Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 29-ին տեղի էր ունեցել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն, ըստ նրա՝ ընթացել է կանոնակարգի համաձայն, եւ նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
«Պետք է նշեմ, որ պարոն Գյուրջինյանն արդեն շուրջ մեկ տարի իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, եւ այս ընթացքում էլ, կարծում եմ, որ շատ հաջողությամբ է իրականացրել այդ աշխատանքը»,- ասաց նախարարը։
Դավիթ Գյուրջինյանը նշեց․ «Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի հոգաբարձուների խորհրդին՝ նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարին, որոնք այս մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից եւ աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում։ Կարծում եմ՝ առաջիկա տարիների ընթացքում համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է լեզվաբանական եւ լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը։ Եվ այս անորոշ անունը ժամանակավրեպ է այսօր՝ ուղղակի պետական համալսարան, որ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ։ Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի եւ աջակցությունն այս հարցում նույնպես»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը կաջակցի։ «Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետեւ գիտեք, որ մենք բարձրագույն կրթության ոլորտում շատ հավակնոտ ծրագիր ունենք, նաեւ մենք կարիք ունենք անմիջապես ու օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները»,- ասաց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ