Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների կողմից մեծ հետաքրքրություն կա ՀՀ մարզերում դպրոցներում աշխատելու, դիմելու ժամկետը կերկարացնենք»․ Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 18,2024 11:45

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, որով գումար է հատկացվում ՀՀ մարզերի դպրոցներին, որպեսզի Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աշխատանքի անցնելու հարցը կանոնակարգվի։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախորդ տարի հոկտեմբերին կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մարզային դպրոցներում՝ առանց մրցույթի ընդունվելով աշխատանքի եւ նաեւ ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում։

«Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի եւ Տավուշի որոշ խոշորացված համայնքներում, բացի 30 տոկոս հավելավճարից, նաեւ ամսական 50 հազար դրամ կստանան։ Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն՝ ըստ մարզերի։ Պետք է ասեմ,որ բավական մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից, այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, եւ դիմումների թիվը գնալով ավելանում է։ Եվ նաեւ դա է պատճառը, որ զուգահեռ այժմ մեկ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք։ Այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու եւ այս ընթացակարգով աշխատանքի անցնելու։ Եվ պետք է ասեմ, որ արդեն մեր համակարգում աշխատում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ։ Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել, նրանց այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երեւանում դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների։ Բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, երբ մարդիկ արդեն ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաեւ շատ ավելի մեծ պատրաստակամությամբ օգտվում են այս ծրագրից»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Մենք հետազոտե՞լ ենք, համոզվա՞ծ ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր դպրոցահասակ երեխաները ներգրավված են հանրակրթության ոլորտում»։

Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Այո, կարող եմ ասել, որ այդպիսի վստահություն ունենք։ Հիմա մենք նաեւ մարզերից ստացվող հատուկենտ ահազանգերով տեսնում ենք, որ կրթությունից դուրս մնացած կարող են լինել հիմնականում այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Մի քանի այդպիսի դեպքեր ունենում ենք, որ ահազանգում են՝ արդեն հիմա այս բնակավայրում են, եւ երեխան դպրոց պետք է գնա։ Մարզերի հետ արագ, օպերատիվ աշխատում ենք եւ այդ հարցերը լուծում ենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930