Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսյան անալոգային կայանը Հայաստանում էր, թռիչքի կառավարման թիմը՝ Վիեննայում. Արմաշում ամփոփվել է «AMADEE-24» հետազոտական առաքելությունը

Ապրիլ 18,2024 16:51

«AMADEE-24» թռիչքի անձնակազմ, բարի վերադարձ՝ Կապույտ մոլորակ». ամփոփվել է «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը, որի նախապատրաստական աշխատանքները տևել էին մոտ 3 տարի, իսկ մեկնարկը տրվել էր մարտ ամսին Արարատի մարզի Արմաշ գյուղում։

«AMADEE-24»-ը տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր ծրագիր է, որն այս տարի հյուրընկալեցին և կազմակերպեցին «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում էր «Ավստրիական տիեզերական ֆորումը»։

Մարսյան անալոգային կայանը Հայաստանում էր, իսկ թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերը տեղակայված էին Վիեննայում։ Առաքելությանը մասնակցում էին տիեզերական հետազոտական տարբեր հաստատություններից և գործակալություններից ներկայացուցիչներ՝ ավելի քան 250 գիտնական 26 երկրից։

«Այսօր այստեղ գտնվելը դեպի Մարս ապագա թռիչք տանող փոքր քայլերից մեկն է, և մենք առաջինը չենք, ովքեր տիեզերքը Հայաստան են բերել․ այն հայկական նորարարական մշակույթի մասն է եղել դեռևս տասնամյակներ առաջ։ Ինչպիսին էլ դեպի Մարս տանող ճանապարհը լինի, բոլորը կհիշեն, որ առաջին կարևորագույն քայլերից մեկն արվել է հենց այստեղ՝ Արմաշում։ Մեզ համար պատիվ էր համագործակցել հայ գործընկերների՝ երիտասարդ մասնագետների և ուսանողների խմբի հետ, ովքեր վերապատրաստվել և Առաքելության աջակցման կենտրոնի մասն են կազմել»-առաքելության ամփոփիչ միջոցառման բացման իր խոսքում նշեց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը, և հավելեց, որ Հայաստան-Ավստրիա այս սերտ համագործակցության շնորհիվ նրանք ձեռք են բերել բազմաթիվ կապեր և ընկերներ, և որ գիտական հարթությունից բացի՝ այն տարածվում է նաև դիվանագիտական և մշակութային հարթություններում։

Նախագծի իրականացումը տարիների աշխատանքի արդյունք էր։ Երեք տարի առաջ, երբ Ավստրիական տիեզերական ֆորումը հերթական անգամ առաքելության անցկացման վայր էր ընտրում, հյուրընկալ երկրների ցանկում էր նաև Հայաստանը։ Կարմիր մոլորակի հետ երկրաբանական  ու տեղագրական նմանությունների շնորհիվ մի շարք այլ դիտարկվող տեղանքներից՝ ի վերջո  Արմաշ գյուղի տարածքն ընտրվեց որպես «AMADEE-24» առաքելության իրականացման վայր։

Հենց «երևակայական Մարսի» կամ Արմաշի «Մարսյան կայանում» էլ  բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից և գիտնականներից բաղկացած անձնակազմը մարտի 12-ին մեկուսացավ և շուրջ մեկ ամսվա ընթացքում տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով իրականացրեց 13 գիտափորձ՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին:

Մեկ ամսվա ընթացում իրականացված գիտափորձերի թվում էին «Genes4Mars»-ը՝ տիեզերագնացների առողջության և կատարողականության կենսամարկերների որոնումն ու մոնիթորինգը, «GeoPrep»-ը՝ ուղղված դաշտային վերլուծությունների և վերադարձի առաջնահերթությունների համար աստղաերկրաբանական նմուշի նախապատրաստմանը, «Hort³Space»-ը՝ մշակաբույսերի տիեզերական արտադրությունը։ Մյուս գիտափորձերն էին «IAQHabitat»-ը, «FarSide»-ը, «Staying Alive»-ը, «PRESSURE»-ը, «EIEE»-ն, «HUMANISE»-ը, «MEROP»-ը, «SAMPLE»-ը, «iROCS»-ն ու «ALIX»-ը։

«Հայաստանի համար կարևոր է ինտեգրվել եվրոպական, համաշխարհային գիտական շրջանակներին և խոսել մեր տիեզերական հավակնությունների մասին։ Մեր նպատակն էր մի օր դառնալ ոլորտի խոշորագույն ծրագրերից մի օղակը։ Այսօր համաշխարհային տիեզերական նախագծերում ներգրավված են բազմաթիվ հայազգի մասնագետներ։ Մեր երազանքն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տիեզերական ծրագրեր իրականացնող երկիր, և այս առումով սա շատ կարևոր նախաձեռնություն էր» – իր ելույթում նշեց Հայաստանում «AMADEE-24» առաքելության հյուրընկալող խմբի ներկայացուցիչ Մհեր Մեհրաբյանը:

Առաքելության հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը նշեց․ «Այս նախագիծը հեշտ չէր, բայց իրականանալի էր, և սա առաջին քայլն է դեպի էլ ավելի խոշոր ու նշանակալի իրադարձություններ։ Առաքելության ավարտից հետո Մարսի անալոգային կայանն Արմաշում շարունակելու է գործել և մենք նախապատրաստվելու ենք նոր մասշտաբային ծրագրերի»։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում հյուրերն արդեն  «Երկրում» դիմավորեցին անալոգային տիեզերագնացներին, հնարավորություն ունեցան զրուցել, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև ծանոթանալ գիտափորձերի ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։

«Գերագույն հաճույք է կրկին տեսնել բոլորիդ ժպտադեմ։ Անձնակազմը կփաստի, որ մեզ համար մեծ պատիվ էր առաքելության շրջանակում հյուրընկալվել այստեղ, գիտափորձեր իրականացնել ու բացահայտել Հայաստանը։ Ուզում եմ նաև խորին շնորհակալությունս հայտնել առաքելության ողջ անձնակազմին այս ահռելի թիմային աշխատանքի համար»,-նշում է անալոգային տիեզերագնացների անձնակազմի  հրամանատար Անիկա Մեհլիսը։

Միջոցառման ավարտին Գերնոտ Գրյոմերը, ի նշան արդյունավետ համագործակցության և առաքելության հաջող ընթացքի, հայկական կողմին նվիրեց աշխարհի հազարավոր երկրներից բերված ժայռակտորների և մարսյան երկնաքերի միաձուլումից ստացված բյուրեղապատ հուշանվերը։

***

Ծրագիրն իրականացվել է Արարատի համայնաքապետարանի և ՀՀ Ազգային ժողովի ՀայաստանԱվստրիա բարեկամական խմբի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն էր GTB Holding-ը, ռազմավարական գործընկերներն էին՝ Արեն Մեհրաբյան Հիմնադրամը, Engined AM-ը, Instigate-ը և «Իրական դպրոց»-ը, ՍԱՍՏԻԿը, Լիգան, տեխնոլոգիական գործընկերներն էին՝ Team Telecom  Armenia-ն, VEGA-ն, PROFAL-ը։ Գործընկերների թվում էին նաև Shell-ը, ՍասՏեքստը և Դիլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930