Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կարգելափակի՞ Պաղեստինի ՄԱԿ անդամակցության հայտը

Ապրիլ 18,2024 12:34

ՄԱԿ անվտանգության խորհուրդն ուրբաթ կքննարկի ՄԱԿ լիիրավ անդամակցության համար Պաղեստինի դիմումը։

Ի՞նչ ընթացակարգ է նախատեսված

Որպեսզի անդամակցության առաջարկությունը հասնի Գլխավոր ասամբլեա, ԱԽ-ն պետք է դրական եզրակացություն տա Ալժիրի պատրաստած՝ անդամակցությանը կանաչ լույս տվող բանաձևին, որի համար անհրաժեշտ է ԱԽ 15 անդամներից առնվազն 9-ի կողմ քվեարկությունը, ինչպես նաև որևէ մշտական անդամի կողմից վետոյի չկիրառումը։

ԱՄՆ հանգամանքը

Միացյալ Նահանգները, որը ԱԽ մշտական անդամ է, հայտնել է, որ Պաղեստինյան հարցի շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել։ Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ հակամարտությունը պետք է լուծվի Իսրայել-Պաղեստինյան ինքնավարություն ուղիղ բանակցությունների միջոցով։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն «երկու պետության» լուծման կողմնակից է, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծիք է հայտնել, որ «ԱԽ-ում բանաձև ընդունելը մեզ չի հասցնի մի վայր, որը առաջ կմղի «երկու պետության» տարբերակը»։

 

ԱԽ անդամ քանի՞ պետություն է ճանաչում Պաղեստինի անկախությունը

«Երկու պետության» սկզբունքը իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի միջազգայնորեն ընդունված լուծման տարբերակն է, որը երաշխավորում է և՛ իսրայելական և՛ պաղեստինյան պետությունների առկայությունը։

Չնայած սրան, ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դեռևս պաշտոնական մակարդակում չեն ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն, սակայն ոչ-պաշտոնական շփումներ մշտապես եղել են։

ՄԱԿ ԱԽ-ի միայն 8 անդամ է ճանաչում Պաղեստինը որպես անկախ պետություն։ Անհնար չէ, որ մնացյալ 7 երկրներից մի քանիսն ուրբաթ սպասվելիք նիստին կողմ արտահայտվեն Պաղեստինի՝ ՄԱԿ անդամակցությանը, սակայն կանխորոշվում է, որ անհրաժեշտ 9 ձայն ստանալու դեպքում ԱՄՆ-ն կկիրառի վետոյի իր իրավունքը՝ արգելափակելով բանաձևը։

Այնուամենայնիվ, ընդունվելու դեպքում անդամակցության հարցի վերջնական որոշումը կտա Գլխավոր ասամբլեան, որտեղ դրական պատասխանի համար անհրաժեշտ է 193 անդամ պետության ⅔ -ի կողմ ձայները։

 

«Ազատորեն և արժանապատվորեն» ապրելու ձգտո՞ւմ, թե՞ «նվեր ահաբեկչությանը»

«Մենք պարզապես խնդրում ենք տալ մեզ ազգերի հանրությունում մեր արդարացի տեղը, ստանալ հավասար վերաբերմունք, լինել հավասար այլ ազգերի և պետությունների շարքում, ապրել ազատորեն և արժանապատվորեն խաղաղության և անվտանգության ներքո մեր պատմական հայրենիքում», — ՄԱԿ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը։

Դիվանագետը նշել է՝ Պաղեստինի Պետության ՄԱԿ լիիրավ անդամակցությունն ու միջազգային ճանաչումը բավարար չէ «անօրինական օկուպացիան» դադարեցնելու համար, բայց առաջին անհրաժեշտ քայլն է դեօկուպացիայի ճանապարհին։

«Նրանք, որոնք կաջակցեն այս պայմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը, ո՛չ միայն պարզապես նվեր կանեն ահաբեկչությանը, այլև կհակասեն ուղիղ բանակցությունների արդեն իսկ համաձայնեցված սկզբունքներին», – պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումն է հայտնել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։

Էրդանը զգուշացրել է՝ ՄԱԿ ԱԽ-ն կկորցնի լեգիտիմությունը, եթե լիիրավ անդամակցություն տա Պաղեստինյան ինքնավարությանը, «որը խրախուսում և ֆինանսավորում է ահաբեկչությունը և որևէ վերահսկողություն չունի իր տարածքների նկատմամբ»:

Պաղեստինը ՄԱԿ անդամակցության հայտ առաջին անգամ ներկայացրել էր 2011-ին։ Համապատասխան բանաձևը ԱԽ-ում քվեարկության չդրվեց՝ անհրաժեշտ աջակցության բացակայության պատճառով։

2012-ին Գլխավոր ասամբլեան 138 կողմ ձայնով, որի մեջ նաև ՀՀ-ն էր, Պաղեստինի Պետությանը ՄԱԿ-ի դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհեց։

Բացի Պաղեստինից, ՄԱԿ դիտորդ-անդամ է նաև Սուրբ Աթոռը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930