Վարդան Ղուկասյանի («Դոգ») կոչով այսօր նրա աջակիցների փոքրաքանակ մի խումբ բողոքի ցույց արեց:
«Մեր նպատակն այն է, որ ոչ թե ոստիկանները դառնան ազգի հերոս, այլ էն տղերքը, որ Եռաբլուրում են, մենակ դա է մեր նպատակը»,-ասաց Վարդան Ղուկասյանի աջակից կանանցից մեկը: «Ամբողջ աշխարհի առաջ հպարտանում ենք թե հայ ենք, բայց վրաց ազգի չափ թասիբ եւ ինքնասիրություն չունենք, որ բռունցք դառնանք ու պայքարենք»,-նրան շարունակեց մեկ ուրիշը:
Մի տատիկ նեղսրտեց. «Եթե ոստիկաները այդ տղայի (Սամվել Վարդանյանի-Գ.Հ.) հետ այդպես են վարվել, ուրեմն՝ մեր կանանց հետ էլ այդպես կվարվեն: Եթե այդ տղայի հետ այսպես են վարվել, ուրեմն Աննա Վարդապետյան, դու անելիք չունես, հրաժարական տուր, մենք ոստիկան չունենք, դրանք ընդամենը լավ փող ստացող մարդիկ են, իրենք իրենց համար վայելում են կյանքը, իսկ մենք 40 տարի աշխատել ենք ու 40 հազարով ապրում ենք: Իրենց համար ո՞վ է բանվոր դասակարգը, թքած ունեն մեր վրա, կամ էլ 15 միլիոն փող պիտի մուծես, որ տղադ բանակ չգնա: Հարուստը կմուծի, էլի քյասիբի երեխան կգնա ու կմահանա: Ու էդ օրենքը հանել է էն մարդը, որը ոչ ծառայել է, ոչ էլ գիտի ինչ բան է: Ազգի հերոսն էլ էսօր, ցավոք, էս ոստիկաններն են, որ ծնողներին քաշքշում են, հարգանք, պատիվ չունեն»:
Մեկ այլ աջակից էլ նշեց. «Ինչո՞ւ չեն ուզում, որ գա մի լավ ուժ, որ պատրաստ է երկիրը փրկելու, ինչու են դուրս եկել այդ մարդու դեմ: Միայն Վարդան Ղուկասյանն է պատրաստ է երկիրը փրկել, միայն Վարդան Ղուկասյանը կարող է թույլ չտալ, որ թուրքի ոտքի տակ չընկնենք, պետականություն ունենանք, ճանաչեն ցեղասպանությունը, կուզե՞ք հիմա ինձ տարեք ձերբակալեք, այլեւս կորցնելու բան չունեմ, իմ տղային արդեն տարել, հանձնել եք հողին՝ Նիկոլ Փաշինյանով ու իր նախարարներով… Աղաչում եմ, ժողովուրդ, մի մարդու նման դուրս եկեք ու կանքնեք Վարդան Ղուկասյանի կողքին»:
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանի աջակիցները փորձեցին փողոց փակել, թեթեւ ընդհարում եղավ նրանց եւ ոստիկանության միջեւ: «Դուք խախտել եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց ոստիկաններից մեկը եւ 30 վայրկյան տվեց ճանապարհը բացելու համար: Նրանք սկսեցին հրմշտել ցուցարարներին:
«Մի կպի ինձ»,-բորբոքվեց մի կին: «Ես զզվում եմ քեզանից, ճանապարհը բացի՛»,-հակադարձեց ոստիկանը: «Յեքա մարդ ես, գնա տղամարդու գործ արա, ինձ բրդե՞լն է տղամարդու գործը»,-պատասխանեց տիկինը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ