Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չմեծացնել աղբի կույտը

Ապրիլ 18,2024 10:00

Պատկերացրեք աղբի մի «սար»: Եվ քանի որ այդ կույտն արդեն գոյություն ունի, քանի որ «բոլորն են այդպես վարվում», ոչինչ չի պատահի, եթե ես իմ փոքրիկ «ցելոֆանը» գցեմ այդ կույտի վրա: Թե՞ կպատահի:

…2018 թվականին ՀՀԿ-ականներին չէին թողնում խանութ մտնել (իհարկե, նրանց, ովքեր անձամբ խանութ էին գնում, ոչ թե իրենց վարորդներին էին ուղարկում), հայհոյում էին եւ անիծում: Աղբի կույտն առաջացած էր, որոմը ցանած էր, քաղհան անելու փորձը հանդիպում էր կոշտ դիմադրության: Իսկ մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը տրանսպորտում վիրավորել է ՔՊ-ական պատգամավորին: Կույտը մի փոքր մեծացավ:

2008 թվականի մարտի 1-ին օլիգարխների զինված բանդաները ֆիզիկական հաշվեհարդար էին տեսնում ցուցարարների հետ: Օրերս դիմակավորված հանցագործները (գուցե նույն օլիգարխների նույն բանդաների՞ց) հարձակվել եւ խոշտանգել են նույն երիտասարդին այն պարագայում, երբ նա գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ, իսկ բարձրաստիճան ՔՊ-ականները (փողոցում մարդկանց վրա թքող, ԱԺ-ում քացով կռիվ անող) բոցավառ կոչեր էին անում՝ պատժել խուլիգանին: Բավականին շոշափելի նոր աղբակույտ է:

Պատգամավորն ԱԺ միջանցքում հարցերին պատասխանելու փոխարեն հարձակվում է լրագրողի վրա: Մեր պրակտիկայում դա առաջին դեպքը չէ՝ հիշեցի Նահապետ Գեւորգյանին («Նավոյին») եւ Հակոբ Հակոբյանին («Ճոյտին»): Ինչպե՞ս վարվել: Ագրեսիային ագրեսիայո՞վ պատասխանել, վիրավորանքներին վիրավորանքներո՞վ: Ո՛չ: Նորից, եթե հարցեր առաջանան, մոտենալ նույն պատգամավորին եւ հանգիստ հարցեր տալ: Հակառակ դեպքում աղբի եղած կույտին ավելացնելու ենք մեր փոքրիկ «ցելոֆանե տոպրակը»:

Վաղը կլինեն նոր օլիգարխներ, նոր բանդաներ, թույլ նյարդային համակարգով նոր պատգամավորներ, իսկ խոշտանգողներն ու խոշտանգվողները գուցե կփոխվեն տեղերով: Եկեք անկեղծ լինենք, մենք՝ լրագրողներս, միայնակ դա չենք կարող կանխել: Բայց մենք կարող ենք չարությունը, ատելությունը, ագրեսիան, կարճ ասած՝ աղբը, չավելացնել: Գուցե ոմանք հետեւեն մեր օրինակին:

«Օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին»: Դա կյանքից կտրված «իդեալիզմ» չէ: Դա հասարակությունն առողջացնելու ծրագիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Փաստորեն առաջարկվում է “Ребята, давайте жить дружно” լեոպոլդյան համբերատար ոճը։ Վստահ չեմ, թե դրանից այսօրվա քպ-ական լկտիները քրիստոնեաբար հետևություններ կանեն, քանի որ նրանց միակ աստվածը անկիրթ ու օտարահպատակ նիկոլն է, իսկ դավանած կրոնը – նիկոլապաշտությունը, որը քրիստոնեական պատգամների հետ որևէ հատման կետ չունի։
    Այդպիսի փափուկ ոճի անցնելու դեպքում սովորաբար լկտիներն ավելի լկտի են դառնում, իսկ հայրենիք վաճառողները դառնում են հարուստ վաշխառուներ։

  2. Հայ says:

    Աղբի կույտը մեծացնել պետք չէ,բայց այսպես այլևս շարունակվել չի կարող։
    Իրավական համակարգը եթե պիտի բանդաների հետ համագործակցի , մեր վերաբերմունքը իրավական համակարգին պետք է լինի համարժեք։
    Սա անթույլատրելի է, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի տառին համաձայն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930