Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական ծրագրում գրել է մի բան, արել բոլորովին այլ բան. Ստեփան Հասան-Ջալալյան

Ապրիլ 18,2024 15:20

Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն

2024թ. ապրիլի 17-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։»:

Դիտարկենք հիշյալ հայտարարությունը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը, մուրճը ձեռքին մասնակցելով 2021թ. հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին, իր ներկայացրած կուսակցության, այն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրել է հետևյալը.

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:»:

Եթե Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրել է, որ «Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:», ապա ինչի՞ հիմա վրա է 2023թ. մայիսի 22-ին հայտարարել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Եթե նման բան է հայտարարվում՝ քաջ գիտակցելով, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո», ապա սա կարող է նշանակել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը» հայտարարությունն արվել է կա՛մ Ադրբեջանի նկատմամբ ունեցած վախից ելնելով, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքուն, ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի հետ ունեցած պայմանավորվածությունների հետևանքով:

«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։»:

Հարկ է նշել, որ Արցախի պարագայում պետք է լինի ոչ թե «անջատում հանուն փրկության», այլ՝ «ճանաչում հանուն փրկության», քանի որ Արցախը երբևէ չի հանդիսացել Ադրբեջանի մաս, որ անջատվի:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:»:

2020թ. դեկտեմբերից Հայաստանի Հանրապետությունից այլևս զորակոչ չի իրականացվել Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակ: Նման պարագայում ուրիշ ի՞նչ գործնական եղանակով է Հայաստանը հանդիսացել և հանդիսանում Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորը:

«Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:»:

Ինչո՞ւ է խոսվում միայն ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքների մասին: Մնացած տարածքները, որ այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից, Խորհրդային Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ պիտի մտնեին ԼՂԻՄ-ի սահմանների մեջ: Սակայն, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը դիտավարությամբ ինքնավարությունը տարածել է Լեռնային Արցախի միայն մի փոքր մասի վրա, մնացած շրջանները մտցրել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:

Այսպիսով, 2021թ. հունիս ամսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրել է մի բան, բայց արել է բոլորովին այլ բան:

Ավելորդ չէ նշել նաև, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրված խոստումները 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամրագրվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930