Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մորթեն էլ, քրֆեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան փոխհատուցում չկա». Դատարանում ցուցմունք տվեց զինվորներին լքելու մեջ մեղադրվող հրամանատարը

Ապրիլ 18,2024 22:50

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը: Նա ասաց. «Հարութը հոր ետ էր խոսում, ասում են՝ ձեր հրամանատարի խելքին չընկնես, էս մասով իջնում ես, քյասար գալիս, հելնում ես: Մեկ էլ Վարդերեսյան Գարիկի հետ են խոսում: Դա ինձ ասել են Գրիգորյան Հայկազը, մեկ էլ զորամասի հրամանատարը՝ Քյարամյան Արթուրը, որ էստեղ ասում էր՝ չեմ հիշում, երեւի…Ես զորամասի հրամանատարին հոսպիտալից զանգում եմ, ասում եմ՝ գիտե՞ս, որ խնդիր կա: Ասում է՝ հերը, մեկ էլ Վարդերեսյանը քաք են կերել, սխալ ուղղություն են տվել երեխեքին, իրանք էլ էթալու են հանեն: Վարդերեսյան Գարիկը, պարզ ասեմ, թույլ է տվել կոպիտ մարտավարական խախտում: Պատերազմի ժամանակ վիրավոր էլ է լինում, զոհ էլ է լինում, մեծ ցավով եմ ասում, ծնողին պատասխան տալ չի լինում, բոլորս էլ դա գիտենք: Ինձ մորթեն էլ, քրֆեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան փոխհատուցում չկա: Էս գործն էլ է այդպես, անփոխհատույց գործ է, ես շատ լավ եմ հասկանում, էս ոչ ռազբոյ է, ոչ էլ գողություն է: Հենց էդ կոպիտ մարտավարական խախտումից է սկսել անձնակազմի թե՛ բարոյահոգեբանական, թե՛ պառակտված վիճակը»:

Նա ասաց, որ եղել է 3 բնագիծ. «Առաջին բնագիծը եղել է երկրորդ եւ երրորդ հրաձգային գումարտակների հետեւը, երկրորդը եղել է առաջին գումարտակի հետեւը երրորդն էլ եղել է դեպի Ֆիզուլի՝ առաջին հրաձգային գումարտակի վերջ: Անձնակազմի պառակտումը սկսել է առաջին հրաձգային վաշտից՝ Գրիգորյան Հայկազի վաշտից հրամանատարի պաշտոնակատար նշանակած Վարդերեսյանից՝ սխալ հրամանների արդյունքում: Մենք պիտի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, հետ տվին անձնակազմը, էդ ժամանակ ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին՝ Արթուրին: Ինքը ասել էր՝ չի կարող նման բան լինել, պիտի ձախ գնանք, որովհետեւ մեր հետեւը մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի: Մենք արդեն խոչընդոտ հանդիսացանք հակագրոհին: Էդ ժամանակ դիվիզիայի հրամանատարի՝ Առուստամյանի հրահանգով ընկել ենք սաղ դաշտով անձնակազմ ման գալ, գտնել, հավաքել: Չէր իմանում էդ զորքը ինչ աներ: Որովհետեւ Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք: Դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չի, կամ սպաներից կազմված սորաբաժանում չի, կամ նայոմնի ստորաբաժանում չի: Իրենք գնացին գրքային բաներով, թե՝ չէ, մենք կգնանք, փոքր խմբերով մեծ խնդիր կլուծենք: Նորակոչիկը չի կարա էդ խնդիրը կատարի, հարգելի դատարան: Անձնակազմը հետ քաշեցին, թե՝ դու 5 հոգով գնա էնտեղ, դու ճտպտ ես, դու կարաս, աշխույժ ես, դու 4 հոգով գնա էնտեղ, դու 5 հոգով էնտեղ: Ես անձամբ եմ զեկուցել, որ նման խնդիր կա, մենք մեզ ենք վարի տալու արդեն»:

Այսպես նա ներկայացրեց, թե պատերազմի ժամանակի ինչ կարգի քաոս է տիրել. «Այդտեղ աշխատել է հրետանին, մեր դեմ աշխատել են վարձկանները: Դրա համար անձրեւի տակ ընկել ենք, զինվորներին սաղին հավաքել ենք: Կեսը արդեն Հադրութի դպրոց էր հասել…Ներողություն, ես եմ եկել եկեղեցուց, ասում են՝ մոմ կար, թե չկար: Գլխավոր հարվածի ուղղությունը եղել է հենց կոնկրետ Ջաբրայիլը, 300 T90-ով անցել է հակագրոհի: Էդտեղ Իշխանը չէ, ուզում է Պետրոսը լիներ, չէր կարողանալու բան աներ: Էս էդ պատերազմը չի եղել, պարզ ասում եմ: Իշխանը ոչ T90 էր տեսել, մի անգամ ռազմական ինստիտուտում բերեցին, գնացինք տեսանք, ոչ էլ Բայրաքթար էր տեսել, էդ ինչ է»:

Դահլիճում ներկա զինվորների ծնողները բորբոքվեցին, թե՝ «նստել, հեքիաթ ա պատմում»:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին. 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930