«Մենք բազմիցս հանդիպել ենք միությունների նախագահներով եւ քննարկել ենք այս հարցը, որտեղ շատ անորոշություններ կան»,-հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ անդրադառնալով ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու գործընթացին:
Նա հայտարարեց, որ մայիսի 4-ին՝ ժամը 12-ին Կինոյի տանը տեղի ունենալու Հայաստանի նկարիչների միության արտահերթ համագումարը, որի որոշումը կայացրել է Հայաստանի նկարիչների միության վարչությունը: Ապա անդրադարձավ ստեղծագործական միությունների տարածքների թնջուկին:
«Այս գույքը, ավագ սերնդի ներկայացուցիչները կհաստատեն իմ ասածը, 1950-ականներին կառուցվել է հատուկ նկարիչների միության եւ հատուկ նկարիչների համար, այս ցուցասրահները նկարիչների համար են ստեղծվել եւ մինչ օրս գործում են նշանակությանը համապատասխան: Մենք այս գույքը ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Արա Սարգսյանից, ով հիմնադիրն է ՀՀ նկարիչների միության, Գաբրիել Գյուրջյանից… Եվ այդ ժառանգությունը հետագայում պահել-պահպանել է իմ պապը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանն իր ընկերներով:
Նրանք բոլորն ապրել են այս տանը: Նկարիչի տունը տարիներ շարունակ ստեղծագործական մեծ գործունեություն է ծավալել, սատարել երիտասարդ ստեղծագործողներին: Սա մեր սեփականությունն է, ուրիշ կերպ չենք պատկերացնում: Հետխորհրդային շրջանում մենք ստացել ենք սեփականաշնորհման վկայական ու չենք պատկերացնում, թե այդ ինչ խախտումներ են: Մի կողմից հնչում է, որ եղել են իրավախախտումներ, մի կողմից ասում են, որ այս ամենն անում են, որ իբր չկարողանանք վաճառել, անգամ դատախազության աշխատակիցն ասում է, թե կպետականացնեն, հետո կտան Նկարիչների միությանը:
Կարդացեք նաև
Որքանով տեղյակ եմ, նման որոշումները այլ պետական մարմիններ են իրականացնում, ոչ թե դատախազությանն է վերապահված… Սա մեր տունն է, ամեն նկարիչ սա իր տունն է համարում»,-ընդգծեց Սուրեն Սաֆարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ