Լրահոս
Օրվա լրահոսը

«2021-ին ուրիշ խոստումներով ընտրվել եք, այսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա, չեք գտնո՞ւմ, որ նոր ընտրություններ պետք է լինեն»․ բերքաբերցին՝ Փաշինյանին

Ապրիլ 18,2024 15:32

Ապրիլի 17-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Բերքաբերի բնակչության հետ։

Գյուղացիներից մեկը դիմել է Նիկոլ Փաշինյանին․ «Դուք երկու անգամ լեգիտիմ ձեւով ընտրվել եք։ Վերջին անգամ 2021 թվականին ուրիշ խոստումներով ընտրություններ են կատարվել, ժողովուրդը ձեզ վստահել է, ձայն է տվել, կառավարություն եք կազմել։ Այսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա, անկեղծ խոսենք։ Չեք գտնո՞ւմ, որ այս պրոցեսից առաջ պետք է նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեք, արդեն ժողովուրդը կվստահի ձեզ, ձեր մտածած ձեւով կանեք, եթե չէ, չէ։ Նախորդ անգամ ուրիշ խոստումներով է եղել այդ պրոցեսը»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է․ «Չեմ համարում, որ ըտենց պետք է լինի, որովհետեւ այն, ինչ մենք անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ իրադրությունների փոփոխությանը մեր արձագանքն է։ Կարանք ընտրություն անենք մյուս ամիս, այն ընտրություններից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի մեջ է պատերազմ սկսվել, կարանք ընտրություններ անենք, մեկ էլ ուրիշ երկրների մեջ պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Ես էլի եմ ասում՝ կառավարության խնդիրը սեփական երկիրը եւ ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետեւ դա է ապրելու եւ զարգանալու պայմանը։ Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետեւից մենք չենք գնացել մինչեւ վերջ եւ անկեղծորեն»։

Նա նշել է, որ 2026 թվականին լինելու են ընտրություններ․ «Կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք, բայց ես այսօր ինչ-որ իմաստով այդ թվում իմ անձը զոհասեղանին եմ դնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես սա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ։ Սա իմ քաղաքական գծի վրա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում, բայց առաջնորդը դրանով է առաջնորդ, որ տեղն եկած տեղը պետք լինի, իր ռեպուտացիան էլ, հարգանքն էլ, ամեն ինչն էլ զոհաբերում է հանուն պետության, հանուն ապագայի։ Հայաստանն ինձ համար ավելի կարեւոր է, քան նույնիսկ իմ հետագա քաղաքական կարիերան։

Ինչ ասես ասում են իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո նույնիսկ պապուս մասին։ Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ կամ չեմ կարողանո՞ւմ հակադարձել։ Ոչ, ես հասկանում եմ, որ գալիս է պահ, ոչ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի ու երկրի։ Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930