Գյումրիում տևական ժամանակ է՝ անհայտ անձինք շենքերի բակից գողանում են կայանված ավտոմեքենաների կողային հայելիները՝ զգալի վնաս հասցնելով տերերին։
Չի բացառվում, որ հատուկ խումբ է գործում, որոնք նախապես ուսումնասիրում են, թե ում է պատկանում մեքենան, որ ժամին են կանգնեցնում։
Մեքենաները թալանելու թեմայով Գյումրու ոստիկանության երկու բաժիններում էլ մշտապես կան հաղորդումներ։
Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրու Անի թաղամասի Արամ Խաչատրյան փողոցից գողացել են Գյումրի բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ Խ․Ա․-ին պատկանող «Օպել Անտառա» 35 MM 541 ա/մ-ի զույգ կողային հայելիները՝ նրան պատճառելով մոտ 270.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Կարդացեք նաև
Բաժանմունքի վարիչն իր հաղորդման մեջ նշել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, փորձել է գտնել իր ուժերով: Մեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում։
Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Այս դեպքից ուղիղ մեկ օր առաջ էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է հնչեցրել «Բարեկամության» այգու տնօրեն Հ․Ս․-ն՝ տեղեկացնելով, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող՝ «Նիսսան» 97 HS 979 ա/մ-ի կողային հայելիների ապակիները։ Նրան պատճառել են 15.000 դրամ:
Այս դեպքով կազմված փաստաթղթերը ևս ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ