Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ կռիվը ոչ ինձանով է սկսել, ոչ էլ ինձանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի սաղ բանակը դատվի». Իշխան Վահանյանի ցուցմունքը

Ապրիլ 18,2024 23:30

«Եզը ընկնում է՝ դանակավորները շատանում են…Լավ ասենք, Իշխան Վահանյանը մեռել էր էդտեղ, հիմա ո՞վ էր նստելու մեղադրյալի աթոռին»,- այսօր այսպես Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին:

Վահանյանն իր ցուցմունքում ասաց, որ կապի միջոցներից մեկն իր մոտ է եղել, մեկը՝ Ղարիբյան Արսենի. «Դրա մեջ զարյադկա չի եղել: Դիվիզիայում դվիժոկ էր դրած, լիցքավորում էին, ավտոները հանում էին վերեւ, բայց ավտոներն էլ չէին կարողանում հանել, դրա համար զարյադկա չենք ունեցել»: Հետո նա ասաց, որ այն կապի միջոցը, որը սարքին է եղել ու աշխատել է, փոխանցել է Հայկազին. «Ռացիան տվել եմ, որ բարձրացնեն վերեւ, թե հիմա ոնց է լինում, որ տեղ չի հասնում, թե պետք չէր տեղ հասներ, թե ասել էին՝ ասա տեղ չի հասել, չգիտեմ»:

Նա ասաց, որ բջջային հեռախոսներով էլ հնարավոր էր ինֆորմացիա փոխանցել՝ կոդավորած. «Ասում էինք՝ հարսանիք ա, 99 ա, 63 ա հասկանում էինք, որ տագնապ է, կամ հավաքներ: Ասում են՝ կապի միջոց չի եղել, բայց եղել է»:

Իշխան Վահանյանը հայտարարեց. «Էդ կռիվը ոչ ինձանով է սկսել, ոչ էլ ինձանով է ավարտվել: Եթե դատվեն, պիտի սաղ բանակը դատվի, չի կարա բանակում մի բան լինի, որ մեկը խաբար չլինի, պռոստո բան կա, որ դատարանում ասվում է, բան կա՝ չի ասվում: Բան կա ասելու է, բան կա՝ չասելու է: Խի Հայկազի՞ն չգիտեմ, Վարդերեսյանի՞ն չգիտեմ: Գոռալ-ճվալով հո չի՞: Գան ստեղ կանգնեն գոռան: Բանակից մարդիկ են: Պիտի էդպես ասեն, որ վրեքից գցեն, էս մարդը մեկ է նստած է: Ես տարուց ավելի է նստած եմ»:

Նա ասաց, որ երկու անգամ վիրավորում է ստացել: Հարցին՝ արդյոք դա այն վիրավորո՞ւմն էր, որ չէիք կարող մնալ զինվորների կողքին, պիտի անպայման գնայիք հոսպիտա՞լ՝ նա պատասխանեց. «Աջ ոտս չէի զգում, համ էդքան էթալ-գալը ի վիճակի էլ չեմ եղել ես արդեն: Եթե վիրավորումը թույլ լիներ, հոսպիտալը չէր ընդունի, ոչ բարեկամ եմ, ոչ էլ, հետո էլ արձակուրդ են տվել»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանի գործողությունների հետեւանքով 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատախազը հարցրեց՝ վկաները ձեր ենթականերն են, ինչո՞ւ են ձեր դեմ ցուցմունք տվել՝ Իշխան Վահանյանը պատասխանեց. «Ես եղել եմ սաղի հետ շատ լավ, դաժե պատերազմից հետո, ոչ մի խնդիր չի եղել: Բայց ստեղ մի հատ հարց է եղել՝ ապեր, վախենում ենք, մեզ ծնողները, հարազատները ծեծում են: Ասի՝ հա, ծեծում են, ինչ կա ճիշտը՝ կգաք կասեք: Սաղ էլ վախենում են»:

Հարցին՝ վախենում են, դրա համար ձեր դեմ ցուցմո՞ւնք են տալիս, նա պատասխանեց. «Հա, հնարավոր է: Ֆակտ 100% ռացիան տվել եմ, եկել ասում են՝ չես տվել, սուտ բան հաստատ չենք ասի, էլի, մեկ է նստած ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930