Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքում հայերի՝ իրենց բնակավայրերին, պատմական հուշարձաններին ու արժեքներին տեր կանգնելու գիտակցությունն է դրված. Մհեր Քումունց

Ապրիլ 18,2024 15:55

«Այն տարածքները, որ այս գրքում ընդգրկված են զուտ պատմամշակութային ուսումնասիրությունների առումով, երբեւէ ամբողջական հրապարակ չեն հանվել: Իհարկե, թեմային անդրադարձեր եղել են Սամվել Կարապետյանի, տարբեր հնագետների, պատմաբանների կողմից, բայց երբեւէ գրքով չեն հրատարակվել» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը՝ խոսելով անգլերեն հրատարակված “The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone” («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» աշխատության մասին, որի շնորհանդեսը կայանում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում:

Գրքի հեղինակներն են Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրապ Ըռքոյանը եւ Մհեր Քումունցը։ Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

«Գրքում տեղ գտած պատմամշակութային հուշարձաններն ընդգրկում են պատմական Սյունիք-Արցախի ամբողջ տարածքը, նաեւ երեսուն տարվա ընթացքում պեղված, գտնված հուշարձաններն են: Ընդ որում, ոչ միայն այդ հուշարձանների մասին է խոսվում, դրանց լուսանկարներն են հրապարակվում, այլեւ փորձ է կատարվում պատմական ստուգաբանության, անունների ճշգրտման եւ այլնի՝ հենվելով պատմական աղբյուրների վրա: Գրքի վերնագիրը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» պատահական չի ընտրվել, այս ամբողջը չափազանց կարեւոր է ներկա օրերում, որովհետեւ հայերը կռիվ չեն տալիս օտար տարածքների համար, այլ իրենց պատմական բնակավայրերի համար են կռիվ տալիս: Սա եւս մեկ ապացույց է, որ այստեղ դարեր շարունակ ապրել են հայեր, որոնք որեւէ մեկից հողի պահանջ չունեն, պարզապես իրենց բնակավայրերին, պատմական հուշարձաններին, արժեքներին տեր կանգնելու՝ իրենց գիտակցությունն է գրքում դրված»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց գիտնականը:

Նրա ձեւակերպմամբ, գիրքը կօգնի դիվանագիտական, մասնավորապես՝ հայամետ կողմնորոշում ունեցող ինստիտուտներին, որ հայկական հարցը, Արցախի հարցն արծարծելիս՝ հիմք վերցնեն այն բոլոր գիտական, փաստագրական տեղեկությունները, որոնք ամփոփված են գրքում:

Մհեր Քումունցը նշեց, որ գիրքը մեծ մասով պատկանում է Զոհրապ Ըռքոյանին, իսկ իր ներդրումը գիտական խմբագրումն ու ստուգաբանական հարցերն են. «Մինչ գրքի լույս ընծայումը եւ ես, եւ Ըռքոյանը բազմիցս գիտաժողովներում հանդես ենք եկել այս տարածքի պատմամշակութային հուշարձանների լուսաբանմամբ, ուսումնասիրությամբ, գրել ենք հոդվածներ գիտական ամսագրերում եւ դրանք համարյա ամփոփվել են այս գրքում: Ըստ էության, այս գրքի ստեղծման վրա, որ մեծապես Զոհրապ Ըռքոյանի աշխատանքն է, ծախսվել է շուրջ 30 տարի; Սա 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքն է»:

Մեր զրուցակցի խոսքով. «Չափազանց կարեւոր է, որ գիրքը անգլերեն է հրատարակվում, այն հասցեագրված է հատկապես օտարալեզու հանրությանը, որ մարդիկ քաջածանոթ լինեն տարածքին: Շատ հաճախ մենք վատ ենք լուսաբանում եւ մեղադրում ենք, թե ինչու են հարցին այլ կերպ անդրադառնում: Մի խոսքով, այս գիրքը յուրօրինակ հակակշիռ է մասնավորապես ադրբեջանական կեղծ պատմագրական, ազգագրական, հնագիտական տեղեկություններին ու աղավաղումներին:

Ընդ որում, գրքում խտրական մոտեցում չի ցուցաբերվել այս տարածքի ոչ մի հուշարձանի հանդեպ: Օրինակ, այնտեղ անդրադարձել ենք նաեւ թուրքմենական երկու դամբարանի: Ցավոք, աշխատության մեջ ընդգրկված չեն սահմանային, չեզոք կամ վտանգավոր գոտիներում հայտնված հուշարձանները: Մենք հույս ենք ունեցել, որ այդ հուշարձաններին անդրադառնալիս խնդիր չենք ունենա, բայց փաստորեն ունեցել ենք: Այժմ էլ աշխատում ենք Քարվաճառի հուշարձանների լուսաբանման հարցով ուսումնասիրության վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930