«Այս միջադեպն աննախադեպ է և′ տեղի ունեցած բռնության դեպքերով, և′ իհարկե, այն պլանավորվածությամբ հանցագործության, որը տեղի է ունեցել»,- անդրադառնալով խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի հետ կատարվածին՝ «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
Նա նշեց՝ մտահոգված է այն հանգամանքով, որ ոստիկանության կողմից և ոստիկանության մասնակցությամբ մենք բռնության նորանոր մեթոդների ենք ականատես լինում․ «Ոստիկանությունը ոչ միայն ընդգրկված է եղել, այլև իրականացրել է նաև, նրա ուղղակի մասնակցությամբ է տեղի ունեցել այդ բռնությունը։ Եթե դիմակավորված են եղել բռնության ենթարկող անձինք, ես խորը կասկածներ ունեմ, որ նրանք կարող էին լինել հենց ոստիկանության աշխատակիցներ»։
Արաքս Մելքոնյանը նշեց, որ Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածն աննախադեպ է․ «Նաև տաբատ իջեցնելու առումով․ կներեք՝ այս մանրամասնությունները նորից հրապարակելու համար, բայց սա աննախադեպ և լուրջ մտահոգություն առաջացնող բռնության ձև է ՀՀ-ում։ Առհասարակ բռնությունը, բայց նման ձևով բռնության ենթարկելը որևէ անձի անթույլատրելի պետք է համարվի հենց ոստիկանության կողմից։ Վերջին տարիներին մեր գործունեության շրջանակում մենք նման բռնության չենք հանդիպել։ Սա առանձնահատուկ քննության ենթակա պիտի դառնա։ Մեր մտահոգությունը այն առումով է նաև, որ այստեղ նաև քաղաքական իշխանության հրապարակային խոսքի համատեքստում կազմակերպված չասեմ, բայց միջամտություն միանշանակ եղել է։ Այս հանցագործությունը անձին իր որոշակի արարքի համար պատժիչ գործողություն էր։ Դա այնքան ակնհայտ է, որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ես խորը մտահոգություն ունեմ՝ ոչ քննչական կոմիտեն, ոչ դատախազությունն այս գործն ունակ չեն արդյունավետ և անկախ քննության ենթարկելու հենց իմ նշած մտահոգության պատճառով։ Արդեն իսկ մատնանշված հանգամանքները թույլ են տալիս պնդելու, որ քննությունն արդեն արդյունավետ չէ»։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ