«Դեռևս պարզ չէ, թե ամբողջովի՞ն են դուրս գալիս, թե՞ սահմանափակ թվակազմով մնալու են։ Իմ կարծիքով՝ ինչ-որ սահմանափակ թիվ կմնա»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված զրույցի ընթացքում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից դուրսբերման փաստին։
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների` դուրս գալու մասին լուրն ապրիլի 17-ին հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Դա, իրոք, այդպես է»:
Արմեն Վարդանյանն առավել քան վստահ է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև գործարք է տեղի ունեցել․ «Դեռ չենք կարող ասել՝ ինչի շուրջ, բայց կարծում եմ՝ ապագայում կբացահայտվի։ ՌԴ-ն երբեք ինքնակամ դուրս չէր եկել որևէ տարածքից»։
Քաղաքագետը փաստեց՝ ռուս խաղաղապահները ձախողել են, նրանք չկարողացան իրենց առաքելությունն իրականացնել՝ ապահովել Արցախի ժողովրդի խաղաղ գոյակցությունն իրենց բնօրրանում։ Իրենց պետք էր մի առարկա, որի շուրջ կարողանան Ադրբեջանի հետ բանակցել՝ ինչ-որ բաներ կորզելով։ Իրենք ՀՀ-ն ու Արցախը դարձնելով մանրադրամ՝ տարբեր հարցերի շուրջ բանակցել են Ադրբեջանի հետ։ Շատերն ասում են, որ ռուսական գազը դրա շնորհիվ շրջանցելով բոլոր պատժամիջոցները ադրբեջանական գազային խողովակներով հոսում է դեպի Եվրոպա, ոմանք ասում են՝ հնարավոր է, որ Թուրքիայի չներքաշվելը ուկրաինական պատերազմի մեջ, կարող է այդ սակարկության առարկան լինել։ Տարբերակները շատ են, թե ինչի շուրջ կարող են այդ սակարկությունները լինել։ Ակնհայտ է, որ ՌԴ-ին պետք էր Արցախը, որ Ադրբեջանի հետ բանակցություններում մեր հաշվին ինչ-որ բան ստանար Ադրբեջանից։ Վերջին 3-4 տարիներին մեր հաշվին բանակցել են՝ նախ իրենց չեզոքությունը ցույց տալով Ադրբեջանին 44-օրյա պատերազմի հարցով․ չնայած թիկունքից մեզ են հարվածել, հետո Խծաբերդի, Հին թաղերի դեպքերի ժամանակ, իսկ դրա գագաթնակետը եղան 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները, երբ ռուս խաղաղապահները որևէ կերպ չաջակցեցին Արցախի ժողովրդին»։
Կարդացեք նաև
Արմեն Վարդանյանի տպավորությամբ՝ Ալիևը միշտ կարողանում է Պուտինի հետ գործարքի մեջ մտնել․ «Երբ հետադարձ հայացք եմ գցում, նույնիսկ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, սպանությունը ռուսական բանտում նույնպես Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածության արդյունք էր։ Շատ լավ կարողանում են սակարկել, և շատ հաճախ այստեղ տուժողը լինում ենք մենք»։
Հարցին՝ ո՞ւր են ուղևորվելու ռուս խաղաղապահները, թե՞ տեղակայվելու են Տավուշի սահմանին, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Սահմանին տեղակայումը բացառվում է․ արդեն ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ չեն գալու։ Դատելով այն տեսանյութերից, որոնք այս երկու օրը կան ադրբեջանական մամուլում, ռուս խաղաղապահները Հյուսիսային Կովկասով վերադառնալու են դեպի Ռուսաստան»։
Ըստ քաղաքագետի՝ ռուսները ՀՀ-ից կամավոր չեն հեռանա, Ադրբեջանից էլ կամավոր դուրս չեն եկել․ «Միգուցե շատ բաներ պոկել են Ալիևից։ ՀՀ-ից էլ հենց այնպես դուրս չեն գալու, միգուցե փորձելու են հավիտյան այստեղ մնալ։ Այնպես որ, դա ինքնակամ դուրս գալ չէր, գործնականում առավել քան վստահ եմ, որ տեղի է ունեցել գործարք, և միայն դրա արդյունքում է ՌԴ-ն հանել զորախումբը։ Դեռ որոշ անորոշություններ կան, դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ճակատագիրը, արդյոք այնտեղի՞ց էլ են դուրս գալու։ Ռուսական ու ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեցին, որ Աղդամում տեղակայված ռուսական խաղաղապահ կենտրոնը նաև նպաստելու է ականազերծման աշխատանքներին։ Ամեն դեպքում ամբողջ անձնակազմը, զորակազմը չեն հանելու Արցախից։ Մի քանի տասնյակ կամ հարյուր մարդիկ ամեն դեպքում կմնան, և դա էլ հետագայում Պուտինը սակարկության առարկա կսարքի, որ դրանք վերջնականապես հանելու դիմաց ինչ-որ բան ստանա Ադրբեջանից»։
Այն, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ միջազգային խաղաղապահ առաքելություն լինի Լեռնային Ղարաբաղում, պատճառն այն է, որ այլևս չի կարողանա սակարկություններ անել․ իսկ ռուսների հետ ստացվում է․ «Ակնհայտ է, որ ճնշումներ կան Ադրբեջանի վրա արցախահայության վերադարձի մասով։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է ժամանակ առ ժամ գրառումներ անում։ Այստեղ կարևոր է մեր դիվանագիտական աշխատանքը։ Պետք է աշխատենք Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ ընդհանրապես Արևմուտքի հետ, որ միջազգային ճնշում ապահովեն Ադրբեջանի վրա, որ արցախահայերը վերադառնան իրենց տները։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իրենց երկրում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տանի Շուշի կամ նախկին ԼՂԻՄ քաղաքներից որևէ մեկը․ չեն գնում՝ չնայած ՌԴ դեսպանը գնում է։ Պատճառն այն է, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նաև հայերի իրավունքները, որ ունեն այնտեղ՝ կյանքի ու անվտանգության, մշակութային իրավունքները։ Սրանց շուրջ պետք է միջազգային կոնսենսուս ապահովել, որ Արցախի հայերը վերադառնան իրենց բնօրրանն և այնտեղ խաղաղ ապրեն։ Ֆրանսիան ճնշումները շարունակելու է Ադրբեջանի վրա, որ Արցախի հայերը վերադառնան իրենց բնօրրանը։ Ալիևը, վստահ եմ, հազարավոր գործարքներ պատրաստ է առաջարկել նաև ֆրանսիային, ինչպես առաջարկեց Ռուսաստանին և հասավ դրան, բայց տեսնում ենք, որ Ֆրանսիայի դեպքում դա չի աշխատում»։
Արմեն Վարդանյանը մտավախություն ունի, որ ՀՀ-ում իր ռուսական ներկայությունը ՌԴ-ն կօգտագործի այնպես, ինչպես Սևաստոպոլում և Ղրիմում տեղակայված ռազմաբազաները, որոնք ուղղակի վերածվեցին այդ տարածքները Ռուսաստանին բռնակցելու մի գործիքի։ Նա չի բացառում, որ ՀՀ-ում տեղակայված ռազմաբազաները որոշ խնդիրներ առաջացնեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի