Խաչենի իսլամական դամբարանն Ադրբեջանի ագիտպրոպի ներկայացմամբ
Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Աղդամի իսլամական ժառանգությունը՝ ջնջված էջեր» տեսանյութում կեղծ, տարակուսելի և հակագիտական կողմնակալ հայտարարություններ են հնչեցվել Խաչենի (Խաչեն-Դորբաթլու) իսլամական դամբարանի մասին:
Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, հարդարանքի (նկ. 1) առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ, ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում (Бретаницкий 1961, 227-228, 240): Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և քանդակներին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի-դամբարանի միջև (նկ. 2, 3): Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան (Бретаницкий 1961, 228, 232, Бретаницкий 1966, 188, դամբարանի մասին ավելի մանրամասն տե՛ս Խաչենի իսլամական դամբարանը):
Դամբարանը գիտական հանրությանը հայտնի դարձավ միայն խորհրդային տարիներին: Հուշարձանը բազմիցս հետազոտվել է, նրա մասին կան բազմաթիվ գիտական հոդվածներ, վերլուծություններ, որտեղ հուշարձանը բազմակողմանի վերլուծության է ենթարկվել: Հատկապես կարևոր է, որ այդ աշխատանքների զգալի մասը արվել են Խորհրդային Ադրբեջանի ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների կողմից և հրատարակվել են ռուսերենով: Հուշարձանի անդրադարձել են նաև ականավոր խորհրդային արվեստաբաններ, ճարտարապետներ: Կան հուշարձանի բազմաթիվ լուսանկարներ:
Կարդացեք նաև
Ակնհայտ համարելով Խաչենի իսլամական դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցու ճարտարապետական լուծումների և հատկապես քանդակային հորինվածքների նմանությունները և դամբարանի արաբերեն արձանագրության մեջ հիշատակվող ճարտարապետի անունը, ավելի քան հավանական է, որ այն կառուցվելէ Շահիկ վարդապետի կողմից (մանրամասն տե՛ս Խաչենի իսլամական դամբարանը):
Դամբարանի կառուցման արձանագրությունը գտնվում է մուտքից անմիջապես վերև (նկ. 2): Այն թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի ճարտարապետի և պատվիրատուի անունների հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից (Бретаницкий 1961, 238): Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Տարակուսելի է, որ չգիտես ինչու դամբարանի պատվիրատուի տվյալները ադրբեջանական այս հաղորդման մեջ ներկայացվում են ադրբեջանական ազգանվան ձևով՝ օղլու վերջավորությամբ:
Տարօրինակ է, որ հայտարարվում է, թե հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի և գտնվում է վատ վիճակում: Այնինչ հուշարձանի որևիցե լուսանկարի վրա հնարավոր չէ գտնել միտումնավոր ավերման, վնասման որևէ վկայություն: Դա շատ լավ երևում է ոչ միայն վերջին 20 տարիներին արված լուսանկարներում, այլ նաև հենց ադրբեջանցիների կողմից 2020 թվականից հետո արված լուսանկարներում: Միակ բանը, ինչն աչքի է ընկնում, դա հուշարձանի պատերին և ներսում դեռևս խորհրդային տարիներին արված տասնյակ գրություններն են՝ կիրիլատառ ադրբեջաներենով: Անվնաս է դամբարանի շուրջը գտնվող մահմեդական գերեզմանոցը, տապանաքարերը: Ցանկության դեպքում կարելի էր դա նկարահանել: Առավել զարմանք է առաջացնում Րիզվանովի այն հայտարարությունը, որ իբր հայերը վնասել են հուշարձանի կառուցման մասին արձանագրությունը: Այնինչ մուտքի անմիջապես վերևում այն իր տեղում է և միանգամայն անվնաս (նկ. 4): Ավելին, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է ցուցանակ, տարածքը հաճախ բարեկարգվել է: Միակ վնասված և ջարդվածն այստեղ հայերեն ցուցանակն է:
Խոսելով Խաչենի իսլամական դամբարանի կառուցման հանգամանքների, պատմական միջավայրի մասին՝ Հուսեյնովը 13-14-րդ դարերում տարածաշրջանում իշխող մոնղոլական խանական տոհմերը հայտարարում է թյուրքական, իսկ երկրամասի պատմությունը ներկայացնելիս այն կտրում է իր պատմական միջավայրից: Այնինչ, վրացական, պարսկական, արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրները շատ հստակ են: 13-14-րդ դարերի պարսկական աղբյուրները մանրամասն վկայում են Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ հարթավայրում մոնղոլական զորքերի տեղաշարժի, մոնղոլական և նրա հետ կապված ազնվական տոհմերի հանգստի, կառուցումների մասին: Խորհուրդ կտայինք հեղինակին ուշադիր կարդալ Համդուլահ Ղազվինու, Ռաշիդ ադ-Դինի աշխատանքները, ովքեր լինելով իր կողմից վկայակոչվող մոնղոլական վերնախավի պաշտոնյաները, լավագույնս են ներկայացրել ժամանակաշրջանը և բավականին հստակ տարածաշրջանը, երկրամասերը, բնակչության էթնիկ կազմը: Ցանկալի կլինի նաև կարդալ Ի. Պետրուշևսկու, Վ. Բարտոլդի հետազոտությունները:
Խաչենի իսլամական դամբարանը նկարագրած մասնագետները այս կառույցում կապ են տեսել իսլամական և քրիստոնեական մշակույթների մեջ: Հեղինակներից և ոչ մեկը չի փորձել պրիմիտիվացնել սելջուկյան մշակույթ, մոնղոլական շրջանի մշակույթ եզրերը, ինչպես անում է Հուսեյնովը: Այս տերմինները դիտարկվել են 11-14-րդ դարերի մշակութային, պատմական իրողությունների ներքո: Բոլորն ակնհայտ զուգահեռներ են տեսել հայկական հուշարձանների, այդ թվում և Արցախի քրիստոնեական հուշարձանների հետ: Այս աշխատանքները հրատարակված են, հատուկ հաղորդավարի համար կտեղադրենք դրանց հղումները:
Հաղորդման մեջ նշվում է, որ Աղդամի շրջանում գտնվող իսլամական դամբարանների մեծ մասը վնասված է և քանդված: Այնինչ, դրանց զգալի մասը իրենց տեղում են, ինչի վկայությունը հենց ադրբեջանական կողմի լուսանկարներն են 2020 թվականից հետո:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ