Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների շրջանակում ապրիլի 17-ին ընթացավ Ադրբեջանի առարկությունների ներկայացման երկրորդ փուլը։
Ադրբեջանի շահերը պաշտպանող փաստաբանները փորձեցին դատարանին համոզել, որ հայ ռազմագերիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, գերեվարվել են ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ և որ իբր ադրբեջանական իրավական համակարգը հայերի նկատմամբ խտրականություն չի դրսևորում։ Հղում կատարելով Ժնևի կոնվենցիաներին և միջազգային մարդասիրական իրավունքին՝ նրանք փորձում էին համոզել, որ միջազգային մարդասիրական իրավունքը կարող է պարունակել ազատազրկման հետ կապված հատուկ դրույթներ։
Փաստաբաններից մեկը հայտարարեց․ «Հայկական կողմի ներկայացրած տվյալներից պարզ է, որ բոլոր ռազմագերիներն ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ են գերեվարվել իրենց անօրինական գործողությունների համար»։ Փորձեցին հավաստիացնել, թե քաղաքացիական անձանց Ադրբեջանը չի գերեվարել ու չի ազատազրկել։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի օրինակը բերվեց՝ ցույց տալով նրա լուսանկարները, որոնք վերցված էին նրա ֆեյսբուքյան էջից։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը 2021-ի հունիսին 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին` վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով:
Ըստ մեղադրանքի՝ սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։
Նա Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունից, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Ադրբեջանի շահերը պաշտպանող փաստաբանը, ցուցադրելով Վիգեն Էուլջեքյանի լուսանկարները, որտեղ նրա ձեռքին զենք կա, հարցրեց․ «Այս լուսանկարները քաղաքացիական անձի՞ լուսանկարներ են»։
Նաև հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին, որը վկայակոչում է նաև հայկական կողմը, նշեց, որ այն ուղղված է զինված հակամարտության երկու կողմերին։
Ադրբեջանական կողմի փաստաբանները փորձում էին համոզել, որ Ադրբեջանի իրավական համակարգը խտրականություն չի ցուցաբերում ազգությամբ հայերի նկատմամբ։ Նրանցից մեկը հայտարարեց․ «Այդ նույն իրավական համակարգն էր, որ հանեց հայ ռազմագերիների մեղադրանքները ապացույցների սղության պատճառով։ Բոլոր այդ նիստերը եղել են հրապարակային, որին մասնակցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։
Նշենք, որ հայկական կողմն իր երկրորդ փուլի առարկությունները կներկայացնի ապրիլի 19-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ