Արդեն կասկածից վեր է՝ այս իշխանությունը որոշել է մեր անցյալը ջնջել, պատմությունը սրբագրել։ ՔՊ-ականները ժխտում են ոչ միայն Հայաստան պետության ու հայ ժողովրդի անցյալի ձեռքբերումները՝ անարգելով արցախյան հաղթանակը, այլեւ մեր պատմության ամենաողբերգական էջը՝ Հայոց ցեղասպանությունը։ Վերջին օրերին նրանց հայտարարությունները, որոնք հենց այնպես չեն արվում, հիմք են տալիս պնդելու՝ ժխտողականությունն այս իշխանության անբաժան մասն է դարձել, որքան էլ Անդրանիկ Քոչարյանը փորձի սրբագրել ինքն իրեն, թե ցեղասպանության զոհերի ցուցակների մասին հայտարարությունն իր անձնական մոտեցումն էր, ոչ թե Փաշինյանի ծրագիրը։ Ի դեպ, այն նույն Փաշինյանի, ով նախօրեին ցեղասպանության պահանջատիրության խնդիրը պայմանավորել էր ԽՍՀՄ-ՆԱՏՕ հարաբերություններով ու միջազգայնորեն ընդունված տերմինի՝ «ցեղասպանության» փոխարեն օգտագործել «Մեծ եղեռնը» կամ «դժբախտությունը»։ Մասնագետները միաբերան պնդում են՝ խաղը, որի մեջ փորձում է մտնել իշխանությունը, թուրքական է։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն ասում է՝ թուրքական կողմը մշտապես փորձել է Հայոց ցեղասպանության խնդիրը զոհերի թվային տվյալների դաշտ բերել՝ մի բան, որը նրան չի հաջողվել։ «Ցեղասպանության հանցագործությունը ոչ թե շատ մարդկանց սպանություն է, ինչպես մեզ մոտ շատերը սխալմամբ կարծում են, եւ ինչպես վերջին օրերին երեւաց` կարծում են նաեւ որոշ պաշտոնյաներ, այլ որոշակի մարդկային խմբի ոչնչացմանն ուղղված գործողություն, եւ բոլորովին կարեւոր չէ, թե քանի մարդ է ոչնչացվել կամ սպանվել, ավելին՝ կարող են լինել դեպքեր, երբ մարդկային խումբը չի ցեղասպանվում, օրինակ, տեղահանվում կամ ուծացվում է։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում՝ Բոսնիայի, 2007 թվականի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը կա, որտեղ ընդունվում է, որ 1994 թվականին Բոսնիայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, թեեւ այդ որոշումը կայացվել էր Սրեբրենիցայի 7 հազար տղամարդկանց սպանության դեպքում։ Ես չեմ ասում «ընդամենը», որովհետեւ 7 հազարն էլ ահռելի թիվ է, բայց ուզում եմ ասել, որ, տեսեք` 7 հազար տղամարդու սպանությունը բավարար էր, որպեսզի այդ խմբի ոչնչացման գործողությունը հստակ արձանագրվի որպես ցեղասպանություն»,- «Հրապարակ»-ին ասում է Սուրեն Մանուկյանը։
«Ես ցիտում եմ իրեն. ասում էր՝ մենք պետք է, ի վերջո, ունենանք այդ ցուցակը, որպեսզի հանկարծ չհակադարձեն։ Սա նշանակում է` մտնել մի ծուղակ, որտեղ Թուրքիան մշտապես փորձել է մեզ գցել։ Իրենք ասում են. դուք՝ հայերդ, ստում եք 1,5 միլիոն թվի մեջ, եւ դրանում կասկած են առաջացնում։ Դու մտնում ես իրենց հետ այդ խաղի մեջ ու երբ չկարողանաս ապացուցել, որ իրոք զոհերի թիվը 1 միլիոն 500 հազար է, որովհետեւ դա գործնականում շատ բարդ է՝ Օսմանյան կայսրություն էր, արխիվները նպատակադրված ոչնչացվում էին, իրենք կարող են որպես փաստարկ վերցնել ու ասել՝ տեսե՛ք, հայերն այստեղ ստում են, ուրեմն գլոբալ հարցում էլ են ստում։ Որեւէ գիտնական, ցեղասպանագետ չի մտնի դրա տակ եւ երբեւէ չի մտել։ Մշտապես, երբ թուրքական կողմը նրանց փորձել է ներքաշել այս դաշտ, ստացել է մեկ պատասխան՝ թվերը կարեւոր չեն, սա՝ առաջին, եւ երկրորդ` կասկած չկա, որ 1,5 միլիոն մարդ, առնվազն, ցեղասպանության է ենթարկվել։ Սա զոհերի վավեր եւ ամենահավանական թիվն է, սա են վկայում արդեն հարյուր տարուց ավելի ընթացող հետազոտություններն ու ուսումնասիրությունները, մարդիկ աշխատել են, հազարավոր գրքերում արձանագրված է դա, մարդիկ հիմք են ունեցել այդ թիվն օգտագործելու համար»,- շարունակում է ցեղասպանագետը։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: