Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես չի հասկացվում, թե ինչ է ՀՀ-ԵՄ այս գործընկերության օրակարգը. «Հրապարակ»

Ապրիլ 18,2024 10:36

Բոլոր այն անձինք, ովքեր հետեւում են ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նկատած կլինեն, որ վերջին 1-2 ամսում նոր տերմին է շրջանառվում՝ EU-Armenia Partnership Agenda, թարգմանաբար` ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգ։ Հայերեն տարբերակը դեռ այնքան էլ չի շրջանառվել, որ ծանոթ թվա, բայց անգլերեն EU-Armenia Partnership Agenda-ի մասին նշվում է արդեն համարյա ամեն քայլափոխի։ Եթե ճիշտ եմ հիշում` առաջին անգամ այդ տերմինը հնչեց փետրվարին, ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստում, որի արդյունքներով համատեղ հայտարարություն տարածվեց, եւ կարծես առաջին անգամ խոսվեց այն մասին, որ ԵՄ-ն եւ Հայաստանը համաձայնել են աշխատանքներ սկսել նոր EU-Armenia Partnership Agenda-ի ուղղությամբ։

Հայտարարությունում ասվում էր, որ այդ Գործընկերության օրակարգը բոլոր ուղղություններով համագործակցության նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ կսահմանի։ Սակայն հայտարարությունից եւ հետագա արծարծումներից առանձնապես չի հասկացվում, թե ինչ է այս Գործընկերության օրակարգը։ Սա, այսպես ասած, «հովանոցային» կամ ընդհանրական անվանումն է այն քայլերի, գործողությունների, որ նախատեսվում է կատարել առաջիկայում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը խորացնելու ուղղությա՞մբ, թե՞ փաստաթուղթ է, որ նախատեսվում է առաջիկայում կազմել, ստորագրել ՀՀ-ԵՄ-ի միջեւ՝ երկկողմ  հարաբերությունները CEPA-ի (Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի) մակարդակից վեր բարձրացնելու եւ կոնկրետ ուղղություններով խորացնելու համար։

Այսինքն, կա ավանումը՝ EU-Armenia Partnership Agenda, սակայն առայժմ անհասկանալի են դրա բնույթը եւ բովանդակությունը։ Հետեւաբար, փոքրիշատե հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, հարց ուղարկեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ խնդրելով պատասխանել. «Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգը։ Արդյո՞ք սա նոր փաստաթուղթ է, որ գծելու է ապագա երկկողմ համագործակցության շրջանակը։ Այն ի՞նչ փոխկապակցության մեջ է CEPA-ի եւ AA-ի (Ասոցացման համաձայնագրի) հետ»:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ստացվեց պատասխան․ «ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը, որը տեղի ունեցավ 2024-ի  փետրվարին, հաստատեց ԵՄ-ի եւ Հայաստանի փոխադարձ շահագրգռվածությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու եւ խորացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված իրենց հարաբերությունները։ Այս նպատակով կողմերը համաձայնել են սկսել աշխատանքը նոր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ բոլոր ուղղություններով համագործակցության համար: Գործընկերության խորհուրդը վերանայել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքը: Նոր Գործընկերության օրակարգի մասին որոշումը զորեղ ազդանշան կլինի առ այն, որ մենք փոխադարձաբար շահագրգռված ենք երկկողմ հարաբերություններում նոր ռազմավարական փուլի անցնելու, որը կտրամադրի հստակ ճանապարհային քարտեզ եւ տեսլական ապագայի համար: Միեւնույն ժամանակ, CEPA համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը»։

Այսպիսով կարող ենք ասել, որ, մեծ հավանականությամբ, համագործակցության նոր փաստաթուղթ է նախապատրաստվում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930