«Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով այսօր դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը։
Հարցաքննվեց ոստիկանության ավագ տեսուչ Արթուր Սաքունցը։ Նա դատարանում հայտարարեց, որ շատ բաներ արդեն չի հիշում, քանի որ բավական ժամանակ է անցել ու խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը։
Մեղադրող դատախազը նկատեց՝ անցել է ընդամենը մեկ տարի եւ պնդեց, որ վկան փորձի հիշել, թե ի՞նչ եղել։ Վկային «համոզելու գործընթացը» երկար տեւեց, հետո հարցերի միջոցով նա հիշեց, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա աշնանը, հավանաբար ԱԺ-ի մոտակայքում։ Դատախազը վրդովվեց վկայի այն հայտարարությունից, որ շատ է ծառայություն լինում, չի կարող հստակ հիշել՝ ասելով․ «Շա՞տ են լինում, երբ դուք իրականացնում եք ծառայություն, ՀՀ նախկին վարչապետի ելույթի հետ կապված»։
Կարդացեք նաև
«Ինչքան որ ելույթ են ունեցել, ոստիկանություն այնտեղ ծառայություն է իրականացրել»,- ասաց վկան՝ նաեւ պատասխանելով, որ հասարակական կարգ են պահպանել, ելույթները լսելու պարտականություն էլ են ունեցել․ «Եթե այնտեղ լինեն կոչեր՝ իշխանափոխության հետ կապված, ասենք՝ հելեք ոտքի կամ սենց․․․»։
Վկան ասաց, որ պարտավորություն ունեն ցույցերում հնչող ելույթների նման կոչերի անպայման հետեւել։
Ավելի ուշ, դատավորի հարցին պատասխանելով, վկան ասաց, որ ելույթների բովանդակային հսկողությունը կատարում են՝ «մենք-մեզանով․ ուշադիր ենք լինում, ոնց որ, որ հասարակական կարգի խախտման կոչեր լսելով․․․»։
Դատախազը հետաքրքրվեց՝ եթե պատշաճ է իրականացրել իր ծառայությունը, ապա պարտավոր է հիշել, թե ի՞նչ ելույթ է ունեցել Հրանտ Բագրատյանը։
«Կոչեր․․․ ոնց որ, իշխանափոխություն կամ վարչապետի դեմ ուղղված կոչեր, ոնց որ բայց լավ չեմ հիշում։ Քաղաքական ելույթ․․․»,- ասաց վկան հավելելով, որ չի հիշում ինչ-որ հստակ արտահայտություններ, որոնք արել է Հրանտ Բագրատյանը։
Դատավորի հարցին՝ հավաքն ինչի՞ մասին էր, վկան պատասխանեց․ «Դե, վարչապետի դեմ ուղղված․․․ «ծիպը»՝ ինչպիսի երկրում ենք ապրում էլի»։
Արտառոց բան եղե՞լ է, թե՝ ոչ, պատասխանեց, որ քաշքշուկներ չեն եղել, իսկ բովանդակային մասով՝ չի հիշում։
Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ հակասություններ կան դատարանում նրա արած հայտարարությունների հետ։ Վկան դատախազի երկու անգամ տված հարցին պատասխանեց, որ դեպքը տեղի է ունեցել 2023-ի աշնանը, մինչդեռ այն տեղի է ունեցել 2023-ի ապրիլ ամսին։ Պաշտպանական կողմը առարկեց՝ հայտարարելով, որ վկաների ամնեզիան հիմք չէ նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ հրապարակելու համար։
Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Ըստ այդմ, նախաքննական ցուցմունքում, վկան ասել է, որ հավաքի մասնակիցների ելույթներին ուշադրություն էին դարձնում, նրանց հավանական վարքագիծը հասկանալու եւ կոնկրետ գործողությունների կոչերին հետեւելու։ Իսկ կոչերից տպավորվել է Հրանտ Բագրատյանի ելույթի ժամանակ, ում ճանաչել է նախկինում՝ տարբեր միջոցառումների հասարակական կարգի պահպանման գործընթացից․ «Ելույթի ժամանակ նա մի պահ հայտնեց, որ քաղաքի բոլոր ծառերից պետք է կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները։ Դրանից հետո հավաքի մասնակիցները գոչում էին՝ «այո» եւ ծափահարում»։ Այնուհետեւ, ըստ վկայի, իր ելույթի ժամանակ Հրանտ Բագրատյանը նաեւ ասել է․ «Վերացրեք այս մարդուն, վերացրեք ներկայիս իշխանություններին․ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մինչ այդ դժգոհում էին կառավարումից եւ բոլոր դժգոհությունները ՀՀ վարչապետին էին ուղղված։ Նրա այդ արտահայտություններից ամբոխը ոգեւորվեց, որովհետեւ դրան հետեւեց ամբոխի՝ հավաքի մասնակիցների ծափահարությունները»։ Վկան նաեւ ասել է, որ այդ կոչերից «ամբոխը» կարող էր ոգեւորվել, դրանք «գործողություններ կատարելու կոչեր էին», այլ հարց, որ հավաքվածներն այդ պահին չեն դիմել գործողության։
Վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը լսելուց եւ վերհիշելուց հետո՝ ամբողջությամբ պնդում է այն, միայն հավելեց, որ աշուն թե գարունը իրականում չի հիշել։
Պաշտպանական կողմի հարցերին էլ պատասխանելով՝ ասաց, որ Հրանտ Բագրատյանի կողմից «սպանել, կախել» կոչեր չեն հնչել։ Համաձայնեց, որ հավաքը սկսվել է խաղաղ, խաղաղ էլ ավարտվել է, հավաքի մասնակիցների կողմից բռնությունների, սադրանքների վտանգ չի եղել այն մասում, որտեղ ինքը ծառայություն է իրականացրել։
Իսկ Հրանտ Բագրատյանի՝ «վերացրեք այդ մարդուն» արտահայտությունն ինքը հասկացել է՝ «հեռացրեք այդ մարդուն իշխանությունից, ժողովուրդ՝ հանեք իրան պաշտոնից, ես մենակ չեմ կարող անել՝ միացեք ինձ, միասին հեռացնենք»։ Թե ի՞նչ է մտածել այդ արտահայտությունն անելիս Հրանտ Բագրատյանը՝ վկան ասաց, որ չի կարող ասել, բայց ինքն այդպես է հասկացել։
Հաջորդ նիստում կքննվեն պաշտպանական կողմի վկայակոչած վկաներ Նարինե Դիլբարյանը եւ Արամ Սարգսյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ