Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով»

Ապրիլ 17,2024 19:15

Ապրիլի 17-ի առավոտյան  Ոսկեպար և Կիրանց գյուղեր է ժամանել Նիկոլ Փաշինյանը՝ փակ հանդիպում ունենալով գյուղերի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների:

Պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին այս ձևաչափով անդրադառնալն ինքնին մոլորեցնող է։

Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։

Հետևաբար, վերահաստատում ենք․

  1. ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն  Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին:

Հետևաբար, հարցի լուծումը միայն գյուղաբնակ հայրենակիցների դաշտ տեղափոխելը նշանակում է առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

  1. Հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը  սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակտություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը  պահպանվել է հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:

Հետևաբար, վերստին հայտարարում ենք, որ իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն:  Այլ առաջարկներն ու գաղափարները ապօրինի են։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են:

 

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930