Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը ինչպես երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման, այնպես էլ Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային, ոռոգման և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջանակում նախատեսվող համագործակցության մանրամասներին:
Կողմերը անդրադարձել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականցվող վարկային ծրագրերի, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու ջանքեր գործադրել երկուստեք փոխգործակցության շարունակական ամրապնդման ուղղությամբ:
ՀՀ կառավարություն