Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ Ադրբեջանի շահերը պաշտպանող փաստաբան Շոն Օ՛ հեյը փորձեց hակադարձել հայկական կողմի այն փաստարկներին, որ հայատյացությունը արմատավորված է Ադրբեջանի կառավարության կողմից։ Հիշեցնենք՝ պրոֆեսոր Շոն Մըրֆին հայտարարել էր, որ այս դրսևորումները զինված հակամարտության բնական արդյունքը չեն։ Սրանք կարող են շատ հեշտորեն հասկացվել որպես գործողություններ, որոնք ի զորու են խախտել կոնվենցիան։
Նա նշել էր, որ Հայաստանն ապացույցներ է տրամադրել, որ յուրաքանչյուր հայցի հետեւում կա ռասայական հիմքերի վրա կառուցված մոտիվացիա։ Նա մասնավորապես հայտարարել էր․ «Բայց ընդհանուր հայատյացությունը, որն Ադրբեջանի կառավարության կողմից արմատավորված է, այստեղ է, որ ակտուալ է։ Այսպիսի հայատյացությունը կարծես թե մի ոճիրի մաս է կազմում, որը հանգում է բռնության, ազատազրկման կամ անհետացման, որոնց վրա հիմնված են Հայաստանի փաստարկները։ Այս առումով հայատյացությունը եւս մեկ անգամ օգնում է ապացուցել, թե ինչու այն փաստերը, որոնք մենք ներկայացրել ենք, ճշմարիտ են եւ կարող են համարվել սույն կոնվենցիայի խախտում»։
Անդրադառնալով Պրոֆեսոր Շոն Մըրֆիի ներկայացրած հիմնավորումներին՝ Շոն Օ՛ հեյը ՄԱԿ-ի դատարանի առաջ Ադրբեջանի առարկությունների ներկայացման երկրորդ փուլի ժամանակ սլայդերով ներկայացրեց Իլհամ Ալիևի ամբողջական ելույթները՝ փորձելով համոզել, թե հայկական կողմը Ալիևի հայտարարությունները համատեքստից կտրված է ներկայացնում․ «Ընտրողաբար մեջբերումների օգտագործումն առանց համատեքստի չի օգնում դատարանին գնահատական տալու, թե արդյոք հայկական կողմի հայցը տեղավորվո՞ւմ է ռասսական խտրականության մեջ, թե՝ ոչ։ Նա պնդեց, թե իբր Ալիևի հայտարարությունները, եթե ամբողջության մեջ ենք դիտարկում, ապա դրանք չեն պարունակում ռասսայական թշնամանք հայերի նկատմամբ։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Իլհամ Ալիևը «բանդիտներ ու վանդալներ» է անվանել այն հայերին, որոնք ոչնչացրել են Ադրբեջանի պատմական հուշարձանները, «Ֆաշիստներ» կոչել է հայկական «ֆաշիստական ղեկավարությանը»։ Նա փորձում էր համոզել, որ Ֆիզուլին հայկական ֆաշիզմի դրևսորումն է, և Ադրբեջանի նախագահն իր ելույթում հենց դա է նկատի ունեցել։
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «մեր թշնամիներին կքշենք շների պես», Ադրբեջանի ներկայացուցիչը փորձեց համոզել, որ դա ուղղված չէ էթնիկ հայերին, այլ ընդհանրապես թշնամիներին և մասնավորապես «հայկական օկուպացիոն ուժերին և ղեկավարությանը»։ Նա նշեց, թե այդ մասին Իլհամ Ալիևը նաև պարզաբանումներ է ներկայացրել BBC-ի հետ հարցազրույցում 2020 թվականին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ