«Դատելով մեղադրանքի կողմի վկայի ցուցմունքից՝ մեղադրանքը ջախջախվեց։ Այսինքն, հորինված մեղադրանք է, ոչ մի բռնության կոչ չի եղել, նման մտադրություն չի եղել։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք խորապես քաղաքական հետապնդման հետ»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը միեւնույն հարցը տարբեր ձեւերով փորձում էր տալ իր իսկ բերած վկային, որպեսզի կարողանար իր դեմ ինչ-որ բան կորզել։
«Այնուամենայնիվ, մարդն ասում է, որ՝ նման բան չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ Սամվել Վարդանյանի ձերբակալմանը, նրան ծեծի ենթարկելուն։
Կարդացեք նաև
«Ես տեսել եմ այդ տեսանյութը տրանսպորտում․ քաղաքացին անում է քաղաքական հայտարարություն»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ մարդն իր սահմանադրական, խոսքի ազատության իրավունքն է իրացնում, ինչի համար նրան հետագայում ծեծի են ենթարկում։ Այդ ամենի կազմակերպիչը նա համարում է ՀՀ ոստիկանությանը, ոստիկանապետին։
Հրանտ Բագրատյանի շահերի ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանն էլ փաստեց, որ մեղադրանքի կողմի վկայակոչած բոլոր վկաների ցուցմունքները ուղղակիորեն հերքում են մեղադրանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ