Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հղիության արհեստական ընդհատումը՝ երկրորդային անպտղության պատճառ

Ապրիլ 17,2024 23:35

Հարցազրույց «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» գինեկոլոգ Լիլիթ Միսակյանի հետ

Որո՞նք են կնոջ անպտղության ֆիզիոլոգիական պատճառները։

-Գոյություն ունեն անպտղության ինչպես սահմանման, այնպես էլ պատճառների դասակարգման տարբեր ձևակերպումներ, որոնք տարբեր են, սակայն կրում են նույն տրամաբանությունը: Ըստ խոշորագույն միջազգային գինեկոլոգիական և այլ առողջապահական կազմակերպությունների սահմանման (WHO, ASRM, FIGO, ISPOG և այլն)՝ անպտղություն դիագնոզը դրվում է, երբ 12 ամիս և ավելի տևած ժամանակահատվածում ազատ ու կանոնավոր սեռական կյանքով ապրելիս կինը չի հղիանում: Իսկ պատճառները դասակարգելիս նշվում են հետևյալ խմբերը՝ խնդիրներ ձվարանների հետ, խնդիրներ արգանդի և/կամ արգանդափողերի հետ, սերմի որակի խնդիր (տղամարդկային գործոն), կնոջ ու տղամարդու համապատասխանության խնդիր, իդիոպաթիկ անպտղություն։

Բացի ֆիզիոլոգիականից՝ ուրիշ ի՞նչ գործոններ կարող են դառնալ անպտղության պատճառ (հոգեբանական, նյարդաբանական և այլ)։

-Մի շարք հետազոտություններ փաստում են, որ մարդու օրգանիզմն առաջնահերթություն է տալիս ողջ մնալուն, քան բազմանալուն՝ այն պայմաններում, երբ իրեն կամ իր հետագա սերունդներին վտանգ է սպառնում: Հայտնի լինելով որպես «կյանքի ռազմավարության կոնցեպցիա»՝ այն լայնորեն հետազոտվել է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էվոլյուցիոն հոգեբանությունը, կենսաբանությունը և այլն: Սա կարևոր է հասկանալ, քանի որ հաճախ ոչ ակնհայտ պատճառները կարող են թույլ չտալ հղիություն՝ կնոջ կյանքը պահպանելու նպատակով: Օրինակ՝ կինը կարող է ունենալ առողջ սեռական համակարգ ու ցածր երկաթի մակարդակ արյան մեջ, և այդ պատճառով չհղիանալ:

Հիմա բացատրեմ՝ ինչու: Անպտղության թեմայով հետաքրքրված շատ զույգեր լսել են «պրոլակտին» կոչվող հորմոնի մասին, որի բարձրացումը կարող է բացառել հղիությունը։ Պրոլակտինի բարձրացման կարևոր զսպող մեխանիզմ է դոֆամին նեյրոմեդիատորի ադեկվատ մակարդակը: Երկաթն իր հերթին մասնակցում է դոֆամինի առաջացմանը (թիրոզին ամինաթթվից դոֆամինի կոնվերտացիայի պրոցեսին): Ստացվում է, որ երբ երկաթը ցածր է, դա կարող է առաջացնել պրոլակտինի բարձրացում ու թույլ չտալ հղիություն: Ոչ ֆիզիոլոգիական պատճառները բազմազան են՝ և՛ հոգեբանական, և՛ հոգենյարդաբանական, և՛ գենետիկ կամ աուտոիմուն:

Կենսականորեն կարևոր յուրաքանչյուր օրգանի վնասումն ունի իր առանձնահատուկ մեխանիզմը՝ կնոջը հղիությունից «պաշտպանելու» համար։ Մի բան է այդ բոլոր պատճառներն ընդհանրացնում․ երբ կնոջ կամ ապագա պտղի կյանքին կամ առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, ապա, անկախ առողջ կանացի ֆիզիոլոգիայից, հղիանալը գրեթե անհնար է դառնում: Շատ հետաքրքիր է ներկայացնում անպտղության գենետիկ հիմունքները բժիշկ-գենետիկ Ռեբեկա Ստրաուչը, հոգեբանական անպտղության ու սթրեսի մասին միշտ հետաքրքիր է կարդալ բժիշկ-հոգեթերապևտ Գաբոր Մատեի ակնարկներն այդ թեմայով․ նա, ի դեպ, առաջին մասնագիտությամբ գինեկոլոգ է եղել: Նշեմ, որ, իհարկե, մեկ հարցազրույցի շրջանակներում խոսել բոլոր ոչ ֆիզիոլոգիական պատճառների մասին հնարավոր չէ, քանի որ ինֆորմացիան չափից շատ է:

Այսօր որո՞նք են անպտղությունը բուժելու ամենագործուն մեթոդները, և անձամբ Դուք ո՛ր մեթոդիկան եք կիրառում։

-Այսօր անպտղության բուժման մեթոդներից են դեղորայքային, վիրաբուժական,

օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, նաև՝ այլընտրանքային բժշկության մեթոդները և այլն: Բուժման մեթոդն ընտրվում է ըստ անպտղության պատճառի: Ես ամենից շատ կարևորում եմ ճշգրիտ ախտորոշումը: Երբ հստակեցվում է պատճառը, և եթե չկա վիրաբուժական միջամտության կարիք, կատարում եմ դեղորայքային բուժում:

-Որքանո՞վ է Ձեզ հաջողվել ցանկալի արդյունք ունենալ կանանց անպտղությունը բուժելիս։ Ի՞նչ հիշարժան օրինակներ կնշեք։

-Ինձ դիմած զույգերից մոտավորապես տասից ութի դեպքում ստացվում է հղիանալ: Շատ երկար է տևում այն զույգերի բուժումը, որոնք դիմում են չհաջողված բազմաթիվ արտամարմնային բեղմնավորումներից հետո: Նման զույգերից վերջին 3 տարվա ընթացքում երկուսին է հաջողվել հղիանալ ու առողջ երեխա ունենալ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ինձ համար ոչ հիշարժան դեպքեր չկան: Բոլորն են յուրահատուկ: Իսկ բժշկական առումով ամենահետաքրքիր դեպքերից էր ութ տարվա առաջնային անպտղությամբ ինձ դիմած զույգը: Կնոջ մոտ ալդոստերոն հորմոնի զգալի բարձրացում կար, և իջեցնելուց հետո հղիացավ ու առողջ երեխա ունեցավ: Նշեմ, որ բուժվեց մեկ տարի ու ծննդաբերեց 40 տարեկանում:

Արդյոք նո՞ւյնն են կնոջ և տղամարդու անպտղության առաջացման պատճառները։

-Այն բոլոր պատճառները, որոնք առաջացել են միջավայրից, կարող են լինել ընդհանուր․ օրինակ՝ եթե զույգն ապրում է օդն աղտոտող վնասակար արտանետումներով գործարանի կողքին։ Նման դեպքերում, իհարկե, երկուսի մոտ էլ կլինեն ինտոքսիկացիայի պատճառով առաջացած հորմոնային խախտումներ։ Կամ՝ եթե տանը երկար ժամանակ ընդունում են  միատեսակ սննդամթերք, օրինակ՝ նախընտրություն են տալիս մսամթերքին ու անտեսում կանաչեղենը, ապա երկուսն էլ՝ թե՛ կինը, թե՛ տղամարդը, ֆոլաթթվի պակասից կարող են ունենալ առողջական խնդիրներ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն անպտղության։ Եվս մի օրինակ․ եթե ամուսիններից մեկը լուրջ հոգեբանական ճնշվածություն է ունենում, ինչի պատճառով չի հղիանում, ապա դա զուգընկերոջ մոտ նույնպես կարող է առաջացնել նմանատիպ կամ երբեմն ավելի ծանր հոգեբանական վիճակ: Շատ պատճառներ կարող են լինել ընդհանուր՝ սկսած սեռավարակներից մինչև կլիմայական պայմաններ: Սակայն ինչքան հիվանդություն՝ այնքան անպտղության պատճառ, օրգանիզմները տարբեր են, հատկապես՝ կնոջ և տղամարդու:

Կնոջ ձեռքբերովի անպտղությունը որքանո՞վ է պայմանավորված աբորտներով։

Հղիության արհեստական ընդհատումը երկրորդային անպտղության շատ հաճախ հանդիպող պատճառ է: Նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է, թե առանց բարդությունների է անցկացվել ապագա երեխային հեռացնելու պրոցեդուրան, շուրջ 15 տոկոս կազմող դեպքերում զույգն այլևս չի հղիանում, իսկ եթե առաջին հղիությունն է ընդհատվում, տոկոսը անհամեմատ ավելի բարձր է:

Երկրորդային չբերությամբ ինձ դիմած զույգերի ճնշող մեծամասնությունը չի կարողանում երեխա ունենալ աբորտից հետո կամ ներարգանդային պարույրը որպես հակաբեղմնավորիչ օգտագործելուց հետո: Սա նշում եմ, որովհետև հայտնի է, որ այն ունի նաև աբորտիվ ազդեցություն: Հղիության ընդհատումը ցանկացած պարագայում երբեք անհետևանք չի մնում, ու ամենատխուր հետևանքներից է անպտղությունը՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական պատճառներով ի հայտ եկած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930