«Արտաքուստ տեսնում ենք պետության ու հանցավոր խմբի համագործակցություն: Այսպիսի բան չէր եղել: Շատ հարցեր կան, որոնք որ պատասխաններ չեն ստանում: Այդ ուղեկցողները պարզապես իրավունք չունեին բացակայելու, դուրս գալու, ինչո՞ւ են դուրս եկել: Այդ մեքենայի դռները բացել հնարավոր չէր, հետեւաբար, այստեղ այլ բան չի մնում մտածելու, որ տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն: Երբ երեկ դրա մասին հաղորդումը տրվեց, պետք է ընդունվեր վարույթ, բայց դա էլ տեղի չի ունեցել: Սա լրջագույն խնդիր է առաջացնում ՀՀ իրավապահ համակարգի արդարադատության հետ :
Օրեր առաջ Բրյուսելյան հանդիպման հետ կապված նշեցի, որ Բրյուսելում ապրիլի 5-ին արեւմտյան մեր գործընկեր պետությունների ու կառույցների ներկայացուցիչները՝ գոհունակություն հայտնելով ՀՀ-ում թվացյալ արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, այսպես կոչված, ձեռքբերված հաջողությունների համար ու գովերգելով՝ կանաչ լույս վառեցին հենց այսօրվա համար, իրականացնելու պատմության մեջ նմանը չունեցող հանցագործություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Մենուա Սողոմոնյանը:
Նա նույնպես միացել էր Շենգավիթի դատարանի շենքի դիմաց ի պաշտպանություն Սամվել Վարդանյանի հավաքվածների: Հիշեցնենք, որ դատարանում այսօր քննվել է Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Վարդանյանը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ