Երեւանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին, իսկ Երեւանն ու Աստանան հռչակվեցին` քույր քաղաքներ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր: Այցի նախաշեմին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գնահատել էր որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի ուշադրության եւ համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։ «Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», – ասել էր նա:
Ղազախստանի նախագահը նաեւ հավելել էր, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ ամուր եւ տեւական խաղաղության հաստատումը բխում է իր երկրի շահերից. «Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»։
Կարդացեք նաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Հայաստանում արդեն հայտարարեց, որ Երեւանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին. «Բարձր ենք գնահատում Հայաստանի ձգտումը՝ Հարավային Կովկասում վերականգնելու տրանսպորտային կապերը: Այդ իմաստով ողջունում ենք մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»:
Տոկաեւը նախագահի պաշտոնում առաջին անգամն էր Հայաստանում: Կողմերը քննարկել են տնտեսական եւ ներդրումային համագործակցության հարցեր՝ ընդգծելով, որ պետք է մեծացնել արտահանման եւ ներմուծման ապրանքների ցանկը: «Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 միլիոն դոլարի նշաձողին: Պետք է ակտիվացնել հարաբերությունները արդյունաբերության, ֆինանսների նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ասպարեզներում», – նշել է Տոկաեւը: Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է հայտարարություն: Տոկաեւը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ղազախստան: Քննարկվել են նաեւ մշակութային կապերը խորացնելու հարցեր: Երկու երկրների, մայրաքաղաքները՝ Երեւանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ, երկու մայրաքաղաքներում նաեւ պուրակներ կստեղծվեն: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի եւ Երեւանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաեւի անվան պուրակի հիմնումը», – նշեց Փաշինյանը:
Սա վերջին երկու ամսվա ընթացքում ղազախ պաշտոնյաների արդեն երկրորդ այցն էր Հայաստան: Մարտի կեսերին Երեւանում էր Ղազախստանի արտգործնախարարը: Երկու նախարարներն առանձնազրույց էին ունեցել, ապա հանդիպել էին պատվիրակությունների մասնակցությամբ եւ ստորագրել էին 2024-25թթ. գործողությունների ծրագիրը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպմանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: «Ես հնարավորություն ունեցա նաեւ իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը, դուք գիտեք «Խաղաղության խաչմերուկի» մասին, մենք այսօր խոսեցինք այդ մասին, լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Իհարկե, նաեւ իմ սիրելի գործընկերոջը ներկայացրեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը», – հայտնեց Միրզոյանը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն նշեց, որ դա փոխլրացնող հնարավորություն կարող է լինել երկու երկրների համար, եւ որ աշխատելու են, որ միջին միջանցքը լիարժեք աշխատի. «Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց, որ Հայաստանում իրագործվում է «Խաղաղության խաչմերուկը»։ Ես կարծում եմ, որ դա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար, եւ մենք մտադիր ենք միասին աշխատել մեր գործընկերների հետ, որ միջին միջանցքը վերջապես իրագործի իր ներուժն ամբողջությամբ»։ Միջին միջանցքն այլ կերպ կոչվում է տրանսկասպյան տրանսպորտային ուղի եւ ձգվում է Չինաստանից Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական երկրներ: Ղազախստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարեւոր նշանակություն ունի իրենց համար:
Մուրատ Նուրթլեուն մոտ մի տարի է, ինչ Ղազախստանի արտգործնախարարն է, նախկին ԱԳ նախարար Մուխթար Թլեյբերդին Հայաստանում էր 2022թ. ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հավաքին: Ընդհանրապես ղազախստանցի պաշտոնյաների այցերը մինչ այս ավելի հաճախ կապված էին ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական տնտեսական միության հավաքների հետ: Արտգործնախարարների այդ հանդիպմանը հաջորդած ասուլիսում, սակայն, ՀԱՊԿ-ի եւ այդ կառույցի հետ կապված խնդիրների մասին ոչինչ չասվեց։ Ղազախստանի արտգործնախարարը միայն հպանցիկ նշեց, որ կարեւորում է համագործակցությունը տարբեր կազմակերպություններում։ «Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների եւ մարտահրավերների շուրջ մոտ են, մեր կարծիքները հաճախ համընկնում են։ Այդ պատճառով մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք անվտանգությանը եւ կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Մեր հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի մեր փոխհամագործակցությունը տարբեր կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն», ընդգծել էր նախարարը:
Իր հերթին Միրզոյանն էլ շեշտել էր, որ Հայաստանի համար կարեւոր է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր երկրների հետ. «ՀՀ-ն շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ ամերիկյան մայրցամաքից մինչեւ Հեռավոր Արեւելք, մինչեւ Արեւելյան Ասիա, եւ իհարկե՝ Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարեւոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, եւ շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից, մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար»։
Տոկաեւի այցի նախօրեին Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանը Egemen Qazaqstan եւ «Казахстанская правда» թերթերին տված հարցազրույցում խոսեց ԵԱՏՄ-ն չքաղաքականացնելու մասին, նշեց, որ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ. «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որեւէ քաղաքական եւ հատկապես աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական եւ ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը եւ զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ: Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առեւտրի եւ ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, դա, ըստ նրա, կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի: Փաշինյանը նաեւ ասել է, որ բազմակողմ հարթակներում երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով. «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երեւանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել եւ խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում»։
Այսպես, Հայաստանի կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ շարունակում են զարգացնել փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ձգտելով կանխել այն քաղաքականացնելու բոլոր փորձերը: Թե ովքեր են այդպիսի փորձեր անում, եւ ինչպես է դա ազդում միության անդամ երկրների համագործակցության վրա, Փաշինյանը փակագծեր չբացեց:
Սակայն, կարելի է ենթադրել, որ Հայաստանի դեպքում քաղաքականացման ռիսկերը կարող են արտահայտվել մասնավորապես դեպի եվրասիական շուկա ապրանքների տեղաշարժի սահմանափակմամբ։ Նման նախադեպեր եղել են, օրինակ, երբ հայ-ռուսական լարվածության ֆոնին Վերին Լարսի անցակետում հայկական ապրանքների հետ կապված խնդիրներ են առաջանում: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը հայկական բեռնափոխադրողների համար վերջին ամիսներին եւս հարթ չէ: Գործարարները հաճախ ահազանգում են խնդիրների մասին:
Նկատենք, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 2023-ին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 7 միլիարդ դոլար: ՀՀ-ն պատրա՞ստ է ամենատարբեր հնարավոր տնտեսական ռիսկերին, որոնց կարող է բախվել: ՀՀ իշխանությունները այդ ռիսկերի կառավարման ծրագրեր պետք է ունենան, եթե ժամանակ առ ժամանակ հայ տնտեսվարողները տարբեր արհեստական խնդիրների են բախվում:
Իսկ ԵԱՏՄ-ից տարբեր մակարդակներով ՀՀ-ին նախազգուշացնում են, որ կառույցից հրաժարվելը` «կհակասի Հայաստանի շահերին»: Փետրվարին «Նովոստի»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն արձանագրել էր, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար: Պանկինը շեշտել էր՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միության շրջանակներում դարձել է առաջատար, մասնավորապես, ՀՆԱ-ի աճի, կապիտալ ներդրումների, շինարարական աշխատանքների ծավալով։ Նրա խոսքով՝ այս ամենը հնարավոր է դարձել միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի, ձեռնարկությունների բացման ընթացակարգերի պարզեցման, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների եւ այլնի շնորհիվ։ «Այսպիսով, տնտեսական տեսակետից միությանն անդամակցությունն անշուշտ ձեռնտու է Երեւանին, եւ դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին», – ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ 2023թ. հունիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Փաշինյանը չմասնակցեց հոկտեմբերին Բիշքեկում ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, իսկ նոյեմբերի վերջին բոյկոտեց նաեւ Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Յոթ ամսվա բոյկոտից հետո Փաշինյանը դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին։ Այդ նիստին Փաշինյանը հայտարարեց` ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ «Մենք շարունակում ենք այն հենց այդպես ընկալել եւ այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- նշեց նա։
Այս տարվա փետրվարի սկզբին Ալմաթիում անցկացվեց ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը։ Այն վարում էր Փաշինյանը, որն էլ ընդգծեց, որ վերջին 1 տարում աճել է Հայաստանի ապրանքաշրջանառությունը միության երկրների հետ, նախորդ տարվա համեմատ՝ 39 տոկոսով։ Հիշեցնենք, այս տարվա հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։
Հայաստանն ու Ղազախստանը գործընկերներ են ԵԱՏՄ-ում ու նաեւ ՀԱՊԿ-ում, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են, որ անդամակցությունն այդ կառույցին սառեցրել են: Հայտնի է, որ Ղազախստանը բավական սերտ ու խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:
Հիշեցնենք, որ Աստանայում 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում հենց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջոցով էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախապայման դրել, որի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Նազարբաեւն այդ օրը Ալիեւի նամակն ընթերցեց հավաքվածների համար:
Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ` մարտի 11-ին, Ղազախստանի նախագահ Տոկաեւն Ալիեւի հետ այցելել էր Շուշի, Ֆիզուլի եւ հայտարարեց, որ Ղազախստանն «անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ»:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 17.04.2024