Ադրբեջանը պետականորեն հերթական ապակառուցողական հայտարարությունն է տարածել՝ ի դեմս գլխավոր դատախազի՝ Հայաստանի «էկոհանցագործությունների» վերաբերյալ նյութերը միջազգային դատարաններում օգտագործելու նպատակադրման։ Ադրբեջանը, որը տարբեր մակարդակներում ոտնահարում է միջազգային իրավունքը և միջազգային արդարադատական մարմինների որոշումները, այժմ հանկարծ քաղաքական և «բարոյական» կամք է դրսևորում արժևորելու այդ նույն մարմիններին՝ Հայաստանի դեմ տարվող իր քաղաքականության դեմ։ Սակայն այս ընտրանքայնությունն ու Ադրբեջանի բազմաշերտ էկոհանցագործությունները իրավական և առավել ևս բարոյական առումներով թույլ չեն տալիս նոր մեղադրանքներով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։
Այսօր էկոհանցագործությունների մասին է բարձրաձայնում մի պետություն, որը 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել է արգելված սպիտակ ֆոսֆոր, քիմիական էլեմենտներ պարունակող զենքեր, որոնց կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղում այրվել 1815 հա անտառներ, որոնք գտնվել են գյուղական բնակավայրերին և տարբեր ենթակառուցվածքներին չափազանց մոտ։ ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Անհաշվելի են կորուստները նման գործողությունների արդյունքում։
Նույն Ադրբեջանն է, որ նավթարդյունաբերությամբ աղտոտում է ջրային ռեսուրսները, մասնավորապես՝ Կասպից ծովի ափամերձ ավազանը աղտոտվում է նավթային ածխաջրածիններով ու ծանր մետաղներով, ինչը հանգեցնում է ջրային միջավայրի բնականոն կենսագործունեության խաթարմանը, իսկ նավթավերամշակման գործարանները թունավոր գազեր՝ մեթան, ածխածնի երկօքսիդ և այլ վտանգավոր նյութեր են արտանետում մթնոլորտ, ինչն անմիջականորեն ազդում է ինչպես մարկանց առողջության վրա՝ պարունակելով քաղցկեղածին հետևանքներ, այնպես էլ առնչվում է գլոբալ կլիմայական փոփոխություններին։
Մեկ անգամ չէ, որ բնապահպանական խնդիրներով Ադրբեջանը փաթեթավորել է իր քաղաքական առաջնահերթությունները։ Աշխարհը չի մոռացել, որ ադրբեջանական մուշտակավոր էկոակտիվիստները հումանիտար ճգնաժամի սպառնալիք առաջացրին Լաչինի միջանցքի շրջափակմամբ, իսկ կարճ ժամանակ անց տեղադրվեց ադրբեջանական անցակետը, որով, ըստ էության, Ադրբեջանին էկոլոգիական խնդիրները դադարեցին հետաքրքրել, և քաղաքական հետաքրքրությունների թիրախ դարձավ Լեռնային Ղարաբաղի հայությունը, և ընդհանուր տրամաբանությունը հանգեց վերջիններիս ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի գեներացմանը։
Կարդացեք նաև
Էթնիկ զտում իրականացրած պետությունը չի կարող իրապես հետարքրքված լինել շրջակա միջավայրի պահպանությամբ։ Ադրբեջանի պահանջները և մեղադրանքները Հայաստանի հասցեին սեփական հանցագործություններից խուսափելու և հակադարձ պատմույթ ապահովելու նպատակ են հետապնդում միայն։ Մարդասիրությամբ և էկոմիջավայրի ճակատագրով մտահոգ պետությունը բռնություն չէր կիրառի նաև այս խնդրով բողոքի դուրս եկած իր քաղաքացիների նկատմամբ՝ առանց տարիքի և սեռի խտրության, ինչպես արեց Սյոյուդլու բնակավայրում։
Այսինքն Ադրբեջանի համակարգային մոտեցումը հետևյալն է․ տասամյակներ շարունակ իրականացնել էկոհանցագործություններ, նաև պատերազմական հանցանքների շրջանակներում, ճնշել սեփական ժողովրդի բողոքի ձայնը և մեղադրանքներ հասցեագրել Հայաստանին։ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով որակի ադրբեջանական նման գործելակերպը՝ որպես տարածաշրջանային ապակայունացման և քաղաքական երեսպաշտության արտահայտություն։
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ