Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքի վերակառուցման շուրջ կան որոշակի նորություններ։
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանի, գյումրեցի Պետրոսյան եղբայրների, քանդակագործ Սամվել Պետրոսյանի, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել քննարկում՝ փլուզման եզրին հայտնված այս հուշարձան-շենքի հետագա ճակատագրի շուրջ։
Այս մասին գրառում էր կատարել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ կառույցը թեև օր օրի վթարային է դառնում, սակայն Գյումրիում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է․ նրանք գալիս են՝ հատուկ լուսանկարվելու ֆիլմի հայտնի պատշգամբի ֆոնին։
Դավիթ Առուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կարողացան մեկ սեղանի շուրջ նստեցնել շենքի փրկության հարցով հետաքրքրված բոլոր մարդկանց։
Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շենքի վերանորոգման հետ կապված հին ծրագիրը չեղարկել և նոր նախագիծը շրջանառել։
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին համաձայնության էին եկել այս շենքը տրամադրել ծրագրավորման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին՝ «Սինոփսիսին», որը նախատեսում էր վերակառուցումից հետո այն դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, իրագործել այս շենքում։ Սակայն սայլը տեղից չէր շարժվել։
Նոր նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Այն ուղարկվել է գերատեսչություններին՝ նրանցից դիրքորոշում ստանալու նպատակով։
Դավիթ Առուշանյանի փոխանցմամբ, գործընթացն հիմա այդ փուլում է։
Նա մեզ տեղեկացրեց նաև, որ ինքն առաջարկել է շենքը վերանորոգելուց հետո այն բացառապես ծառայեցնել որպես մշակութային կառույց․ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը տեղափոխել այնտեղ, իսկ եթե ազատ տեղ մնա, նաև պատկերասրահ հիմնել։
Թե ինչ է նախատեսվում նոր նախագծով, պատգամավորը որոշակի չակերտներ բացել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Ակնհայտ է, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը չի հրաժարվում այն վերանորոգելու ու Գյումրիին նվիրելու ցանկությունից։
Դավիթ Առուշանյանն իր էջում գրել է․
«Գյումրու «Վառեմ-մարեմի» շենքի բոլորին հայտնի է։ Այն հիմա խարխուլ ու անմխիթար վիճակում է։ Շատերիս աչքի առաջ պատմության ու մշակույթի լուռ վկան քայքայվեց։
Պայմանավորվածություն կար շենքի վերականգնման, որը սակայն ամիսներ անց արձանագրեցինք՝ առաջ չի գնում։ Որևէ առաջընթաց նկատելի չէր։
Արձանագրումից հետո դիմեցի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին՝ առաջարկելով ուսումնասիրել գործընթացը։ Որոշվեց այդ գործընթացը դադարեցնել։
Ի ուրախություն մեզ՝ ամեն ինչ այդտեղ կանգ չառավ։ Գյումրեցի Պետրոսյան եղբայրների միջնորդությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ցանկություն է հայտնել վերականգնել, ամբողջությամբ հիմնանորոգել շենքը՝ բացառելով օտարման ու վարձակալության տարբերակները։
Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ երեկ արդեն հարցը քննարկելու համար կլոր սեղանի շուրջ նստեցինք։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, գյումրեցի Պետրոսյան եղբայրների, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի ու գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ քննարկեցինք շենքի հետագա ճակատագիրը։
Կրթության գերատեսչությունը արձանագրել է՝ հիմնանորոգումից հետո կառույցը պիտի ծառայի բացառապես որպես մշակութային նշանակության կառույց։
Իմ կողմից ևս առաջարկներ են հնչել, մասնավորապես պատկերացնում եմ շենքում նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի տեղակայումը։ Դա հաջորդ փուլի համար։
Իսկ այս փուլում նախնական քննարկումներն ավարտվել են․ Պետական գույքի կառավարման կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծը։
Ուսումնասիրություններից հետո համապատասխան գերատեսչությունները կորոշեն ինչպես արձագանքել նախաձեռնությանը։ Մեկ բան հաստատ է՝ շենքը օր առաջ վերականգման կարիք ունի ու անթույլատրելի է անգործությունն այս առումով։
Վստահ եմ՝ հիմնանորոգումը հաջողությամբ կյանքի կկոչվի։ Արդյունքում կունենանք հայ կինոյի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի» շենքի վերականգնված տարբերակ, որը կլինի մշակութային քաղաքի այցեքարտերից մեկը և կունենա նշանակություն, կլինի նոր հասցե»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ