Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանության թողտվությամբ»․ Վարազդատ Հարությունյան

Ապրիլ 18,2024 18:35

«Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանության թողտվությամբ։ Քանի որ անձինք եղել են դիմակավորված, չեմ կարող ասել՝ ոստիկաններ են եղել, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, խոշտանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորում է նաև անգործությունը թողտվությունը խոշտանգման, ուստի օբյեկտիվ կողմի նկարագրությանը համապատասխան ոստիկանության արարքում նաև այդպիսի հանցագործության հատկանիշ կա»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա նշեց․ «Ուզում եմ հստակ հայտարարել և արձանագրել մեր կարծիքը․ գտնում ենք, որ սա համակարգային խնդիր է և խնդիրը գալիս է նրանից, որ քաղաքական իշխանություններն են այս ամենի հետևում։ Ես այս կարծիքը չէի արտահայտի, եթե չլիներ խոշտանգմանը հաջորդող Քննչական կոմիտեի անգործությունը։ Ապրիլի 15-ին, երբ Սամվելի Վարդանյանի հետ կապված միջադեպից հետո քննչական գործողություններն ավարտվեցին, ես և Ռուբեն Մելիքյանը Սամվել Վարդանյանին ցտեսություն ասացինք։ Նա առանց վնասվածքի էր, դա արձանագրել են և քննիչները, և նա զննման է ենթարկվել։ ՁՊՎ մեկնելիս քննչական վարչության շենքից դուրս գալուց հետո ընդամենը մեկ րոպե այդ մեքենան կանգնել է ու այդ խոշտանգման դեպքը եղել է։ Երբ Սամվելին բերել են ՁՊՎ, բուժզննության արդյունքում արձանագրվել են բոլոր վնասվածքները։ ՁՊՎ-ն իրազեկում է ուղարկել քննչական կոմիտեին, քննիչը իրազեկումը ստացել է և փաստացի տեսել, որ նման վնասվածքներ կան։

Ապրիլի 16-ին ես Սամվել Վարդանյանը և քննիչը մասնակցել ենք դատաբժշկական փորձաքննության։ Սամվել Վարդանյանը հայտարարել է իր հետ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին։ Ու էլի ոչ մի բան, վարույթ չի նախաձեռնվել։ Դրանից հետո մենք հրապարակումներով հանդես եկանք, ասուլիս հրավիրեցինք, էլի ոչ մի բան, ու դեռ հակառակը, լրագրողները կապվել են ՆԳՆ լրատվական ծառայության հետ, որտեղ հայտնել են, որ ներքին անվտանգության վարչությունում քննչական վարույթ է նախաձեռնվել։ Դրա հաջորդ օրը հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին»։

Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ եթե ոստիկանության խնդիրը լիներ ու եթե դեպքից անմիջապես հետո ՁՊՎ-ից գնացած իրազեկման հիման վրա վարույթ նախաձեռնվեր, անմիջապես ապացուցողական գործողություններ կատարվեին, ոստիկանության նկատմամբ հարկադրական միջոցներ կատարվեին, կարելի էր ադեկվատ համարել այն գնահատականը, որ սա ոստիկանության խնդիրն է։ Քննչական կոմիտեի անգործության հետևանքով միջադեպի մասնակիցները հնարավորություն են ստանում խոչընդոտելու ապագա վարույթին, համաձայնեցնելու ցուցմունքները վերացնելու ապացուցողական նշանակություն ունեցող տվյալները, ուստի այդ դեպքում կարելի է պնդել և արդարացիորեն կգործի այն կանխավարկածը, որ սա քաղաքական իշխանության կողմից կենտրոնացված, կազմակերպված և թույլատրված միջադեպ է եղել Սամվել Վարդանյանի նկատմամբ»։

Անդրադառնալով Սամվել Վարդանյանի հետ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որը նաև տեղադրվել էր ՔՊ-ի էջում, փաստաբանն ասաց․ «Ամեն անգամ նման դեպքերով ոչ միայն մենք՝ հիմնականում իրավապաշտպանները, հանդես են գալիս այդ տեսակետով, որ երբ տեղի է ունենում ինչ-որ հանցագործություն, որտեղ կա քաղաքական բաղադրիչ, սխալ է, երբ քաղաքական իշխանության բարձր ներկայացուցիչները կարծիք են հայտնում դրա վերաբերյալ, հավաստիացումներ անում, որ պատժվելու է այն անձնավորությունը, որը դա արել է, որովհետև նույնիսկ միջամտության բացակայության պարագայում հանրության մոտ արդարացի կարծիք է ձևավորվելու, որ միջամտություն եղել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930