Մեդիա կենտրոնում «Մահվան դեպքերը բանակում. չբացահայտվող քրեական գործեր» թեմայով քննարկմանը մասնակցեցին բանակում զոհված Ժորա Կարապետյանի հարազատներից Արծրուն Կարապետյանը, տուժողի իրավահաջորդների փաստաբան Մոնիկա Մարգարյանը եւ «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Ժորա Կարապետյանի մահվան մասին հայտնի է դարձել 2023 թվականի օգոստոսի 10-ին: Նախաքննական մարմնի վարկածը ինքնասպանությունն է: Հարազատները պնդում են, որ Ժորային սպանել են:
Արծրուն Կարապետյանը իր խոսքում դժգոհեց նախաքննության արդյունքներից: Նրա խոսքով, պարտադիր չի լինել մասնագետ, հասկանալու համար, որ դատաբժշկից սկսած՝ ամեն բան արվել է տեղի ունեցածը թաքցնելու եւ իրականությունը կոծկելու համար:
Կարդացեք նաև
Իրավահաջորդների փաստաբան Մոնիկա Մարգարյանը նշեց. «Արդեն ավանդույթ է դարձել, որ զորամասերում հայտնաբերում են զինծառայողի դի եւ մոտ 2-3 ժամ հետո են զորամասից իրավապահ մարմիններին տեղյակ պահում: Նույնը Ժորա Կարապետյանի գործով է եղել: Մոտ 2,5 ժամ անց նոր է ռազմական ոստիկանությունը տեղեկացվել: Ժորա Կարապետյանը մի քանի կրակոց է ստացել գլխի շրջանում՝ ճակատին, եւ անմիջապես մահացել է, իսկ նրան անհրաժեշտ առաջին բուժօգնություն տրամադրելը անտրամաբանական է եղել»,-ասաց Մոնիկա Մարգարյանը՝ նկատի ունենալով զինծառայողին հիվանդանոց տեղափոխելը: «Սա առաջին դեպքը չէ: Մենք մեկ այլ գործով եւս նման խնդրի հետ ենք բախվել»,-ասաց նա:
Փաստաբանը միջնորդությամբ այս հարցը ներկայացրել է նախաքննության մարմնին, սակայն տպավորություն ունի, որ նախաքննական մարմինը, կարծես, դա իրավաչափ է դիտում: Փաստաբանը նշեց, որ գործով տարբեր խնդիրների են բախվել: Մասնավորապես, նա պատահականություն չի համարում եւ որպես դիտավորություն է գնահատում իրավապահներին ուշ դիմելը, որովհետեւ այդ ժամանակը բավական է լինում, որպեսզի դեպքի վայրը փչացնեն եւ ապացույցները անդառնալի կորցնեն, անհետացնեն: Նա բերեց իր խոսքերը հիմնավորող օրինակներ, որոնք վկայում են նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների մասին, ինչպես նաև վկայակոչեց վկայի ցուցմունքներ, ըստ որոնց ռազմական ոստիկանությունում նրա վրա ճնշումներ են գործադրում: Բայց վկաները ցուցմունք են տվել, որ լսել են 3-4 կրակոց, ինչը չի բացառում, որ հնարավոր փոխհրաձգություն է եղել:
Մոնիկա Մարգարյանը փաստերը համադրելով եկել է եզրակացության, որ Ժորա Կարապետյանը ինքնասպան չի եղել: Հետեւաբար, պաշտպանական կողմը նախաքննության վարկածը ինքնասպանության մասին հիմնավոր չի համարում:
Ժաննա Ալեքսանյանը հավելեց, որ իրենք փորձաքննությունների լիարժեք չկատարման մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն, սակայն ոչ մի արձագանք չկա, ինչը նրա համոզմամբ՝ բնական է: «Այսինքն, քրեական գործերը կոծկվում են ըստ ավանդույթի: Ապացույցները իրոք խոսում են այն մասին, որ սա սպանություն է: Քննչական կոմիտեն միայն քաղաքական պատվերներ է կատարում: Այս քննությունները միշտ վատ վիճակում են եղել, չեն բացահայտվել: Հիմա գործերը լկտի ձեւով, բացահայտորեն են կոծկում: Աննա Վարդապետյանը, որ կառավարությունում էր աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ եւ իրավաբանի հռչակ էր ձեռք բերել. զինվորների ծնողները բողոքում էին եւ Աննա Վարդապետյանն ինքն էր զբաղվում այդ գործերով, հենց դարձավ գլխավոր դատախազ, անցավ այն հին մեթոդներին»,- ասաց նա:
Տիկին Ալեքսանյանի համոզմամբ՝ գործ ունեն բացահայտ սպանության հետ: «Այս դեպքը տեղի էր ունեցել Զոդի զորամասում, որտեղ նույն օրը սպանվել են երկու զինծառայողներ՝ Գրանիկ Խնկոյանը եւ Ժորա Կարապետյանը: Եվ նույն սպայակազմը ազատության մեջ է, անպատիժ է մնում: Դա է պատճառը, որ այս վիճակն է: Զինվորին տանում, սպանում են, հետո մտածում, որ կորոշեն ինքնասպանություն, որպեսզի գցեն ընտանիքի վրա, թե քո տղան ինքնասպան է եղել: Սա է այս իրավիճակի ամբողջ պատճառը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»