Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները կառավարության շենքը 5 կգ տրոտիլով ականապատելու մասին ահազանգ են ստացել

Ապրիլ 18,2024 16:19

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 16-ին ոստիկանությունում Ի. Ս. անուն, ազգանունով մի քաղաքացի էլեկտրոնային փոստի հասցեից հաղորդագրություն է ուղարկել՝ հայտնելով, թե հինգ կիլոգրամ տրոտիլով ականապատել է կառավարության շենքը, ինքն էլ գտնվում է Վանաձորում, նաեւ հաշվեհամարն է նշել՝ պահանջելով այդ հաշվեհամարին 500.000 դրամի չափով վճարում կատարել:

Ահազանգի հետքերով, նույն օրը Արմավիրի մարզի Պտղունք վարչական շրջանից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Ի.Ս-ն և նրա հայրը՝ Ա. Ս-ն:

Ավելի ուշ հորն ու որդուն ազատ են արձակել, քանի որ պարզվել է, որ նշված անձինք տեղյակ չեն կատարվածից, կապ չունեն նման տեղեկատվության տարածման հետ: Պարզվել է, որ 20 ամյա Ի.Ս-ի անունով բացված էլեկտրոնային կեղծ հասցեից է եղել նշված ահազանգը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին քրեական հետապնդման ենթարկվող անձ, կասկածյալ չկա:

Պտղունքի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Արթենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված ու ավելի ուշ ազատ արձակված անձինք իր հարեւաններն են, չունեն քաղաքական հայացքներ, կուսակցական պատկանելություն եւ իրենց արդար աշխատանքով ապրող մարդիկ են:

Կարապետ Արթենյանի խոսքով, ձերբակալվածներն էլ են անակնկալի եկել իրենց վերագրվող արարքից. «Էդ երեխու անունով կայք են բացել, ասենք պարզ է, չէ՞, ահազանգ անողը գոնե անանուն է անում, չի զանգում, ասում՝ համ ռումբ է դրել, համ էլ անուն, ազգանունն ասում: Տվյալ դեպքում զանգել, էս երեխու անունն են տվել: Գյուղի խելոք երեխա է, էդ երեխու գլխին ինչ-որ մեկը սարքել է: Լրիվ իր անունով են արել, բայց ինքը կապ չունի, գյուղի խելոք, միամիտ երեխա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930