Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման համաձայն՝ նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսեւորումների եւ ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ եւ ուսուցանման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչվելուն, ինչպես նաեւ ուռոլոգիական եւ նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին։
«Վերը նշված հիվանդությունների դրսեւորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության մեջ, արգելվում է նրանց՝ տրանսպորտային միջոցներ ու տեխնիկա վարելը եւ անձնակազմ ղեկավարելը։
Ես պետք է նշեմ,որ նույն գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է, որովհետեւ մենք այստեղ ունենք նաեւ վիճակագրական տվյալներ, որոնք մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։ Խոսքն անգամների մասին է, եւ ելնելով այս հանգամանքից, խորհրդակցելով նաեւ առողջապահության նախարարության հետ, խոսքն այնպիսի հիվանդությունների փոփոխության մասին է, որոնք ծառայության ընթացքում որեւէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջությանը»,- ասաց Պապիկյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցն ունի եւ քաղաքական մոտեցման խնդիր,եւ գիտական-մասնագիտական հիմնավորվածության։ «Երբ մենք վիճակագրությունը նայում ենք, տեսնում ենք,որ անկանոնությունները շատ են։ Իհարկե, այս թեման ուսումնասիրելիս մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետեւ շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, եթե խոսքը վերաբերում է հայրենիքին ու հայրենասիրությանը, այդտեղ պետք չէ շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել։ Բայց երբ պրոբլեմների մեջ խորանում ենք, տեսնում ենք,որ կան բազմաթիվ սողանցքներ, եւ նաեւ պրակտիկան է թույլ տալիս, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են։
Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային ու առողջապահության համակարգերի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխալներ են գործում։ Եվ ՊՎԾ ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք։ Անկեղծ ասեմ՝ իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանրապես, երբ արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ տիպային կիստա ունեն, քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում են եւ այդպես ազատում ծառայությունից։
Ներողություն եմ խնդրում, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ո՞ւմ մտքով կանցնի, որ երկրի, պետության էլիտար երկու մասնագիտությունների ներկայացուցիչների միջեւ այդպես լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության։ Եվ այս ահազանգերը մենք այդ համակարգերից չենք ստացել, այդ համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ՝ այստեղ խնդիր կա, կարգավորեք։ Մենք լրիվ ուրիշ ճանապարհով գնացել հասկացնել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, որոնք դրա հետ առնչվում են, պետք է ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա։ Խելացի, լավագույն կրթություն ստացած մարդիկ են, եթե ամեն օր դրան առնչվում են, այսքան հանդիպում ենք, մեկը չի ասում՝ կառավարություն այս սողանցքները ինչո՞ւ չես փակում»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցադրում հնչեցրեց․ «Ինչո՞ւ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչեւ նախարար, ինչո՞ւ պաշտպանության առաջնային զորահավաքային օղակը չի զեկուցել մինչեւ նախարար։ Կարո՞ղ է պետք է խումբ ձեւավորենք, այս հարցի պատասխանը ստանանք։ Պետության ճգնաժամն այստեղ է, որովհետեւ ստացվում է, որ վարչապետն ու նախարարը պետք է գնան, բոլոր օղակներում թերթեն, որ հասկանան։ Պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երեւում, որ մարդն այդ չարաշահման, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի պրոբլեմ չկա, շուտ արա, գնա այստեղից, թող մենք մեր գործն անենք։ Սա կատաստրոֆա է ուղղակի»։
Փաշինյանը հավելեց, որ նախարարներն էլ պետք է այս ամենից հետեւություն անեն․ «Այս ամենով մինչեւ հիմա ովքե՞ր են զբաղվել, ինձ թվում է՝ էլ չպետք է աշխատեն։ Ով զբաղվել է վերջին 5 տարում եւ չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, գնացեք, ամիսների ընթացքում ընդհանրապես թող էլ ոչ մեկ այդտեղ չաշխատի, այդ թեմայի հետ թող առնչություն չունենա։ Մենք գիտենք՝ այդ մարդիկ ինչով են զբաղված եղել, որինը կկարողանանք ապացուցել, կկարողանանք, որինն էլ չենք կարողանա ապացուցել, թող գնան իրենց հավեսով ապրեն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ