ 19,2024 10:00

2000 թվական. «Պուտինը հզոր ղեկավար է: Մենք սաղ կյանքը ռուսի շվաքի տակ ենք ապրել, տենց էլ պիտի գնա: Պուտինը որ շատ ջղայնանա, մեզ Մասիս սարը կվերադարձնի: Պուտին դայոտ արմյանամ պրախոդ»:

2024 թվական. «Ռուսաստանը միշտ մեր թշնամին է եղել: 300 տարի ռուսի պատճառով մենք ցեղասպանվում ենք եւ տարածքներ ենք կորցնում»:

Սա այն դեպքն է, երբ երկու անհեթեթությունները, երկու իմաստազուրկ ծայրահեղությունները պայմանավորում են միմյանց: Եթե մեկից ունես չափազանցված սպասումներ, ապա միանգամայն տրամաբանական է, որ խորը հիասթափությունից հետո բոլոր դժբախտություններիդ պատճառը կսկսես նրա մեջ տեսնել:

Առաջին (2000 թվականի) անհեթեթության մասին շատ եմ գրել, երբ այն մեր հասարակության մեջ տիրապետող էր: Հիմա ժամանակն է անդրադառնալ երկրորդին. այս մեկն, ի դեպ, միանգամայն ձեռնտու է ներկայիս իշխանությանը, որովհետեւ ազատում է Փաշինյանին տեղի ունեցած (եւ շարունակվող) ողբերգության համար որեւէ պատասխանատվությունից:

Ըստ այդմ, Պուտինի ռազմավարական նպատակն ի սկզբանե Արցախը հայաթափելն էր: Չեմ կարծում, որ դա այդպես է: Պետական գործիչները (եթե, իհարկե, նրանք Փաշինյանի նման իմպուլսիվ եւ փոփոխամիտ չեն) ղեկավարվում են նախեւառաջ հաշվարկներով: Նրանք հաշվեկշռում են, թե որ նպատակն է առաջնահերթ, իսկ որը կարելի է զոհաբերել հանուն ավելի կարեւորի: Բարոյական գնահատականներն այստեղ ավելորդ են:

Պարզ է. որ առնվազն 2014 թվականից սկսած Պուտինը ծրագրում էր լայնամասշտաբ պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ: Ոչ բարդ հաշվարկը ցույց էր տալիս, որ հարեւան երկրի վրա հարձակման հետեւանքով Ռուսաստանը կհայտնվի մեկուսացման մեջ եւ պատժամիջոցների տակ: Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական աջակցությունն այդ պայմաններում խիստ կարեւոր էր՝ ավելի կարեւոր, քան Արցախը:

Իհարկե, Ռուսաստանի համար ցանկալի էր երկուսն էլ ունենալ: Բայց այն բանից հետո, երբ 2019 թվականին Հայաստանը մերժեց Լավրովի վերջին պլանը (որ չասեն «Նիկոլ-դավաճան»), դա անհնարին դարձավ:

Այսօրվա անհեթեթության երկրորդ բաղադրիչն այն է, որ եթե «խաղաղության պայմանագիրը» կնքվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հովանավորության տակ, ապա այդ երկու ուժային կենտրոնները կերաշխավորեն խաղաղությունը: Դա մոլորություն է, ինչպես, իհարկե, մոլորություն է այդ առումով Ռուսաստանի վրա հույս դնելը: Ոչ ոք ոչ մի բան այսօր չի կարող երաշխավորել: Եվ պատճառն այն չէ, որ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը «լավն են» կամ «վատը», այլ այն, որ այդ երկրներն առաջնորդվում են իրենց շահերով:

1915 թվականին բոլորը երաշխիքներ էին տալիս: Տեսանք, թե դա ինչով վերջացավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Պուտինը բանավոր համաձայնությունները անձերի միջև, գերադասում է երկրների միջև ստորագրված պայմանագրերին։ Փոփոխվող երկրի առաջնորդները նրա մոտ առաջացնում են դիսկոմֆորտ։ Պուտինը կարողացել էր ստեղծել հին առաջնորդների իր համար վստահության և փոխըմբռնման ակումբ`Լուկաշենկո,Քոչարյան,Ալիև, Բեռլուսկոնի,Մերկել,Նազարբաև,Խամենեի,Էրդողան և այլն: Պետք է նշել նաև,որ այս երկրների առաջնորդների տարաձայնությունները, բացարձակ չեն խանգարում Պուտինին, բոլորի հետ լինել վստահության մթնոլորտում։ Այդ “ակումբ” ի անդամների փոփոխությունը առ ոչինչ են դարձնում բանավոր պայմանավորվածությունները և անձնական վստահության պակասի պատճառով, տվյալ երկրի հետ,հարաբերությունների հետընթաց է նկատվում։Յուրաքանչյուր առաջնորդի փոփոխություն Պուտինը գնահատում է որպես արևմուտքի հարված ,իր ստեղծած կոմֆորտ զոնային։ Հին առաջնորդների պուտինյան ակումբը, գնալով փոքրանում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այս գործընթացը շարունակական է և բերելու է Ռուսաստանի մեկուսացմանը,կամ պուտինյան ռեժիմի անկմանը։
    Աշխարհը ինչպես միշտ փոխվում է` նոր մտքեր,նոր մոտեցումներ,նոր հնարավորություններ,նոր տնտեսության մոդելներ ,մարդու և իրավունքների շրջակա միջավայրի նոր չափանիշներ, գլոբալիզացիա և այլն։ Այո,’փոփոխությունները միշտ չեն,որ բոլորի սրտով են, բայց փոփոխությունների դեմ պատերազմելը,նույնիսկ ամենաբարի դրդապատճառներից ելնելով, անիմաստ է։
    Փոփոխությունները քամու նման գալիս են և պտտում են հողմաղացները։ Պուտինը սկսել է հողմաղացների դեմ պատերազմ,բայց չէ որ դա անիմաստ է, եթե նույնիսկ նրան հաջողվի կոտրել մեկ-երկու հողմաղաց։

  2. Հ.Շ. says:

    Հայաստանի եւ Արցախի կապակցութեամբ, կային մեծ թիւով հայեր, որոնք շատ լաւ գիտէին որ որեւէ այլ երկրէ կարելի չէ որեւէ էական բան սպասել, ակնկալել: 1909ին, 1915ին վերապրողներու զաւակներուն, թոռներուն մասին է խօսքը:

    Այնուհանդերձ, յուսալէն աւելի՝ կը հաւատայի՛նք, որ գոնէ եւ միմիայն Ռուսաստանը, եւ այդ ալ՝ ինքն իրեն համար, ինքն ի՛ր շահերը պաշտպանելու հիմնական մղումով, թոյլ պիտի չտար որ Արցախը անհետանար եւ Հայաստանը հասնէր այս վիճակին:

    Այս հայերուս համար, այդ համոզումին խորտակումը, ազգային գետնի վրայ, մեր կեանքին ծայրագոյն եւ ամենածանր հարուածն է:

    Եւ ուրեմն կարելի չէ այլեւս այպանել ՀՀ այժմու իշխանութիւնները, այն բանին համար որ անոնք հիմա, յուսահատօրէն, կը փորձեն օգնութիւն ստանալ, օգնութիւն կը մուրան, Ռուսաստանի թշնամիներէն:

    Այն «տրամաբանութեամբ», որ այլեւս կորսնցնելիք բան չմնաց:

    ( Իսկ եթէ պիտի խօսինք՝ պատիւի, արժանապատւութեան եւ այդպիսի բաներու մասին, ապա ինչպէ՞ս կարելի է մնալ կամ վերադառնալ ծոցին մէջ – եւ լուծին տակ – իբրեւ թէ դաշնակից, բարեկամ երկրի մը, որ այս աստիճան լքեց, դաւաճանեց մեզի: Եւ դեռ վրան ալ, կ’ուզէ դրա ամբողջ յանցանքը նետել… հայերուն վրայ:

    Ոչ… ոչ՝ 2018ի Երեւանում պետական յեղաշրջումը, ոչ ալ՝ մինչեւ 2020ի Հայոց Պարտութիւնը, Փաշինյանին որեւէ խօսքը կամ արարքը, չեն կրնար արդարացնել ՌԴի վերաբերմունքը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Ատիկա ՌԴի հնարքն է, յաջողութեամբ հրամցուած՝ ռուսասէր հայաստանցիներու, որոնց համար անհնար է հասկնալը որ իրենց այդ անհուն սէրը՝ անփոխադարձ էր: Աւելի ճիշդ՝ նիւթէն դուրս էր:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930