Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Ապրիլ 18,2024 12:30

Սկիզբը՝ այստեղ:

Գեղանկարիչ Հովիկ Քոչինյանի ու ռեժիսոր Էդվարդ Բադունցի հետ մտանք Բեւեռլի Հիլզ ժամանակակից արվեստի թանգարանի ռեստորանի ընդարձակ սրահ, որի վերին անկյունում պատկերասրահի տնօրենն էր՝ պարոն Մարմինը:

Առանձին անկյուններում գեղեցկուհիներ էին՝ դեմքերին ձանձրացողի արտահայտություն տված՝ սպասում են առաջարկի: Իհարկե, սա էլ է բիզնես:

Հրեա գործարարը սկզբում կինոարտադրությամբ էր զբաղվում, հետո ձեռնարկեց նկարիչների մենեջերի գործը: Պատկերասրահում նկարիչների աշխատանքներ կարող են գնել միայն ակումբի անդամները: Մի պահ Հովիկը նրան ներկայացրեց իմ նկարների ալբոմը: Պարոն Մարմինը թերթեց այն ու ասաց.

-Հետաքրքիր է…

Սակայն նա անծանոթ, շուկայում իր տեղը չհաստատած նկարչի գործեր չի վերցնում: Նա չի ընդունում անհայտ նկարչի գործեր, ինչ աստիճանի տաղանդ էլ ներկայացնի իրենից: Քո առաջընթացը շուկան է որոշում, որի գագաթին հայազգի Լարի Գագոսյանն է: Աշխարհի գլխավոր քաղաքներում Լարին  հիմնել է իր անունով 19 պատկերասրահ: Այժմ ինքն է որոշում  վաճառվող նկարների գինը:

Պարոն Մարմինը երբեմն հանդիպում է Գագոսյանին:  Իսկ դա պարոն Մարմինի համար յուրօրինակ անցաթուղթ է:

Պարոն Մարմինին ներկայացան երեք երիտասարդներ: Մարմինը հանդիպման էր հրավիրել ծրագրավորող տղաների՝ առաջարկելով համապատասխան կայք ստեղծել, որով հնարավոր լիներ վաճառքի հանել այս պատկերասրահի աշխատանքները: Իհարկե, այստեղ ներկայացված հեղինակները եթե որոշ աստիճանի հասած նկարիչներ են, ապա նրանց գործերը հեռու են գեղարվեստական արժեքից: Ահա, օրինակ, Բլեկ Լե Ռատ նկարչի «Դիջեյ» նկարը, որը գնահատված է 25-35 հազար դոլար, իրականում անգլիացի հայտնի գեղանկարիչ Բանկսի (Banksy) նկարից է օգտվել, մեկ այլ նկարում Մեթին Բեռեկետլին ուղղակի գերմանացի Գերհարդ Ռիխթերի հորիզոնական գունագեղ գծերով նկարը 90 աստիճանով շրջել է ու ներկայացրել որպես իր ստեղծագործություն, որը գնահատվել է 65-75 հազար դոլար, այն դեպքում, երբ դրանց հեղինակների այդ գործերը գնահատվում են մինչեւ հինգ միլիոն դոլար: Սրա մասին ես գրում եմ ոչ թե պատճենողներին մեղադրելու իմաստով, այլ այս շուկայում իրական վիճակը պատկերացնելու համար: Շտիկ հեղինակի «Սեր 143» աշխատանքը գնահատվել է 100 հազար դոլար: Սխեմատիկ այս նկարը պատկերում է գենդերային հավասարությունը, որը բարձր է գնահատվում Արեւմուտքում: Ինվադերի «Allen Boy» գործը գնահատված է 600 000 դոլար…

Ես փորձում եմ այս ձեռնարկի միջոցով գնահատել գեղանկարչությունում, նրա գնահատման գործում տեղի ունեցող երեւույթները: Գեղանկարչությունը անկո՞ւմ է ապրում: Սա ընդհանուր ի՞նչ ունի մշակույթի անկման հետ:

Երբ դուրս եկանք պատկերասրահից, Հովիկը ներողություն խնդրեց, որ ստիպված պետք է լինենք հանդիպել այս կողմերում բնակվող Լազար Կոմպոնին, որը պետք է իրեն վճարի գեղանկարի վերականգնման համար: Ես ու Հովիկը հանդիպեցինք նրան: Հրեա գեղանկարիչը պատմեց, որ Սիբիրում է ծնվել: Այդ պահին ես մատնացույց արեցի մի անկյունում Ստալինի մեծադիր նկարը: Նա նկարների հավաքածու ունի, որից երբեմն վաճառքի է հանում: Նա թաղամասի պատասխանատուներից է: Երբ որեւէ ծեր բնակիչ է մահանում, վաճառքի հանած նրա իրերից Լազարը հին գեղանկարներն էր գնում: Նա Հովիկին էր պատվիրում դրանց վերականգնման գործը:

Վերադառնում ենք մի ճանապարհով, որը այդ ժամին խցանված չէր: Հենց այդ ճանապարհի երկու կողմերում են Բեւեռլիի մեծահարուստների շքեղ դղյակները: Հովիկին թողեցինք իր տանը եւ Բադունցի հետ վերադարձանք Գլենդել:

Արցախ փողոցում հանդիպեցի գեղանկարիչ Սամ Զումիանին (Սամվել Համբարձումյան):

-Միանգամից քեզ առաջարկեմ այսօր Մուրադյանի մոտ գնանք: Նրա մոտ հավաքվում ենք՝ մի խումբ նկարիչներ, -ասաց Սամը:

-Ես չեմ գա, -կտրուկ ասացի ես:

-Ինչո՞ւ, – զարմանքով դիմեց նկարիչը:

-Չեմ կարող ասել, բայց նրան չեմ ուզում հանդիպել…

Սամ Զամյանի նկարչական արվեստին ծանոթացա տպագրական գրաֆիկայի՝ օֆորտների միջոցով:

Նկարիչը իր մասին գրում է. «Գրաֆիկական թերթերն իմ փոխարեն կխոսեն տարիների ապրումներիս, հին ու նոր, նախկին ու ներկա, իրական ու արվեստածին պատմություններիս մասին…

Մենախոսություն, քանզի խոսքիս արձագանքն ավելի վաղ մանկությունից եկող տպավորությունների կանչն է, իսկ դրանց կերպավորումը՝ զուտ հնարքների լեզու»:

Սամ Զամյանը երեւույթներ պատկերելիս միայն իրեն յուրահատում վերաբերմունքով ամեն ինչ յուրովի, միայն իրեն յուրահատուկ մոտեցմամբ, ամենը իրենն է դարձնում: Դա իր աշխարհն է: Ուզում ես ընդունիր կամ մերժիր, քո գործն է: Սակայն, ի վերջո, մի քանի անգամ դիտելուց, քննելուց հետո այն նաեւ քոնն է դառնում: Բակային խաղերը մոռացության են մատնվել, սակայն Զամյանի օֆորտներում նորից են կենդանանում, շրջապատը լցնում հայրենիքի, մանկության հետ կապված հիշողության դրվագներով:

Զամյանի գրաֆիկան լեցուն է նույնիսկ իր համար անսպասելի լուծումներով, անակնկալներով: Այդտեղ էլ երեւակայվում է հայտնությունը: Տեխնիկական հնարքները նոր հնարավորություններ են բացահայտում: Ասես նրա կտավները օֆորտների շարունակությունն են: Սակայն գունային լուծումները նոր աշխարհ են բացահայտում:

Մտածեցի, որ Սամ Զամյանը հազիվ թե հաջողության հասներ ու գնահատվեր հայրենիքում, չնայած այնտեղ ստեղծված գործերը չէին զիջի Մուրադյան պատկերասրահի հովանու տակ ստեղծած գործերին:

Հաճախ հարցնում են. ինչո՞ւ մեզ մոտ մշակույթը հետին պլան է մղվում: Օրինակ, վերջին երեսուն տարիներին երկրի ոչ մի առաջնորդ մշակույթը չգնահատեց: Արհամարհված է միջին խավը՝ գրողները, երաժիշտները, նկարիչները, կինոգործիչները, լուսանկարիչները… Հենց այստեղից է սկսվում արհամարհանքը մտքի, մտահղացման նկատմամբ: Արդյունքը՝ անբարոյականությունն է, անկումը, ահռելի չափերի հասնող կոռուպցիան…

ԲԱԿՈՒՐ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել

«Առավոտ» օրաթերթ
17.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930