Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են համեմունքները բարելավում առողջությունը

Ապրիլ 19,2024 09:30

Այն, որ խոտաբույսերն ու համեմունքներն ընդհանուր առմամբ օգտակար են առողջության համար, ամենևին էլ նորություն չէ, բայց թերևս ոչ բոլորին է հայտնի, որ կոնկրետ համեմունքն ու խոտաբույսը կարող են կոնկրետ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Դիտարկենք մի քանի օրինակներ։

1. Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու հակադիաբետիկ ազդեցություն է գործում

Դարչինը, ի թիվս այլ սննդանյութերի, պարունակում է նաև ցինամալդեհիդ կոչվող ֆլավոնոիդը, որը հակաբորբոքային ուժեղ ազդեցություն ունի։

Իսկ համեմունքի հակադիաբետիկ ազդեցությունը պայմանավորված է ցինամտանին В1-ի պարունակությամբ, որն օրգանիզմում խթանում է ինսուլինի ռեցեպտորները՝ կանխելով դրանց ապաակտիվացումը, ինչի շնորհիվ դրանք աշխատում են օպտիմալ ռեժիմով․ օրգանիզմն օգտագործում է գլյուկոզը, և շաքարը չի կուտակվում արյան մեջ։ Այսպիսով այն նպաստում է այդ հիվանդության կանխարգելմանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդությունը գլուխ է բարձրացրել, դարչինն օգնում է վերահսկել շաքարի մակարդակը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դարչինը դիաբետ ունեցող պացիենտների շրջանում կարող է նվազեցնել շաքարի մակարդակը 10–29%-ով։

2. Եղեսպակը (շալֆեյ) բարելավում է գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը

Միջնադարում եղեսպակն անգամ օգտագործվում էր ժանտախտի կանխարգելման համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եղեսպակը կարող է բարելավել Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը։
Ալցհայմերի հիվանդությունն ուղեկցվում է օրգանիզմում գրգիռի հաղորդման քիմիական միջնորդ հանդիսացող ացետիլխոլինի մակարդակի նվազեցմամբ։ Եղեսպակն արգելակում է ացետիլխոլինի քայքայումը։

Այլ հետազոտություններով պարզվել է, որ եղեսպակը կարող է բարելավել նաև առողջ մարդկանց հիշողությունը։

3. Անանուխը թեթևացնում է գրգռված աղու համախտանիշի պատճառով առաջացած ցավերն ու հանգստացնում է սրտխառնոցը

Կան փաստեր, որոնք ապացուցում են, որ անանուխի յուղը կարող է ցավազրկող ազդեցություն գործել գրգռված աղու համախտանիշի դեպքում։ Այդ ազդեցությունը թերևս պայմանավորված է հաստ աղիքի մկանները թուլացնող հատկությամբ։

4. Քրքումը հակաբորբոքային ուժեղ ազդեցություն է գործում

Այս համեմունքը ևս մի շարք առողջարար միացություններ է պարունակում, որոնցից ամենակարևորը, թերևս, կուրկումինն է։
Կուրկումինը հզոր հակաօքսիդանտ է, որը ոչ միայն պայքարում է օքսիդացման սթրեսի դեմ, այլև խթանում է օրգանիզմի սեփական հակաօքսիդանտային ֆերմենտների արտադրությունը։

Հետազոտություններով պարզվել է, որ կուրկումինը կարող է բարելավել քրոնիկ բորբոքման հետ կապված հիվանդությունների ընթացքը, կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի զարգացման վտանգը, թեթևացնել արթրիտի ախտանշանները և այլն։

5. Կայենյան պղպեղը նպաստում է ախորժակի նվազեցմանը, ունի ցավազրկող, հակաքաղցկեղային ազդեցություն

Չիլի պղպեղի տարատեսակ համարվող այս կծու պղպեղի ակտիվ բաղադրամասը կապսիացին է կոչվում, որը ի թիվս այլ օգտակար հատկությունների, նաև օժտված է ախորժակը նվազեցնող և ճարպերն այրող ազդեցությամբ։ Ահա թե ինչու է այս բաղադրամասը պարունակվում նիհարեցնող շատ հավելումների կազմում։

Կապսիացինը նաև գործում է ցավազրկող ազդեցություն՝ փոխազդելով TRPV1 նյարդային ընկալիչի հետ, որը գտնվում է գլխուղեղում, ծայրամասային նյարդերում, միզապարկում, արյունատար անոթներում և մարմնի այլ հատվածներում՝ նվազեցնելով դրա զգայունակությունը։

6. Կոճապղպեղն ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է հաղթահարել սրտխառնոցը

Այս յուրահատուկ համով ու բույրով համեմունքը ունի հակաբորբոքային, հակամանրէային, հակաքաղցկեղային, ցավազրկող ազդեցություն և կարող է նպաստել մի շարք խնդիրների թեթևացմանը, օրինակ՝ կոճապղպեղն օգնում է ազատվել աղիներում կուտակված գազերից՝ թեթևացնելով սրտխառնոցը։ Այս հատկությունը բավականին օգտակար կարող է լինել հղիության ժամանակ պարբերաբար առաջացող սրտխառնոցի դեմ պայքարում։

7. Չամանը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Չամանը պարունակում է 4-հիդրօքսիիզոլեյցին բուսական սպիտակուցը, որը նպաստում է ինսուլին հորմոնի գործառույթի բարելավմանը։

8. Հազրեվարդը նպաստում է ալերգիայի ախտանշանների թեթևացմանը

Հազրեվարդի ակտիվ բաղադրամասը հազրեվարդաթթուն է․ կան ապացույցներ, որ այդ նյութը կանխարգելում է ալերգիկ ռեակցիաներն ու քթի փակվածությունը։

9. Սխտորը բարելավում է սրտի առողջությունը

Սխտորն ամենաօգտակար համեմունքներից մեկն է համարվում և հնուց ի վեր մեծ հարգանք է վայելում որպես հակամանրէային, հակաբորբոքային, հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող միջոց։ Սխտորի կարևորագույն բաղադրամասն ալլիցին միացությունն է, որն էլ յուրահատուկ բույր է հաղորդում սխտորին։

Կան հավաստի ապացույցներ, որ սխտորը նաև բարենպաստ է անդրադառնում սրտի առողջության վրա, քանի որ նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, բարելավում է արյան շրջանառությունը՝ նպաստելով զարկերակային ճնշման նվազեցմանը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930