Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել
Արդեն 5 տարի՝ 2019 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետևողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու և էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում: Թե որքանով է դա կարևոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության և առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաև այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ավելացող լուսավորված փողոցների առկայությունը: Ժամանակակից LED լուսարձակների լուսատվությունը բարձր է, սպառած էներգիան՝ քիչ, դրանց շնորհիվ համայնքում տնտեսվող միջոցներն էլ՝ զգալի: Համակարգն աշխատում է ավտոմատ՝ բնական լույսի հետ կարգավորվելու հնարավորությամբ: Իսկ վերջին տարում արդիականացվել է նաև կառավարումը. հին վահանակները փոխարինվել են նորերով: Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացնել հեռավար՝ բջջայինով արվող հեռախոսազանգով անջատել կամ միացնել լույսերը կամ էլ սահմանել ժամային նոր գրաֆիկ:
«Կոթիում նույնիսկ ամենածայրամասային փողոցները կարևոր նշանակություն ունեն: Դրանք սահմանին ավելի մոտ են՝ երբեմն ուղիղ գծով 1200 մ հեռավորության վրա: Այստեղ լուսավորության ցանցի կառուցումն իր կարևոր դերն ունի և´ անվտանգային, և´ հոգեբանական առումով: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են: Համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով, բայց նոր տեխնոլոգիաներն առավել մեծ հնարավորություններ են տալիս: Ցանկության դեպքում կարելի է համակարգը միացնել-անջատել հեռավար՝ բջջային հեռախոսազանգի միջոցով, կամ սահմանել աշխատանքի նոր ռեժիմ»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:
Կարդացեք նաև
Վերջին տարում Կոթիում լուսավորվել է 5 փողոց, որից երկուսն առավել կարևոր նշանակության են՝ սահմանին մոտ են: Սահմանից դրանց հեռավորությունը ուղիղ գծով հազիվ է գերազանցում մեկ կիլոմետրը: Հերթական ծրագրով այստեղ տեղադրվել է 59 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2300 մ ճանապարհահատված: Ընդհանուր առմամբ, 5 տարվա ընթացքում Կոթիում տեղադրվել է 207 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 8 կմ տարածք: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարիներին արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց տեղադրման համար նախատեսված փոսորակները փորելու գործում իր ներդրումն է կատարել նաև համայնքը:
Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունը հեռավոր մարզերում բնակվողների համար կարևոր է մի քանի տեսանկյունից: Կառավարման արդի համակարգերի ներդնումն ու էկոգյուղերի ցանցի ձևավորումը թույլ են տալիս ապահովել երկարաժամկետ արդյունք, մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը և հնարավորինս կանխել արտագաղթը: Բացի այդ, լուսադիոդային լամպերը սպառում են 80%-ով պակաս էներգիա՝ ապահովելով բարձր լուսատվություն: