«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի գործով պաշտպանական թիմին կմիանա նաեւ փաստաբան Արամ Վարդեւանյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Պարոն Մելիքյանը, անդրադառնալով ՔՊ-ական տարբեր պատգամավորների հայտարարություններին, որոնք պահանջում են Վարդանյանի խոշտանգման լուսանկարներ հրապարակել, այսպես արձագանքեց. «Որ ասում են՝ ուր է, լուսանկարներ հրապարակեք, անտեղյակ մարդկանց փորձում են համոզել: Մարդը գտնվում է անազատության մեջ, լուսանկարելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնուհանդերձ, մենք ունենք որոշակի անակնկալներ, որոնք կներկայացնենք դատարանում ներկայացնելուց հետո, որը նույնիսկ թերահավատների մոտ որեւէ կասկած չի թողնի»:
Լրագրողի դիտարկմանը, թե հենց պատգամավոր Հակոբ Ասլանյանն է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել, թե դեռ պետք է ապացուցել, որ Վարդանյանը խոշտանգվել է, պարոն Մելիքյանը շարունակեց. «Ոչ Հակոբ Ասլանյանի համար, այլ հանրության գիտակից զանգվածի համար մի կարեւոր բան ասեմ. խոշտանգման հետ կապված հարցերում ապացուցման պարտականությունը շրջվում է, եթե անձը ներկայացնում է դետալացված տվյալներ, պետության պարտականությունն է հակառակն ապացուցել, որովհետեւ բոլոր ապացույցները պետության տիրապետության տակ են, մենք չունենք դրանց հասանելիությունը: Օրինակ՝ տեսանյութերի արձանագրությունը, խոշտանգողների մասին մենք նույնպես տեղեկություն չենք կարող ունենալ, ով է զանգել նրանց»:
Պարոն Մելիքյանը շեշտեց, որ Վարդանյանի նկատմամբ կատարվածը ուղիղ քաղաքական հրահանգի արդյունք է, իսկ հարցին, թե դատարանից ինչ ակնկալիք ունի, կալանքի որոշում կընդունի՞, թե՞՝ոչ, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր որոշում յուրաքանչյուր դատավորի մասին է առաջին հերթին, կմտնի՞ դրա տակ գործը քննող դատավորը, չգիտեմ, համարժեքին մոտ դեպք գիտեմ, որ մտել է: Սա աննախադեպ գործ է, որը ոչ միայն ակնհայտ խոշտանգման փաստ է ներառում, այլ ուղիղ քաղաքական իշխանության կողմից բացահայտ հրահանգավորված խոշտանգման փաստ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ