«Իբրեւ ասել է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ՝ ճանապարհների վերահսկողությունը իրենց կողմից չի իրականացվելու, ադրբեջանցի սահմանապահները գետից այն կողմ են կանգնելու, առաջ չեն գալու․ խոսքը եկեղեցու մոտի գետի մասին է, Ոսկեպարի ներքեւում»,- Aravot.am-ի հետ զրույցում ոսկեպարցիների եւ Նիկոլ Փաշինյանի զրույցից դրվագներ փոխանցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Տավուշի մարզ։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «լավատեսական» սցենարով Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածը անձեռնամխելի է դառնում։
Ըստ Գառնիկ Դանիելյանի, եթե Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականություն են, ապա դրանք որոշակի դրական տարրեր պարունակում են, բայց, խորքային առումով չեն չեզոքացնում անվտանգային խնդիրները, որոնք կարող են ծագել այդ հատվածում, այսպես կոչված, փոխզիջումային լուծումների պարագայում․ «Խնդիրները որոշակի, մասնակի դրական լուծում են ստանում, բայց գլոբալ առումով անվտանգային խնդիրը կա, էլի անորոշ է՝ ադրբեջանցիների ԶՈՒ ստորաբաժանումները որտե՞ղ պետք է տեղակայվեն եւ այլն։ Բազմաթիվ հարցեր անորոշ են մնում, այդ թվում նաեւ հարցը, թե ո՞նց եղավ, որ երկու շաբաթ առաջ ասում էր՝ այս մարդիկ կգան ձեզ կմորթեն, հիմա ասում է՝ ադրբեջանցիները ձեզ ոչինչ էլ չեն անելու»։
Կարդացեք նաև
Ավելի ուշ, Գառնիկ Դանիելյանը խոստացավ առավել մանրամասն եւ համապարփակ տեղեկություններ փոխանցել Նիկոլ Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։
Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»:
Լուսանկարը՝ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից