«Հուշարձանների պահպանության խոչընդոտները միշտ էլ եղել են եւ կան: Դրանք հիմնականում առնչվում են վանդալիզմի դեպքերին, որոնք վերջին օրերին եւս արձանագրվել են Ախթամիրի տարածքում: Բոլոր դեպքերում ԿԳՄՍ նախարարությունն իրավական գործընթաց է սկսում, դիմում է իրավապահ մարմիններին»,- Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հայաստանի եւ Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Ինչ վերաբերվում է Արցախի հուշարձանների նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերին, այս մասին էլ հավելեց. «ԿԳՄՍ եւ արտաքին գործերի նախարարությունները բոլոր միջազգային գործընկերների հետ աշխատում են, բոլոր խողովակներն ու հարթակներն օգտագործում են՝ բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների վրա իրականացված փոփոխությունները, եւ միջազգային հանրության ուշադրությունը դրանց վրա ուղղելու համար: Դրա հետ կապված եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ում են մշտադիտարկման աշխատանքներ իրականացվում, եւ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի կատարվում: ԿԳՄՍ նախարարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների կարեւորության թեման»:
Ի թիվս այլնի, ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նորահայտ, հրատապ միջամտության եւ վերականգնման ենթակա հուշարձաններին, դրանց փլուզումներին, հուշարձանների պահպանության եւ վերականգնման վրա ծախսվող բյուջեի՝ 6 անգամ ավելացմանը:
Կարդացեք նաև
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ 2023թ գրանցված վանդալիզմի 30-ի դեպքերի պարագայում քրեական գործեր է հարուցվել:
Հարություն Վանյանին հարց ուղղվեց նաեւ Երեւանի դիմագծի վնասման, մասնավորապես՝ Կոնդի թեմայով: ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը նշեց, որ Կոնդը, որպես առանձին թաղամաս, երբեք չի եղել պատմամշակութային հուշարձան, սակայն Կոնդում կան որոշ շինություններ, աղյուսից ու տուֆից կառույցներ, որոնք ունեն հուշարձանի կամ նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Նրա խոսքով, ինչ վերաբերվում է իրականացվող քաղաքականությանը, ապա պետք է առանձնացնել քաղաքաշինական հատվածը՝ պատմական միջավայրի եւ հուշարձանների պահպանության հատվածից:
Անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի կողմից հայտարարված Կոնդի վերակառուցման մրցույթին, ԿԳՄՍՆ պաշտոնյան ասաց, որ դրան մասնակցել է նաեւ նախարարությունը, եւ իրենց հիմնական՝ օրենքից բխող պահանջն է եղել Կոնդում եղած հուշարձանների եւ դրանց պահպանական գոտիների ու պատմական միջավայրի պատշաճ պահպանությունը:
Նրա խոսքով, մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են կոնկրետ պատմամշակութային հուշարձանները, եւ որ դրանք պաշտպանված են օրենքով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները